Անցած գիշեր ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Վիննիցայի մարզին, հայտնում է մարզի ռազմական վարչության պետի առաջին տեղակալ Նատալյա Զաբոլոտնայան։
«Վիննիցայի մարզում գիշեր թշնամու զանգվածային հարձակման արդյունքում հարված է հասցվել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի», - նշել է Զաբոլոտնայան։
Նրա խոսքով՝ հրետակոծությունը վնասել է բնակելի շենք և դադարեցրել գնացքների երթևեկությունը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան: Վիննիցայի մարզում հարվածներում օգտագործվել են «Շահեդ» տիպի մարտական անօդաչու թռչող սարքեր։
Դնեպրոպետրովսկի մարզում գիշերը ԱԹՍ-երի հարձակման հետևանքով վիրավորվել է 39-ամյա մի կին, վնասվել են վարչական շենք, թանգարան, խանութ, բնակելի շինություններ։ Զապորոժիեում հարձակման հետևանքով գրեթե 9000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ըստ մարզի ղեկավար Իվան Ֆեդորովի։
Երեկ երեկոյան գնացքների երթևեկությունը դադարեցվել է նաև Օդեսայի մարզում։ «Կան վնասներ։ Բարեբախտաբար, երկաթուղային աշխատողների կամ ուղևորների շրջանում զոհեր չկան. արագ գործողությունների շնորհիվ բոլոր ուղևորատար գնացքները կանգնեցվել են բախման վայրերից անվտանգ հեռավորության վրա», - ասվում է Ուկրաինայի երկաթուղիների Telegram-ում տարածված հայտարարության մեջ։
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ Ուկրաինայի վրա գիշերային հարձակմանը մասնակցել է 115 ռուսական անօդաչու թռչող սարք։ Դրանցից 97-ը, ըստ տեղեկությունների, խոցվել է։
Նույն գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Չուվաշիայի Ցիվիլսկի շրջանի Կոնար գյուղի մոտ գտնվող նավթի պոմպակայանի վրա, ըստ մարզպետ Օլեգ Նիկոլաևի։ Նա ասել է, որ կայանը «աննշան վնասներ» է կրել, գործունեությունը «կասեցվել է»։ Զոհեր չկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է 55 ուկրաինական ԱԹՍ։