Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետի զրահապատ մեքենան փորձել են տանել տուգանային հրապարակ


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան, Գյումրի, 7-ը հոկտեմբերի, 2025թ.
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան, Գյումրի, 7-ը հոկտեմբերի, 2025թ.

Գյումրիի ընդդիմադիր համայնքապետին քաղաքական ու հանրային դաշտից դուրս շպրտելու՝ վարչապետի հայտարարությունից օրեր անց ոստիկաններն էին հիշել Վարդան Ղուկասյանին, ավելի ճիշտ՝ նրան պատկանող զրահապատ մեքենան, որ պարեկները փորձում էին քաղաքապետարանի դիմացից տուգանային հրապարակ տանել:

Իր դեմ իրականացված մահափորձից հետո Գյումրիի քաղաքապետը 15 տարի է զրահապատ մեքենայով է շրջում: Ղուկասյանը պնդում է՝ հանձնարարականը տրված է, և գործի են անցել:

«Ուրեմն, ամեն խաչմերուկի վրա մի հատ մեքենա էր կանգնած, ես որ առաջին մեքենան տեսա, ասի՝ «տղերք, սրանք եկել են մեր հետևից», դրանից հետո՝ երկրորդը, ասի՝ «պատրաստվեք»: Ուրեմն, չորս մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից, ասում են՝ պատահականություն է: Միանշանակ, պատահականություն չէ, ուրեմն, կարգադրություն է, հետո ամենազավեշտը նա է, որ, ասենք, պատկերացրեք, ասում են՝ «զրահապատ մեքենան պետք է տանենք ԳԱԻ», այսինքն՝ ի՞նչն է պատճառը՝ ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից: Լավ, եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնեն, դա նշանակում է ի՞նչ՝ պատրաստվում են երկրո՞րդ անգամ կրակելու», - հայտարարեց Ղուկասյանը:

Մեքենան տուգանային հրապարակ չի տեղափոխվել, այն քաղաքապետարանի դիմաց կայանված էր: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար»: Այս պարագայում պետք է նշվի մեքենայի զրահապատ լինելու հանգամանքը, և տեխնիկական զննություն անցնի: Դրա համար տասնօրյա ժամկետ են տվել:

Վարչապետի հայտարարությունից հետո ՔՊ-ականները իրար հերթ չտալով սկսեցին խոսել Ղուկասյանին դուրս շպրտելու, ճամպրուկը կապելու, «փասափուսեն հավաքելու» մասին: Չեն բացառում, որ Ախուրյանի սցենարով կարող են ավագանու այլ անդամների իրենց կողմը տանել: Արդյո՞ք Ղուկասյանը վստահ է իր թիմակիցների վրա:

«Ես ճիշտ ասած վստահ եմ իմ թիմիս վրա, բայց Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը, որ, ուրեմն, Հուդա դարձավ, ես ի՞նչ ասեմ: Բայց, եթե նման բան լինի, մենք էլ տենց շատ խելոք չենք...ամեն ինչ գիտենք, տեսել ենք, ապրել ենք», - հարցին արձագանքեց Գյումրիի քաղաքապետը:

Ղուկասյանը պահանջում է, որ վարչապետը իրեն քաղաքական ու հանրային կյանքից դուրս շպրտելու մասին հայտարարությունը մեկնաբանի. «Հանրային դաշտից դուրս շպրտել, նշանակում է՝ կյանքից զրկել: Պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ»:

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման հոդվածներով մեղադրվող Ղուկասյանը կանխատեսում է, թե ինչ սցենարով են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները երկրորդ քաղաքում իշխանությունը վերցնելու:

«Իրենց նպատակն է ինձ կալանավորեն կամ մի բան անեն, Ավետիս Առաքելյանին էլ նույնությամբ...գործ հարուցեն...ժամանակավոր կառավարումն այստեղ անեն, որպեսզի 26 թվականի ընտրությունները կազմակերպեն: Իրենց նպատակը դա է: Սցենարը գրված է այդպես: Հիմա մենք էլ կտեսնենք՝ կանեն, թե չեն անի: Բայց մենք այնպես պետք է անենք, որ իրենց մուրազն իրենց փորը մնա», - ասաց Վարդան Ղուկասյանը:

Մոտ 10 հազար քվե ստացած Ղուկասյանը կարծում է՝ ժամանակն է, որ ընտրողներն իրեն մենակ չթողնեն. «Ինչքան սենց բաներ անեն, մենք ավելի համարձակ կդառնանք: Ձեր ձայնը հելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա», - ասում է Գյումրիի քաղաքապետը:

Ղուկասյանը չի հասկանում, թե ինչու դեմոկրատական երկրում ընդդիմադիր համայնքապետի ու նրա խոսքի հետ հաշտ չեն իշխանությունները: Իսկ ինքը չի պատրաստվում իր ընդդիմադիր դիրքերը զիջել: Ամեն դեպքում կարծում է, որ քաղաքական պայքարում Լեոպոլդ կատվի համերաշխ ապրելու սկզբունքը պետք է գործի. «Քաղաքական պայքար է, օրենքի սահմաններում աշխատեք, մի ուզեցեք սարքեք, կարել, դա չի լինի, մենք շատ հզոր մարդիկ ենք, դա մեր վրայով չի լինի»:

Որ ինչ-որ բաներ են մտմտում իշխանություններն, ասում է, ակնհայտ է, բայց և պնդում է՝ ինքը չի վախենում ու չի կոտրվում:

Իշխանականներն իրենց հայտարարություններում հաստատակամ են Ղուկասյանին հեռացնելու հարցում, բայց երբ ու ինչ սցենարով, չեն բացահայտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG