Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյան ու որդին հայտարարում են՝ չեն վախենում


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր տնային կալանքի տակ գտնվող որդու, փոխքաղաքապետ փեսայի, ազգականների ու քաղաքապետարանի տարբեր պաշտնյաների հետ հակակոռուպցիոն դատարանում էր՝ պաշտոնեական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեղադրանքով քննվող դատավարությանը մասնակցելու: Ի տարբերություն Վարդան Ղուկասյանի՝ որդին հարցերի չէր պատասխանում:

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը համոզված է, որ որդուն կալանավորեցին, քանի որ վերջինս մասնակցել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատին ու դրանից օրեր անց հիշեցին 1.5 տարի առաջ հարուցված քրեական վարույթի մասին: Սպարտակ Ղուկասյանը պնդում է՝ տնային կալանքով իրեն չեն վախեցնի ու սրբազանի դատին կմասնակցի, երբ կալանքից դուրս գա:

«Իրենք պիտի վախենան, մենք վախենալու բան չունենք», - ասաց Սպարտակ Ղուկասյանը:

Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հարկադրանքի եղանակով շորթման համար: Նախաքննական մարմինը գտել է, որ Սպարտակ Ղուկասյանը քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակցին հարկադրել է 96 հազար դրամի փողոցից քանդված սալաքարերը տեղափոխել Ղուկասյանների ընտանիքին պատկանող Ալեքսանդրապոլ ռանչո, իսկ պաշտպանական կողմի պնդմամբ՝ այն պարզապես աղբ է և ոչ թե ռանչոյի տարածք է տեղափոխվել, այլ մոտակայքում գտնվող փոսերից մեկն են փոսալցել:

Ղուկասյանը վստահ է, որ որդու միջոցով փորձում են իրեն վախեցնել, բայց ինքը, ասաց, վախեցողներից չէ. «Ես այդ տեսակը չեմ, վախեցողներից չեմ: Ինչ ուզում է անեն, ոնց ուզում է անեն, ամեն տեղն էլ տղամարդու տեղ է, գնում ենք առաջ»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե գուցե այս ամենը իշխանություններին քննադատելու հետևանք է, ինչպե՞ս կարող է գործող քաղաքապետը քննադատել կառավարությանը:

«Դեմոկրատիա է, բա ինչո՞ւ պիտի անպայման լինի, որ բոլորը պիտի ՔՊ-ական լինե՞ն», - արձագանքեց նա:

Վարչապետին էլ խորհուրդ տվեց «այլ մարդկանց ընտրել»: «Այդ թիմն իրեն խայտառակում է», - հավելեց նա՝ վստահություն հայտնելով, որ
Գյումրիում իշխող ուժը ձայն չի հավաքելու:

XS
SM
MD
LG