Մատչելիության հղումներ

«37 թիվը», Ռամզան Կադիրովն ու Փաշինյանի սրտիկները


«Փաշինյանը սրտիկների քողի տակ ընդդիմախոսներին է հետապնդում». ընդդիմության պնդմամբ՝ Հայաստանում 37 թվի մթնոլորտ է

«Քաղաքական հետապնդումներ», «գաղտնալսումներ», «երկակի ստանդարտներ»: Խորհրդարանական ընդդիմությունն այսօր կոնկրետ օրինակներով էր փորձում ցույց տալ, որ Հայաստանում բռնաճնշումներ են:

«Ժողովուրդ ջան, այո, երկրում 37 թվի մթնոլորտ է», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը և նշեց, - «Ոզո՞ւմ եք մեկ օրինակով ցույց տամ, որ եկեղեցու դեմ կատարվողը բացառապես քաղաքական արշավ է անձամբ Վեհափառի նկատմամբ»:

«Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը գաղտնալսված 2 տարբեր ձայնագրություններ համեմատեց: Իշխանական մամուլն օրերս հրապարակեց մի հեռախոսազրույց, որում ենթադրաբար Նաթան սրբազանը խոսում է մի քահանայի հետ, ով բողոքում է, թե իրեն Վեհափառը ստիպում է մասնակցել ընդդիմության ցույցերին:

Քննչական կոմիտեն անմիջապես քրեական վարույթ հարուցեց ոչ թե ապօրինի ձայնագրության փաստով, այլ հանրահավաքներին հարկադրաբար մասնակից դարձնելու հոդվածով:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց մեկ այլ գաղտնալսված ձայնագրություն, որում Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցը, բայց այս դեպքում արդեն քրեական գործ հարուցվեց ապօրինի ձայնագրության փաստով:

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե կոնկրետ ե՞րբ և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը սկսեց արշավը կաթողիկոսի դեմ: Ընդդիմադիր պատգամավորը հարց տվեց՝ այն բոլոր բամբասանքները, որոնք Փաշինյանն այսօր վերագրում է կաթողիկոսին, դրանց մասին նա տեղյակ չէ՞ր 2018 -ից սկսած, երբ սելֆիներ էր անում Վեհափառի հետ, և ինչո՞ւ 2024-ից հետո սկսեց հիշել այդ ամենի մասին:

«Էդ ամեն ինչը տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Բեռնում խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին, վերադարձի իրավունքների մասին, գերիների մասին: Մինչև 2024 թվականն այս մարդիկ ձայն ու ծպտուն չեն հանել, սկսել են խոսել բացառապես այն ժամանակ, երբ ադրբեջանական պատվեր է իջեցվել հայկական ամենակարևոր, ինքնությունը պահպանող ինստիտուտներից մեկը վերացնել: Սա է մոտիվը», - ասաց Գրիգորյանը:

Աննա Գրիգորյանը նկատեց, որ Վեհափառի դեմ պայքարում իշխանությունը սատարում է կարգալույծ մի քահանայի, ում իդեալը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն է: Խոսքը կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի մասին է, ով երեկ վերահաստատել էր դիրքորոշումը, որ Հայաստանին Կադիրովի նման ղեկավար է պետք. «Ճիշտն ասած՝ հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում և սխալ չեմ համարում: Իսկ դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապե՞տ է, այդ նույն բանը Չեչնիայում կարո՞ղ եք հայտարարել, Չեչնիայի ժողովուրդն իրեն շատ սիրում է»:

«Ինչ-որ վատ բան կա՞ Կադիրովի հետ կապված»

«Եթե ձեր բառապաշարով խոսեի՝ մի փայլուն ռուսաստրուկ: Բա գնացեք, այո, կիրակի օրը կարգալույծ եղածի պատարագին մասնակցեք, Կադիրովի անունով կերդվեք», - հայտարարեց Աննա Գրիգորյանը:

Բռնապետ Ռամզան Կադիրովին շտապեց պաշտպանել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը. «Դուք Ձեզ թույլ եք տալիս վատ երանգով խոսել երկրի ղեկավարի մասին: Ինչի՞ եք խոսում երկրի ղեկավարի մասին վատ երանգով, ինչ-որ վատ բան կա՞ Կադիրովի հետ կապված, ինչ-որ կարծիք ունե՞ք, դուրս եկեք ասեք, Դուք քաղաքական մարմին եք ներկայացնում»:

Անթույլատրելի համարելով Ազգային ժողովում Չեչնիայի ղեկավարի հասցեին վատ երանգով խոսելը, Ալեն Սիմոնյանը ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքներին նաև հիշեցրեց նախկինների մասին, մասնավորապես, թե ինչպես էին միջազգային կառույցները «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խոսում քաղբանտարկյալների առկայության մասին, ինչպես էին ընտրությունները կեղծվում, իսկ Երևանի կենտրոնում մարդիկ գնդակահարվում։

«Այսինքն՝ չի կարելի այնպիսի բաներից խոսել, որ ասենք դու դրա մեջ ես», - ասաց Սիմոնյանը։

«Այն մարդիկ, ովքեր համարձակվում են ընդդիմադիր հայացքներ ունենալ, այո, իրենց հետևից պետք է մի ամբողջ գումարտակ ուղարկել, մասկի շոուներ անել, պոլին պառկացնել, ասֆալտին փռել։ Սրանք են այն երկակի ստանդարտները, որի շրջանակներում մենք ապրում ենք», - նշեց Աննա Գրիգորյանը:

ԱԺ նախագահն ընդդիմադիր պատգամավորին հակադարձեց՝ «բա Դուք ինչի՞ պոլին պառկած չեք, ուզում եմ հասկանամ։ Ժամանակի՞ հարց է»։

Ընդդիմադիրների խոսքով՝ Ֆեյսբուքում ժողովրդին սրտիկներ ուղարկելով Փաշինյանն իրավիճակը չի կարող փոխել

Ընդդիմադիրների խոսքով՝ ամեն առավոտ ֆեյսբուքյան էջում ժողովրդին սրտիկներ ուղարկելով Փաշինյանն իրավիճակը չի կարող փոխել։ Նրա իշխանության ոչ ժողովրդավար լինելու փաստն ըստ ընդդիմադիր պատգամավորների ի ցույց է դրվում վարչապետի SMS-ով բարձրագույն դատական խորհրդի նախագահին աշխատանքից հանելով և երկրում այլակարծությունը ճնշելով։

«Հիմա Նիկոլ Փաշինյանն առավոտը վեր է կենում, մի քիչ էլ, իմ կարծիքով, անտաղանդ ձևով սրտիկ է ցույց տալիս ամբողջ ժողովրդին ու ասում՝ «սիրում եմ ձեզ»։ Կեսօրին հրաման է տալիս ընդդիմախոսներին նորից ասֆալտին փռել», - ասաց Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում օրը սկսում է ֆեյսբուքյան էջում ամենատարբեր երգերի ուղեկցությամբ, լուռ սրտիկներ ցույց տալով։ Բոլոր սրտիկները, սակայն, ունեն նույն տեքստը՝ «սիրում եմ բոլորիդ»։

Ի դեպ, չնայած Հայաստանյան ընդդիմությունը Փաշինյանի սրտիկային նոր թրենդը անտաղանդ է որակում, սակայն հատկապես ռուսական սոցիալական հարթակում այն մեծ արձագանք է ստացել։





XS
SM
MD
LG