Իշխանամերձ լրատվամիջոցների հրապարակած ձայնագրության հետքերով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։ Այս ձայնագրությունում հիշատակվում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը հակաիշխանական ցույցերին մասնակցությունը պարտադրելու կոնտեքստում: Քննչականը մեղադրյալի կամ մեղադրյալների մասին դեռ տեղեկություն չի հաղորդել:
Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ ենթադրաբար Աղան աբեղա Երնջակյանը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե իրեն Կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե այն երբ է արվել, ում կողմից և ինչպես է հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում: Եթե պարզվի, որ ձայնագրությունն իրական է, ապա ստացվում է՝ բարձրաստիճան հոգևորականին գաղտնալսել են, և հայտնի չէ՝ դատարանի թույլտվությա՞մբ, թե՞ ոչ:
Մայր Աթոռը հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը հանցագործություն է որակել
Իշխանական լրատվամիջոցներում տարածված ձայնագրությանը ժամեր անց արձագանքեց Մայր Աթոռը՝ նշելով, որ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների շրջանակում իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական, ապօրինի հրահանգների իրագործմանը։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան», - ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ համացանցում տարածված ձայնագրությունը արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա:
Խոսքը Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական վարույթի մասին է: Կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար՝ ծառայողական լիազորությունները օգտագործելով: Մեկ այլ կալանավորված հոգևորական՝ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը, այս գործի շրջանակում մեղադրվում է թեմակալ առաջնորդին օժանդակելու մեջ:
Այդուհանդերձ, Տեր Արամի «հարցաքննություն եղել է»
«2021-ից բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ՝ վերադասի», - Արագածոտնի թեմի քահանաներից Տեր Արամն անցած ամիս Հանրայինին տված հարցարույցում հիշել էր չորս տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, պնդելով , թե 2021-ին վերադասը ստիպել է իրեն մասնակցել ընդդիմության հանրահավաքներին: Այս հայտարարությունից հետո, հենց հաջորդ օրը «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Մեկ ամիս անց արդեն հայտնի դարձավ որ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակում բերման ենթարկվեցին Արագածոտնի թեմի մեկ տասնյակից ավելի քահանաներ ու թեմի առաջանորդ Մկրտիչ սրբազանը, ով, ի դեպ, Ամենայն Հայոց կաթողիկոսի քրոջ որդին է:
«Ցուցակներ են կազմվել՝ ամեն անգամ երեք հոգի գնալու, ու էդպես երեք-երեք գնացել են», - օրերս լրագրողներին ասում էր Արամ քահանա Ասատրյանը:
Հարցին՝ ընդվզե՞լ են, ասե՞լ են, որ համաձայն չեն, Տեր Արամն արձագանքեց. - «Մենք, քահանաների մեծ մասը միշտ էլ նեղվել է էդ թեմայից, բայց չէինք բարձրաձայնում, որովհետև հետևանքների մասին գիտեինք»:
Ի դեպ, այս քրեական վարույթի շրջանակում ցուցմունքներ են տվել հոգևորականներ, որոնց մեջ է նաև Արագածոտնի թեմի քահանան Տեր Արամը: Ընդ որում, եթե հոկտեմբերի 15-ին «Ազատության» հետ զրույցում Տեր Արամը պնդում էր, որ Քննչական կամ Դատախազություն չի գնացել, իրավապահների թեմայի մեջ չկա, ապա արդեն հաջորդ օրը TV5-ի հետ զրույցում խոստովանեց՝ հարցաքննվել է:
«Ես Քննչական չեմ հրավիրել, որևէ մեկը ինձ չի զանգել, Դատախազություն չեմ գնացել, չկամ ես իրավապահների թեմայի մեջ», - «Ազատությանն» ասել էր Արամ քահանան:
«Հստակ հարցեր են տվել, որին որ ես պետք է «հա» կամ «չէ» ասեի, ես էլ չեմ խաբել, որովհետև հոգևորականին հարիր չի ստելն ու խաբելը: Հարցաքննություն եղել է», - ասում էր Տեր Արամը TV5-ին:
Բարձրաստիճան հոգևորականներին առնչվող քրեական գործերն ակտիվացան Ամենայն Հայոց կաթողիկոսին Վեհարանից հանելու՝ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած արշավից հետո: Այս պահին արդեն կալանավորված է երեք սրբազան:
«Առանձին դետալներ՝ միգուցե, բայց ընդհանուր առմամբ ասել, որ այս գործը քաղաքական մոտիվացված է՝ չէ»
Արդյո՞ք Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական գործում կան քաղաքական շարժառիթներ: «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ում հաղորդման վրա էլ գործը հարուցվել է, ասում է, որ որոշ դրվագների մասով միգուցե կարելի է նման պնդում անել. խոսքն այս դեպքում բերման ենթարկված քահանաների և Մկրտիչ սրբազանի քրեադատավարական իրավունքների խախտումներին է վերաբերում:
Բերման ենթարկվելուց հետո սրբազանի, ինչպես նաև Արագածոտնի թեմի չորս հոգևորականների գտնվելու վայրը Քննչական կոմիտեն գրեթե ողջ օրվա ընթացքում գաղտնի պահեց: Փաստաբանները նրանց պահման վայրի մասին տեղեկացան Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ: Կոմիտեն նաև ժամեր շարունակ արգելեց փաստաբաններին տեսակցել իրենց պաշտպանյալներին:
«Այս գործի հետ կապված ինչ-որ առանձին դետալներ՝ միգուցե, բայց ընդհանուր առմամբ ասել, որ այս գործը քաղաքական մոտիվացված է՝ չէ, որովհետև, կներեք, հանցագործության մասին հաղորդումը կա, և նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին, ինձ թվում է, տենց հստակ ու աներկբա չի հերքում, որ էդ արարքը տեղի է ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:
Հարցին էլ՝ իսկ ո՞ր դետալներում է տեսնում այդ քաղաքական մոտիվացվածությունը, նա արձագանքեց. - «Առանձին դետալները, օրինակ, չգիտեմ, եթե ընդդիմության ներկայացուցիչ չլիներ, իշխանության ներկայացուցիչ լիներ, օրինակ, փաստաբանի՝ իրա իրավունքը կսահմանափակվե՞ր, թե՞ չէ: Կարծում եմ, որ չէ»:
Դանիել Իոաննիսյանն, ով վերջին օրերին հայտնվել է սուր քննադատության տակ՝ նրան մեղադրում են իշխանությունների հրահանգով «գործ տալու» մեջ, հակադարձում է՝ ընտրական խախտումների մասին իրենք մշտապես են հաղորդումներ ներկայացրել, այդ թվում՝ իշխանությունների դեմ. - «Ես շատ թեթև եմ դրան վերաբերվում: 23 թվականի սեպտեմբերին, երբ որ մենք բացահայտել էինք, ընդ որում՝ գաղտնի մարդկանց ուղարկելով, բան անելով, բացահայտել էինք ՔՊ-ի և Տիգրան Ավինյանի կատարած մի շարք ընտրախախտումներ, այն ժամանակ էլ մեզ ասում էին, որ «ընդդիմության մարդն եք, ընդդիմության համար եք աշխատում, ընդդիմության կամակատարն ենք»:
Ինչո՞ւ այդ դեպքում կրկին օպերատիվ կերպով հանցագործության մասին հաղորդումներ չներկայացրեց իրավապահներին, երբ խախտվում էին մեկ տասնյակից ավելի հոգևորականների իրավունքները: Դանիել Իոաննիսյանն ասում է, թե նմանատիպ հարցերով չեն զբաղվում, իրենց ուշադրության կենտրոնում ընտրական խախտումներն են:
Մինչդեռ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Իոաննիսյանին հարց էր տվել, թե երբ նա հաղորդում է ներկայացնում հոգևորականների դեմ, չի՞ հետևում այդ հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին:
«Դա մեր տիրույթում չի: Ես ճիշտ ե՞մ հասկանում, որ Ժաննա Ալեքսանյանը ինձ մեղադրում է, որ ես հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացնում մի բանի համար, որի համար ինքն էլ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում: Էդ ի՞նչ է՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մենաշնորհն է՞ իմը», - հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը: