Զինվորական ծառայության ժամկետը կես տարով կրճատելու՝ կառավարության որոշումը դարձել է իշխանություն-ընդդիմություն հերթական բանավեճի առիթ։ Իշխող ուժից պնդում են, թե փոփոխության նպատակը պրոֆեսիոնալ ծառայողների թիվը մեծացնելն ու բանակն ավելի գրավիչ դարձնելն է։
Հանրայինի եթերում երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե ծառայության ժամկետի կրճատումը դրական ազդեցություն է ունենալու բանակի վրա. հերքել, թե այս քայլը իշխանության նախընտրական քարոզչության մաս է։
«Բանակը 1,5 տարի դարձնելու որոշումը այսօր չի ընդունվել, դա մեր նախընտրական ծրագրում է առկա, այնուհետև մենք մեկ այլ կարևոր փաստաթուղթ ենք ունեցել, Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես արձանագրված է այս ամենը, իհարկե, դա պետք է տեղի ունենար մեր 5-ամյա ցիկլի ընթացքում: Հիմա մենք մոտեցել ենք դրա փակման ավարտին, բնականաբար, պիտի կատարենք մեր կառավարության ծրագիրը և խոստումը: Դա վերածել այսօր նախընտրական քարոզարշավի.... մենք նման մտադրություն, բնականաբար, չունենք», - ասել է Պապիկյանը:
Ընդդիմությունից, մինչդեռ, հակառակն են պնդում, հայտարարում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ նման որոշում ընդունելը քաղաքացիներից քվե հայցելու նպատակ ունի։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շեշտում է՝ դա է փաստում նաև այն, որ իշխանությունը հապշտապ որոշեց փոփոխությունն ուժի մեջ մտցնել ոչ թե ամառային զորակոչից, այսինքն՝ ընտրություններից հետո, ինչպես ի սկզբանե ծրագրել էր, այլ հենց ընտրություններից ամիսներ առաջ՝ ձմռան զորակոչին։
«Քանի որ ամառային զորակոչն արդեն հունիսի վերջն է, իսկ խորհրդարանական ընտրություններն արդեն ավելի շուտ են նախանշված, ռեալ չէր լինի, դրա համար իրենք նախընտրեցին հունվարից, որպեսզի մինչև խորհրդարանական ընտրությունները արդեն առնվազն մի զորակոչված սերնդի հարազատներ, ընտանիքներ տեսնեն իրենց աչքով, որ իրենց զավակը ծառայելու է 1,5 տարի, բայց նաև ամենաահավորը՝ երկրի անվտանգության համար պատասխանատու իշխանությունը չի գնա նման արկածախնդրության, եթե պատկերացնի, որ վաղն էլ է ինքը լինելու այդ ամենի պատասխանատուն», - ասաց Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, թե իշխանությանն առանց լուրջ ուսումնասիրության է նման փոփոխության գնում։ Մանուկյանն այս եզրահանգմանն է եկել նախարարի հանրային ելույթներից. «Պետք է արձանագրել, որ Զինված ուժերը իր կառուցվածքով ու ռեսուրսներով Հայաստանի Հանրապետության ամենամեծաթիվ ոլորտներից մեկն է, ու այստեղ ցանկացած արմատական փոփոխություն ենթադրում է լայնածավալ ուսումնասիրություններ՝ եղած իրավիճակի արտաճանաչում, ապագայի ակնկալիքներ, որն ամբողջական վերլուծության, ուսումնասիրության վրա է: Այդ առումով որևէ կերպ վստահելի չէ Պաշտպանության նախարարության դիրքորոշումը, կցկտուր ձևակերպումներով, որի օրինակներից մեկը երեկ Հանրայինում պաշտպանության նախարարի հարցազրույցն էր»:
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ ծառայության ժամկետը կես տարով կրճատելու հետևանքով զինծառայողների թվաքանակն է նվազելու, փոխարենը վարժական հավաքներն են ինտենսիվանալու, իսկ ժամկետայինները մարտական հերթապահության ավելի հաճախ են լինելու։
«Առաջիկայում՝ երեք զորակոչ հետո ունենալու ենք էական նվազում, և առաջիկայում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների թիվը շատ ավելի մեծանալու է: Նաև դառը իրողություն՝ հունվարին, եթե օրենքը մտնի ուժի մեջ, 1,5 տարով բանակ ճանապարհող զավակների, երիտասարդների ծնողները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց զավակները մարտական հերթապահությունում մնալու են շատ ավելի շատ, քան հիմա են մնում, որովհետև պետք է այդ բացը լրացվի», - ասաց Գեղամ Մանուկյանը:
Պաշտպանության նախարարը Հանրայինի եթերում երեկ փաստացի հերքում էր, թե բանակի թվակազմը կկրճատվի: Պապիկյանը հիմնավորում է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով միայն երկու տարվա ընթացքում ժամկետային ավելի քան 4000 զինծառայողներ դարձել են պայմանագրային։
«Նախաձեռնություն ունենք, որի արդյունքում նրանք կարող են պայմանագիրը դարձնել 7 և 10 տարով: Այսինքն՝ այս տղաների մի մասը իր պայմանագիրը փոխարինելու է 7 և 10 տարվա պայմանագրերով, սա դառնալու է մեր պրոֆեսիոնալ բանակի էական մասերից մեկը», - ընդգծել է Պապիկյանը:
Նախարարի այս հայտարարությունից մի քանի շաբաթ առաջ, սակայն, հենց նրա տեղակալն էր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել՝ բանակը համալրման խնդիր ունի ու նաև այդ պատճառով են ստիպված վարժական հավաքի մասնակիցներին ներգրավել մարտական հերթապահության:
Ինքը՝ Պապիկյանը վարժական հավաքների անցկացումը հիմնավորում է պահեստազորայինների վերապատրաստման անհրաժեշտությամբ. «Որովհետև մենք ունենք դառը փորձ՝ նույն 44-օրյա պատերազմից, երբ մարդիկ տարիներով վարժական հավաքներ չէին անցել, չէին տիրապետում պահեստազորի իրենց տարրական խնդիրներին: Այսինքն , երբ ժամանակը եկավ, որ նրանք պետք է որպես պահեստազոր զորակոչվեին բանակ ու խնդիր կատարեին, նրանք չգիտեին՝ իրենց առջև դրված խնդիրները, վայրը, իրենց հրամանատարներին և այլն»:
Ռազմական կառույցի ղեկավարի այս հիմնավորումները, սակայն, չեն համոզել ընդդիմադիրներին։ Չնայած իշխանությունը հայտարարում է, որ ծառայության ժամկետի կրճատման օրինագիծն ուժի մեջ է մտնելու ձմեռային զորակոչից, օրինագիծը, սակայն, դեռ Ազգային ժողով չի հասել։