Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել այս անգամ Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:
Խոսքը այն հայտնի հարցազրույցի մասին էր, երբ Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հարցին ի պատասխան կարծիք էր հայտնել. «Իմ ցանկությունը, որ միություն կազմենք, ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, ամբողջ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, բա Հայաստանը իրանից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց անկախ Հայաստան պետականությունը պաշտպանելով»։
Այս հարցազրույցից հետո ՔՊ-ականները սկսեցին կոշտ քննադատել Ղուկասյանին, ընդհուպ վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից դա դիտարկեց որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ քայլ։
Վարչապետի այս հայտարարությունը Ղուկասյանը համարել էր որպես իր կյանքի սպառնալիք ու քաղաքական հետապնդում:
Այս նույն հոդվածով վերջերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
«Սա հիմնարար իրավունքների խախտում է». փաստաբան
Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը իրավապահներին հարց է տալիս, իսկ ինչո՞ւ Ղուկասյանին հանրային ու քաղաքական դաշտից դուրս շպրտելու մասին հայտարարության համար վարույթ չեն հարուցել։
«2025 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի անդամներից հնչել է կոչ՝ ուղղված բռնությամբ սահմանադրական կարգը տապալելուն։ Դա եղել է ուղղակի Գյումրիի քաղաքապետի նկատմամբ, ընտրված քաղաքապետի։ Եվ բռնության կոչ է եղել, և նաև սահմանադրական կարգը տապալելու։ Ապա այս դեպքում ինչո՞ւ չի նախաձեռնվել քրեական վարույթ։ Այս խտրականությունը, եթե այս մի դեպքում մարդու խոսքը, կարծիքը գնահատվել է որպես ինքնիշխանությունից, ի դեպ, միայն ինքնիշխանությունից հրաժարում է գնահատվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինքնիշխանության հրաժարումը ո՞րն է», - նշեց Փոստանջյանը։
Այս նոր մեղադրանքը միջին ծանրության է և մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսում։ Ժամեր առաջ է Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում է Ղուկասյանը, նոր մեղադրանքը առաջադրվել։ Ինչպիսի՞ն էր իր վստահորդի դիրքորոշումը. «Այսինքն կարկատում են էլի ինչ-որ մի բան, որը չի կարող լինել։ Սա հիմնարար իրավունքների խախտում է։ Կարծիք արտահայտել, որի համար հետապնդվել, որը չի ունեցել ոչ մի բռնության բաղադրատար և ուղղակի կարծիք է եղել»։
Փոստանջյանը պնդում է, նոր քրեական վարույթը դարակում պահած էր. «Հասկացան, որ էն մեկը հնարավոր չէ, որովհետև էն մեկը դուք տեսաք ինչ է, դատարանը չի հետազոտել գեթ մեկ ապացույց, որը կարող էր հիմնավորել հիմնավոր կասկածը։ Մենք ոչ մի ձայնագրություն չենք լսել դատական նիստի ժամանակ։ Ոչ մի ցուցմունք չկա պարոն Ղուկասյանի դեմ, որ ինքը ինչ-որ մեկից մի բան է պահանջել։ Ոչ մեկը չի ասել նման բան։ Ոչ մի ապացուցողական հենք չկա այն մյուսով։ Անցավ շուրջ մեկ շաբաթ, որոշեցին... իրենք հասկացել են, որ այստեղ էլ չկա ապացուցողական հենք, որովհետև այս հայտարարությունը արվել է մեկ ամիս առաջ, բայց որոշեցին, որ նա շատ երևի խայտառակ թույլ է, ոչ թե թույլ է, այլ խայտառակ անհիմն է, որոշեցին երևի սա բերեն, որպեսզի ինչ-որ մի բան կարողանան հիմնավորեն, կամ վախի մթնոլորտը շարունակեն պահել, կամ խեղաթյուրել փաստերը»։
Փաստաբանն ասաց՝ պատրաստվում են բողոքարկել Ղուկասյանի երկամսյա կալանքի որոշումը: