Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու «Կոմկուս» խմբակցությունը դիմել է 25 երկրների դեսպաններին՝ բողոքելով Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումից


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Գյումրիի ընդդիմադիր համայնքապետին առաջադրած՝ ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը երեկ երեկոյան դիմել է Հայաստանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններին՝ պնդելով, որ իշխանությունները վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական հաշվեհարդար և հետապնդում են իրականացնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ:

«Քաղաքական հալածանքն առավել թեժացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից։ ՀՀ վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ «Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային և քաղաքական դաշտից», ինչը նշանակում է՝ կյանքի, ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք», - գրել է խմբակցությունը:

Երեկ, այն բանից հետո, երբ պարեկները փորձել էին տուգանային հրապարակ տանել իր զրահապատ մեքենան, այս նույնը Վարդան Ղուկասյանն էր պնդում:

«Եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով քաղաքային և հանրային դաշտից, գիտե՞ք, ուրեմն, գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում: Քաղաքականությունը հասկացանք՝ իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է, այսինքն, ո՞ւր տանել էդ մարդուն, Լուսի՞ն, թե՞ կյանքից զրկել: Այսինքն՝ ինքը հայտարարություն է անում թիվ մեկ ամբիոնից, և էսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը, մենք հասկանում ենք, իրավական կոնսուլտացիա ենք արել, որ հիմա ես հայտարարություն եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր իրավական ոլորտին, որ հանրային դաշտից դուրս շպրտել՝ նշանակում է կյանքից զրկել, կյանքից զրկել: Պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ ի նկատի ուներ», - ասում էր Գյումրիի քաղաքապետը:

Վարչապետը խորհրդարանի ամբիոնից Ղուկասյանի մասին խոսելիս նշել էր նաև, թե ինչ ճանապարհով է տեսնում նրան դուրս շպրտելը. - «Ես կարծում եմ, որ նման՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք ա ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից: Ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով և բոլոր էն մեթոդներով, որոնք կարելի է, կարելի է, կիրառելի է ժողովրդավարական երկրում: Եվ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»:

Բայց Ղուկասյանն ու իրեն առաջադրած Կոմկուսը վստահ են, որ ընդդիմադիր համայնքապետի կյանքին վտանգ է սպառնում. - «Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է՝ ժողովրդավարության անվան տակ։ Փարաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է և ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետներին»:

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, արձագանքելով դեսպաններին դիմելու քայլին, սա «դրսից մարդ բերել» է որակել:

«Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել այն անհերքելի պարզ ճշմարտության հետ, որ Հայաստանի Հանրապետությունը օրենքի երկիր է, ինքնիշխան և, որ «դրսից մեր երկրի վրա մարդ բերելու» իր իմացած ձևերը վաղուց տեղ չունեն մեր երկրում», - հայտարարում է ՔՊ խմբակցությունը:

Իսկ պնդմանը, թե Փարաքարի սպանված ընդդիմադիր համայնքապետի ճակատագիրը նաև մյուս ընդդիմադիր քաղաքապետներին, այդ թվում՝ Ղուկասյանին է սպառնում, ՔՊ-ից արձագանքում են. - «Փարաքարի համայնքապետի սպանությունը շահարկելը, երկու ընտանիքների դժբախտությունը քաղաքական նպատակներով օգտագործելն ու սպանությունը գործող իշխանության հետ կապելն առնվազն անբարոյականություն է»։

ՔՊ խմբակցությունը հիշեցնում է, որ Ղուկասյանի ու որդու նկատմամբ քրեական վարույթները հարուցվել էին մինչ Ղուկասյանի քաղաքական հայտ ներկայացնելը, ու որպես քաղհալածյալ ներկայացող Ղուկասյանին խորհուրդ է տալիս ազնիվ լինել:

ՔՊ-ից նաև Ղուկասյանին սատարած ավագանու մյուս երկու՝ «Իմ հզոր համայնք» ու «Մայր Հայաստան» խմբակցություններին են պատասխանում: Նշում են, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երբեք, որևէ ընտրություններում քաղաքացու ձայն չի գողացել, որ «Իմ հզոր համայնք»-ի նման նվիրի ուրիշներին»: Իսկ «Մայր Հայաստան» խմբակցությանը առաջարկում են հանգիստ սպասել իրենց համակիրների նկատմամբ ընտրակաշառք բաժանելու գործի քննության ավարտին:

«Վարդան Ղուկասյանն ընտրված համայնքապետ չէ, այլ ձեր ու այլոց ավագանիների ընտրության հետևանքով է զբաղեցնում պաշտոնը: Սա Գյումրու և գյումրեցու նկատմամբ ունեցած ձեր արհամարհական ուղիղ վերաբերմունքն է», - պնդում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը երկրորդ անգամ է հայտարարություն տարածում, երկուսն էլ՝ Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: ՔՊ-ից նկատում են՝ Գյումրիի համայնքապետարանի պաշտոնական էջը Վարդան Ղուկասյանի անձնական կամ Հայաստանի կոմունիստական կուսակցության սեփական ֆեյսբուքյան էջը չէ։

Իսկ Վարդան Ղուկասյանը երեկ չէր բացառում, որ եթե ճնշումները շարունակվեն, նաև քաղաքական ապաստան խնդրի:

«Այսինքն դուք ի՞նչ, ուզում եք, որ մենք քաղաքական ապաստան էլնինք, խայտառակ լինե՞ք, էլնինք ասենք, թե մեզ քաղաքական ապաստան ենք ուզո՞ւմ, միակ ընդդիմադիր քաղաքապետերից մեկը էլնի հայտարարություն անի, որ մենք կարող է և քաղաքական ապաստան ուզենք մնացած երկրների՞ց: ... Սրա վերջը չեմ հասկանում, էլի, ասենք: Կոնկրետ ասեք՝ կա՛մ դուք գնում եք իրոք ձեր Սահմանադրությամբ ամրագրված, որ մարդու ազատություն, խոսքի ազատություն, դրա հետևից, կամ, ասենք, ասելու եք, որ «մենք Պինոչետն ենք, մենք ոչ մեկի չենք տալիս պետական կառույցները, դա մենք պիտի լինենք», - հայտարարում էր Գյումրիի քաղաքապետը:

Ղուկասյանի ու իշխանության հակասությունները վերջերս առավել սրվեցին, երբ Գյումրիի քաղաքապետը կարծիք հայտնեց, թե Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ միության կազմում: Իշխանականները հաստատակամ են քրեական գործով մեղադրյալ Ղուկասյանին հեռացնելու իրենց հայտարարություններում, բայց չեն բացահայտում, թե ինչպես են դա անելու: Ինքը՝ Ղուկասյանը, որ հիմա քրգործով բացակայելու արգելք ունի, կարծում է, որ իրեն ի վերջո կկալանավորեն:

XS
SM
MD
LG