Մատչելիության հղումներ

Քայլերթեր, թռուցիկներ, պաստառներ. Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին ուղիղ 19 օր է մնացել


Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին ուղիղ 19 օր է մնացել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առերևույթ խախտումների ահազանգերով մեկնարկած քարոզարշավն ակտիվ փուլում է։ Հանդիպումներ, քայլերթեր, թռուցիկներ, պաստառներ։

Մասնակցող ութ ուժերի առաջին համարները բնակիչներին համոզում են՝ խնդիրների լուծման ճանապարհները հենց իրենք գիտեն։

ՀՅԴ և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունների կազմած «Հաղթանակ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանն այսօր բոլորովին վերջերս Վաղարշապատին միացած Դողս գյուղում էր շրջում։ Թեկնածուին բնակավայրում ոչ բոլորն էին ճանաչում։ Նրան մոտեցած երկու կանայք նախ ցանկանում էին պարզել՝ որևէ քաղաքական ո՞ւժ է ներկայացնում։

Պարզաբանում ստանալուց հետո կինը ներկայացրեց իր հիմնական գանգատը՝ գյուղում մանկապարտեզ չունեն, երեխաներին ստիպված Էջմիածին են հասցնում ու մի կլորիկ գումար վճարում. «Գյուղից քաղաք 20 հազար են ուզում»։

Համայնքապետի թեկնածուի արձագանքը կանխատեսելի էր՝ ընտրվելու դեպքում գյուղում մանկապարտեզի կառուցումն առաջնային է լինելու:

Էջմիածնի ու խոշորացված համայնքի մյուս բնակավայրերի, ո՞ր խնդիրը առաջին հերթին կլուծի ընտրվելու դեպքում, հարցրինք Սևակ Խաչատրյանին։

«Առաջին հերթին հենց մենք կփորձենք լուծել բազմաբնակարան շենքերի տանիքների, բակային հատվածների, կոյուղատարերի խնդիրները։ Մեծ խնդիր կա նաև թափառող շների հետ կապված, դա նույնպես մեզ համար առաջնային է», - պատասխանեց Խաչատրյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն այսօր դարձյալ Էջմիածնի քաղաքում էր շրջում։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի քարոզարշավը սկանդալներով սկսվեց։ Նա ընդամենը մեկ օր առաջ հենց նույն Դողս գյուղում բարեգործության անվան տակ իրականացված մի միջոցառման էր մասնակցում, որի ընթացքում, ըստ լրատվամիջոցների ու իրավապաշտպանների, երեխաներին նվերներ են հանձնել։ Մեկ երեխայի 10 հազար դոլարին համարժեք գումար են տվել։

«Ականատես» դիտորդական առաքելությունը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, պնդելով, թե նման միջոցառմանը մասնակցությունը Քրեական օրենսգրքի առերևույթ խախտում է պարունակում: Լրագրողներն ու իրավապաշտպաններն ահազանգում են նաև վարչական ռեսուրսի չարաշահումների մասին. Քարոզարշավի առաջին օրն արձանագրել էին համայնքապետարանի աշխատակիցները «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառներն էին փակցնում, ինչն օրենքով արգելված է:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանն» անցած շաբաթ հայտնել էին՝ զբաղվում են հանցագործության մասին հաղորդմամբ. այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում:

Ինքը Մեխակյանը միջոցառմանն իր մասնակցությունը խախտում չի համարում, օրերս ասաց՝ թող իրավապահները քննեն։

Այսօր իրենց թեկնածուի խոսքերը լրացրեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը. «Այնտեղ քաղաքական կոչեր, ընտրություններին մասնակցության հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել, ոչ մի հրապարակային այդպիսի բան չի եղել։ Եղել է համայնքային միջոցառում, որին մասնակցել է համայնքի ղեկավարը և Արմավիրի մարզպետը»։

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին անցած շաբաթ նույն հարցն էինք տվել՝ ընտրվելու դեպքում ի՞նչ են խոստանում անել. «Առաջիկա հինգ տարիներին պլանավորում ենք իրականացնել լայնածավալ բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես ասֆալտապատման։ Ասֆալտապատում ասելով ես նկատի ունեմ նաև փողոցի տակի ենթակառուցվածքների փոխարինմամբ»։

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած համահայկական ճակատ կուսակցության համայնքապետի թեկնածուն պահեստազորի սպա Արտյոմ Սիմոնյանն է։ Նա իր թիմակիցների հետ շրջում է փողոցներում, ահազանգում է իր ու ընդդիմադիր այլ թեկնածուների պաստառները պատռում են։

«Հանրապետության» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի նախընտրական խոստումն է՝ «լավ է լինելու»։

«Մայր Հայաստան» կուսակցության առաջին համարը Գրիշա Հարությունյանն է։ Կոչ են անում «միանալ ու փոխել»։

«Ազատ դեմոկրատների» առաջին համար «Կառուցապատող» ընկերության ղեկավար Վահրամ Ազատյանի քարոզարշավի ընթացքում կառուցապատման ոլորտի իր փորձը մշտապես են մատնանշում։ Նախընտրական լոզունգն է՝ «կառուցենք մեր համայնքը միասին»։

«Ժառանգության» առաջին համար Արկադի Փայտյանն ընտրություններին մասնակցում է «ուժ և հավատ» կարգախոսով։ «Հայրենիքի» քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանն էլ մյուս բոլոր ընդդիմադիրներին առաջարկում է հանդիպել ու քննարկել քարոզարշավի խաղի կանոնների պահպանման ու խնդիրներին արագ արձագանքելու հարցերը։

Ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։



XS
SM
MD
LG