Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օհանավանի Հովհաննավանք եկեղեցում արդեն երկրորդ անգամ մասնակցեց կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) մատուցած կիրակնօրյա պատարագին:
Մայր Աթոռը նրան կարգալույծ է հռչակել ու արգելել եկեղեցական ծեսեր կատարել, իսկ կիրակնօրյա պատարագի անցկացումը դեռ նախորդ շաբաթ «հոգեկործան նախաձեռնություն» անվանել՝ հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է:
Փաշինյանն այսօր վաղ առավոտյան սոցիալական ցանցով տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կրկին խոսել էր Մայր Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից ազատելու մասին:
«Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախ և առաջ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր և բարոյական նորոգման օրակարգն է: Մեր Սրբության սրբոցը Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր Սրբության սրբոցին», - ասել է Փաշինյանը:
Փաշինյանի կողքին էին «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ ու աջակիցներ, այդ թվում՝ ԱԺ նախագահը, նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ:
Տավուշի նախկին մարզպետ, իշխող խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ միայն կաթողիկոսը չէ, որ ըստ իրենց, խախտել է կուսակրոնության ուխտը, և նրանք սրբազան կոչվելու իրավունք չունեն: Հարցին, թե ինչո՞ւ են այս հարցերը բարձրաձայնում միայն հեղափոխությունից 7 տարի անց, Ղալումյանն արձագանքեց, որ այսօր իրականությունը հայտնի է դարձել ժողովրդի ավելի լայն շրջանակի:
«Մայր Աթոռի էտ մարդիկ է, որ պիղծ են, մենք պիղծ չենք», - ասաց նա:
Եկեղեցին հայտարարել է՝ Հովհաննավանքը Մայր Աթոռի սեփականությունն է, այնտեղից չհեռացող Ստեփան Ասատրյանի քայլն էլ ապօրինի ներխուժում է: ՀԱԵ-ն դիմել է ոստիկանություն:
Զուգահեռ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնվում է Գարեգին Երկրորդի գահակալության 26-րդ տարեդարձը։ Սկևռայի սրբոց մասանց պահարանը բերվել է Մայր տաճար:
Ընդդիմադիր պատգամավորները, տարբեր քաղաքական ուժեր ներկա են Էջմիածնում մատուցվող պատարագին ու արարողությանը:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, որ ևս այստեղ է, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, որ հաջորդիվ նաև Մայր Աթոռում են նման պատարագի մասնակցելու, ասաց, որ «չարքից ամեն ինչ սպասելի է», դա կանխել է պետք: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ամռանը Վեհարանի վրա «նախատեսված գրոհը» տապալվեց, քանի որ իշխանությունները տեսան, որ ժողովուրդը հավաքվում է և պաշտպանում Եկեղեցին:
«Բայց կփորձի, իհարկե, մինչև կտեսնի, ու ժողովրդական պատ է, որը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարևորներից մեկը պղծվի», - նկատեց նա:
Կարգալույծ Ասատրյանը պատարագի ընթացքում շեշտեց՝ մեզ համար առաջին տեղում պետք է լինի պետությունը, պետականությունը, երկրորդ տեղում՝ եկեղեցին:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ շեշտեց՝ այս պրոցեսը չի կանգնելու. «Կրկին կոչ եմ անում, շատ բարիդրացիական վերաբերմունք ունենալով, թող ինքը գիտակցի, որ չպետք է բերի, հասցնի այն պահին, որ այլընտրանք չունենա»:
Եկեղեցին ևս այսօր անդրադարձավ իշխանությունների հետ ստեղծված իրավիճակին. Մայր Աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, որ մատուցում էր պատարագը, իր խոսքում մտահոգիչ որակեց «եկեղեցու և կառավարության միջև եղած տարակարծությունները»:
«Երեք եպիսկոպոսների բանտարկությունը, Հովհաննավանքի բռնի գրավումը, քաջալերումը կարգալույծ մի եկեղեցականի անօրինական արարողության կատարումը՝ սրանք քայլեր են, որ ավելի սրում են իրավիճակը։ Տկարացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է տկարացնել հայրենիքը։ Եկեղեցին միշտ հարգել է երկրի օրենքները և պատրաստ է ընդունելու իրավական որոշումներ, որոնք արդար ու օրինական են։ Իհարկե, եկեղեցին ունի ներքին հարցեր, բայց դրանք այս ձևով չեն լուծվի», - ասաց նա՝ շեշտելով, որ իրենց մաղթանքն է, որ պետական այրերը ողջախոհությամբ և իմաստությամբ գտնեն այս հարցի լուծումը:
«Հանուն ընդհանուր շահերի երկու կողմերը հասնեն մի դրական եզրակացության, որ օգտակար կլինի և՛ Էջմիածնին, և՛ պետականությանը», - հավելեց արքեպիսկոպոսը:
Բարձրաստիճան հոգևորականի համոզմամբ՝ ժամանակն է պառակտող և երկրորդական բաները մի կողմ դնել՝ պետությունն զբաղվի իր հարցերով, եկեղեցին՝ իր հոգևոր խնդիրներով: