Գյումրիի քաղաքապետի փաստաբանները հայտարարում են՝ իրենց ձեռքի տակ երկու որոշում ունեն։ Մեկը՝ Վարդան Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու մասին է, մյուսն՝ այլընտրանքային համակցված խափանման միջոց է՝ պաշտոնավարման կասեցում ու բացակայելու արգելք։
«Օրենքը ասում է՝ անձի նկատմամբ պետք է ընտրես կա՛մ կալանք, կա՛մ այլընտրանքային խափանման միջոց։ Հիմա այդ այլընտրանքային խափանման միջոցը, ինչպիսին հանդիսանում է պաշտոնավարման կասեցումը, ընտրվել է, այլևս կալանք չի կարող լինել։ Կալանքի հետ այլ խափանման միջոց կիրառելի չէ, կալանքից բացի այլընտրանքային ցանկացած խափանման միջոց համակցությամբ կարող են կիրառել, կարող են կիրառել բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում, ինչպես կիրառել են, բայց եթե ընտրել են պաշտոնավարման կասեցում ու բացակայելու արգելք, այլևս կալանք չեն կարող անձի նկատմամբ կիրառել», - ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Ըստ փաստաբանի, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը նույն օրը՝ հոկտեմբերի 21-ին է այս որոշումները կայացրել հսկող դատախազի համաձայնությամբ։ Հայրապետյանը պնդում է, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման փաստը քննիչը թաքցրել է դատարանից։
«Եվ դատարանից են թաքցրել այն փաստը, որ խափանման միջոցը այլընտրանքային է ընտրված եղել, եթե դա ներկայացնեին դատարան, դատարանը ավտոմատ մերժելու էր այդ միջնորդությունը, քննիչի կալանավորելու միջնորդությունը մերժելու էր, որովհետև կա արդեն կիրառված այլընտրանքային։ Եվ դրանից հետո էլ, երբ ասում ենք, որ դուք այլընտրանքային խափանման միջոց եք կիրառել, այդ պահից այլևս կալանքը փոփոխվել, վերացել է, արձագանք չկա, անձին չեն ազատում կալանքից», - նշեց Հայրապետյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից միայն մեկ բան են ասում՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի խափանման միջոցը կալանքն է ու այն չի փոխվել։ Արդյոք եղե՞լ է երկրորդ որոշումը, որի մասին խոսում են փաստաբանները, Հակակոռուպցիոն կոմիտեից չեն բացահայտում։
Մինչ այդ փաստաբանն անհնարինության օրինակներ է բերում ու հարցնում՝ ինչպե՞ս է հնարավոր նույն անձի նկատմամբ միանգամից մի քանի խափանման միջոց ընտրել. «Պրակտիկայում փաստորեն ամեն ինչ հնարավոր է, բայց օրենքի տեսակետից անհնար է։ Օրենքը ասում է՝ խափանման միջոցները երկու տեսակ են լինում՝ կալանք կամ կալանքին այլընտրանք՝ խափանման միջոցներ։ Այլընտրանքային խափանման միջոցները՝ տնային կալանք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում, բացակայելու արգելք, գրավ, դրանցից որևէ մեկի ընտրության դեպքում այլևս կալանք չեն կարող ընտրել, իսկ եթե կալանք են ընտրել, դրանցից որևէ մեկը չեն կարող ընտրել։ Դուք պատկերացրեք, որ անձի նկատմամբ կիրառենք կալանք ու տնային կալանք, հնարավո՞ր է։ Չէ, հնարավոր չէ։ Նույն վիճակն էր, կամ ասենք կալանք ու գրավ»։
Ընդ որում, փաստաբանական թիմը նաև պնդում է, որ քննիչի որոշումները ժամկետի խախտմամբ են ստացել՝ միայն ութ օր անց, և անմիջապես դիմել գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին ու ՄԻՊ-ին, որ պետք է անհապաղ ազատ արձակեն Վարդան Ղուկասյանին։
«Ամենաարդյունավետը, ըստ էության, մենք հույս ունենք, որ դատախազությունը իր իրավունքից և պարտականությունից կօգտվի, որ դատախազը բացի այն, որ իրավունք ունի ազատ արձակելու, նաև պարտավոր է ապօրինի կամ անազատության մեջ գտնվող անձանց անհապաղ ազատ արձակելու, դատախազի ուղղակի պարտականությունն է։ Առավել արդյունավետ միջոցը մենք ակնկալում ենք դատախազից, որովհետև ինքը ամենակարճը կարող է վերականգնել անձի իրավունքը», - ընդգծեց Արամայիս Հայրապետյանը։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հաղորդումը ստացել են և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել, այլ մանրամասներ չհայտնեցին։
Վեց ամիս պաշտոնավարած Ղուկասյանը կալանավորվեց կաշառք ստանալու մեղադրանքով, օրեր անց նրա նկատմամբ ևս մեկ վարույթ հարուցվեց՝ այս անգամ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչի հոդվածով։ Իսկ մեղադրանքն առնչվում էր անցած ամիս Ղուկասյանի մի քանի անգամ արտահայտած այն մտքին, թե ինքը Հայաստանը Ռուսաստանի հետ մի դաշինքում է տեսնում։
Արամայիս Հայրապետյանն ասում է՝ այս մեղադրանքով խափանման միջոց ընտրվել չի կարող, քանի որ Ղուկասյանն արդեն իսկ կալանքի տակ է. «Եթե արդեն անձի նկատմամբ կալանք է ընտրվել մեկ գործով, ապա այլ գործով իրենց դրանք կալանք ընտրելը իմաստազուրկ է, որովհետև անձը փաստացի արդեն զրկված է ազատությունից։ Հետևաբար նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը ժամանակավրեպ է։ Կալանքից խիստ այլևս որևէ խափանման միջոց գոյություն չունի։ Եվ նաև այդ պատճառով, որ Քննչական կոմիտեում քննվող այս երկրորդ գործով իրավաչափորեն որևէ խափանման միջոց չի ընտրվել»։
Եթե չփոխվի Ղուկասյանի խափանման միջոցը, ապա պաշտպանական կողմը այն կբողոքարկի վերաքննիչ, հետո վճռաբեկ դատարաններ, ներպետական ատյանները սպառելուց հետո՝ Եվրադատարան: