Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանձնարարության համաձայն, այսօր հացահատիկով բեռնված առաջին գնացքն է ուղևորվել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Ըստ ադրբեջանական APA-ի, փոխադրվում է ռուսական ցորեն։
«Նոյեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի միջոցով մաքսազերծվել է հացահատիկի 15 վագոն՝ ընդհանուր 1048 տոննա և 800 կգ քաշով, որոնք ուղարկվել են Հայաստանի Դալարիկ կայարան», - ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տասն օր առաջ հայտարարել էր, որ ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են այս հարցը, և Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։
«Ներկայումս «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը», - ասել էր ռուս պաշտոնյան։
Հայկական կողմից առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկությունը: