Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին այսօր խորհրդարանում ձեռնաշղթաներ էր նվեր բերել՝ ասելով. «Քանի որ Դուք կալանքների մասով շատ ակտիվ եք և կալանքի միջնորդություններ ներկայացնելիս երկար չեք վարանում, այդ առիթով ուզում եմ Ձեզ խորհրդանշական մի նվեր նվիրել: Ցանկացած քաղաքացուն կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել՝ արդյոք արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետև այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման հարցով Քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալիս»:
«Սա ես թույլ չեմ տալիս...», - Թագուհի Թովմասյանի նվերից վրդովվեց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, թե նվերի համար լավագույն պահը չէ: Վարդանյանը սպառնում էր նիստը ընդհատել. «Խնդրում եմ այդ ձեռնաշղթան պահեք, հակառակ դեպքում՝ ես կընդհատեմ նիստը»:
Նվերի հասցեատերն իշխանականի պես չբորբոքվեց. ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն ավելի խաղաղ արձագանքեց. «Ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկականն ունեմ»:
Իսկական ձեռնաշղթաներով վարչապետ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին ազատությունից զրկելու քրեական գործերի մասին հարցերի պակաս չեղավ այսօր խորհրդարանում: Ընդդիմադիր պատգամավորները Քննչական կոմիտեի ղեկավարին մեղադրում էին, թե համակարգը իշխանության ձեռքում քաղաքական գործիք է դարձրել: Իշխանության հակառակորդներին ակտիվ կալանավորում են, հոգևորականներին հետապնդում ու հնչեղ սպանությունները չեն բացահայտվում: Օրինակ՝ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունը:
«Քննչական կոմիտեի նախագահը երբ որ հելնի ասի՝ դեպքը բացահայտված չի, չբացված է: Դա, լո՞ւրջ ա, լուրջ չի, չէ՞: Այսինքն՝ կատարողների մասով դեպքը բացահայտել ենք», - ասաց ՔԿ ղեկավարը:
Իսկ ի՞նչ է բացահայտել քննչականը մեկ այլ հնչեղ՝ գործարար Սամվել Կարապետյանի գործով: «Տաշիր»-ի սեփականատերը ազատությունից զրկվեց մոտ վեց ամիս առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց: Եկեղեցին իր ձևով պաշտպանելու խոսքերը Քննչական կոմիտեն ներկայացնում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ: Բացի այդ կարճ հարցազրույցից՝ ուրիշ ապացույցներ ունե՞ն, որ իշխանությունը զավթելու կոչ է արել, ՔԿ ղեկավարն ասաց. «Փաստերը կներկայացվեն այն ժամանակ, երբ որ գործը հրապարակային դառնա, այդ փաստերը կներկայացնենք, այդ ժամանակ վստահ եմ այդ հարցերն էլ չեն ծագի»:
Սամվել Կարապետյանը հայտարարել էր. «Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Գործարարի այս մեկնաբանությունում ո՞րն է իշխանությունը զավթելու կոչ, որ նրան վեց ամիս է՝ պահում են Ազգային անվտանգության ծառայության նկուղում, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պատասխանեց. «Դուք ինձ հիմա մեղադրանքի էությունն ասում եք պարզաբանի: Մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է»:
Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածից հետո գործարարին փողերի լվացման մեղադրանքներ առաջադրեցին: Մեկով դատարանով էլ հաստատվեց, որ Կարապետյանի մասնակցության վերաբերյալ հիմնավոր կասկած չկա: Ինչո՞ւ այս մասով գործը չեն կարճում, և ինչո՞ւ իշխանությունը զավթելու կոչերի դրվագը դատարան չի հասնում: Արթուր Պողոսյանի խոսքով. «Երբ մենք միասնական մեղադրանք ունենք, օրենքը հնարավորություն չի տալիս մեղադրանքը տրոհել և մի մասով ուղարկել դատարան, մյուսով անձը շարունակի գտնվել քրեական հետապնդման կարգավիճակում»:
Իշխանությունը զավթելու կոչի դրվագով բացի հայտնի մեկնաբանությունից լրագրողներին այլ հիմքեր չներկայացնող Պողոսյանը վստահեցնում էր, թե գործարարին քաղաքական հրահանգով չեն կալանավորել: Արթուր Պողոսյանին հիշեցրինք վարչապետի ֆեյսբուքյան գրառումներից մեկը, որ նախորդել էր Կարապետյանի կալանքին: Փաշինյանը հրապարակային վիրավորական բառապաշարով սպառնացել էր ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին: Սա իրավապահներին ուղղորդում կամ միջամտություն չէ՞.
ՔԿ նախագահ.- «Դա որևիցե կերպ միջամտություն համարել անհնար է»:
Լրագրող.- Անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգները sms-ով, հեռախոսազանգով, թե՞ մեիլով եք ստանում:
ՔԿ նախագահ.- «Թույլ տվեք Ձեր հարցին չպատասխանել: Որովհետև կոմիտեի նախագահի և երկրի գործադիր իշխանության մարմնի ղեկավարի հարաբերությունները սահմանված է օրենքով»:
Քննչականի ղեկավարը հրահանգել բառի հետ կապված որևէ առարկություն չուներ: Իսկ հրահանգ իջե՞լ է, որ գործարարին կալանքի տակ պահեն մինչև 2026-ի ընտրությունների ավարտը. «Չէ, նման հրահանգ չկա»:
2026-ի ընտրություններին մասնակցնելու է նաև միլիարդատեր Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» ուժը: Հայաստանը Փաշինյանի կառավարությունից ազատելու մտադրության մասին Կարապետյանը հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության նկուղից: Մինչև ազատությունից զրկվելը քաղաքական հավակնությունների մասին հրապարակային չէր խոսել: