15 հայերի մեղադրական ճառում Բաքուն հիշատակում է «Քյարքիի օկուպացիան»
Ադրբեջանը Հայաստանին և Բաքվի զինվորական դատարանի առջև կանգնած 15 հայերին մեղադրում է Արցախի կամ ինչպես մեղադրող դատախազն է որակել, «հանցավոր կազմակերպության» ստեղծման համար, որը գործել է 1988-ից մինչև 2023 -ի սեպտեմբերի 20-ը:
Ապացուցված համարելով տարբեր ժամանակահատվածներում Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններում 15 հայերի անուղղակի մասնակցությունը, նախօրեին իր մեղադրական ճառում դատախազը մանրամասն անդրադարձել է Արցախյան շարժմանը՝ հանցավոր որակելով նաև 1988 -ին Ղարաբաղում ստեղծված «Միացում» կազմակերպությունը, որը և համակարգում էր Արցախյան շարժումը. «Նրանք միավորվեցին Ադրբեջանի ժողովրդի դեմ՝ ազգային ատելության ու թշնամանքի գաղափարի շուրջ՝ հանցավոր կազմավորման շրջանակներում, որն անվանեցին «Միացում»:
Մեղադրող դատախազը պնդել է, թե հանցավոր կազմավորման ղեկավարների նպատակը ամեն գնով Ղարաբաղն Ադրբեջանից բաժանելն ու Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիան էր:
Խոսելով Արցախյան շարժման գաղափարախոսության մասին՝ ադրբեջանական կողմը մեղադրական ճառում նաև քաղաքական ու հասարակական գործիչների մի ցանկ է հրապարակել, մեղադրելով նրանց «հանցավոր գաղափարների» տարածման համար: Հիշատակվում են Զորի Բալայանի, Սիլվա Կապուտիկյանի, Իգոր Մուրադյանի, Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ժիրայր Սեֆիլյանի անունները:
Արցախյան շարժման մասին խոսելիս, սակայն, Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնականը Ղարաբաղ կոմիտեն ղեկավարած, 1991-ից 98 թվականները նախագահի պաշտոնը զբաղեցրած Լևոն Տեր-Պետրոսյանի անունը որևէ տեղ չի հիշատակել:
«Պատերազմը հրահրողն ու կազմակերպողն Ադրբեջանն էր»
«Շարժման ամբողջ գաղափարախոսությունը դա է եղել. սահմանադրական ճանապարհով, հենվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, վերադարձնել Արցախը Հայաստան», - Ղարաբաղ կոմիտեի համահիմնադիր և ղեկավար-անդամ Վազգեն Մանուկյանը:
Ղարաբաղ կոմիտեի համահիմնադիր և ղեկավար-անդամ Մանուկյանը, ով նույնպես հայտնվել է Ղարաբաղյան շարժման Բաքվի «քարոզիչների ցուցակում», հիշեցնում է՝ շարժման ամբողջ իմաստը Ղարաբաղի ժողովրդի ցանկության իրականացումն ու Արցախի միավորումն էր Հայաստանին:
«Ճնշումը կատարվում էր ոչ թե Ադրբեջանի իշխանությունների կամ ժողովրդի դեմ, այլ Խորհրդային միության ղեկավարության նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն արդարացի լուծում: Ուրիշ բան, որ Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթով», - նշեց Մանուկյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական այն մեղադրանքներին, թե Հայաստանն է կազմակերպել և իրականացրել պատերազմ Ադրբեջանի դեմ, ապա 1992 - ից 93 թվականներին՝ արցախյան պատերազմի թեժ օրերին Հայաստան պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանը հակադարձում է. «Պատերազմը հրահրողն ու կազմակերպողն Ադրբեջանն էր, հայ ժողովուրդը զբաղված էր ինքնապաշտպանությամբ»:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 15 հայերի կեղծ դատավարության ու Հայաստանին ներկայացվող անհիմն մեղադրանքների օգնությամբ Ադրբեջանն ընդամենը փորձում է արդարացնել այն հանցագործությունները, որոնք իրականացրեց Ղարաբաղում՝ ի վերջո էթնիկ զտման ենթարկելով արցախահայերին:
«Իրենք քշեցին մի բնակչություն իրենց տեղից, դա ցեղասպանության պես մի բան է: Հիմա էդ բանն արդարացնելու համար իրենք ինչ ուզես կարող են հնարել», - ընդգծեց նա:
15 հայերի մեղադրական ճառում առանձին անդրադարձ է կատարվել 1992 -ին Շուշիի ազատագրմանը, դատախազը նշել է, որ Շուշիի վրա 4 ուղղություններով իրականացված հարձակման հանձնարարությունն ու ցուցումները տրվել էին Հայաստանի կողմից և իրականացվել՝ Կոմանոդոսի՝ Արկադի Տեր -Թադևոսյանի ղեկավարությամբ:
Մանուկյանը կարծում է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքուն հենց այնպես ազատ չի արձակի
Առանձին անդրադարձ կա՝ «Նախիջևանի կազմում գտնվող «Քյարքի գյուղի օկուպացիային»: Հիշատակվում է նաև Բաղանիս- Այրում, Աշաղի Ասկիպարայի, Յուխարի Ասկիպարայի, Խեյրիմիլիի, Բարխուդարլու և Սոֆլուի օկուպացիայի մասին: Այս գյուղերի մի մասն, ի դեպ, անցած գարնանը Տավուշում սահմանազատման շրջանակներում Հայաստանը փոխանցեց Ադրբեջանին:
Ծանր հանցագործությունների մեջ անուղղակի մեղադրելով Արցախի նախկին ղեկավարներին, մեղադրող դատախազն առայժմ չի հրապարակել, թե քանի տարվա պատժաչափ է պահանջում դատարանից:
Ընդդիմադիր գործիչ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքուն հենց այնպես ազատ չի արձակի. «Իրենց ձեռքը պատանդ են, ու այդ պատանդի համար իրենք գին են ուզելու, էդ գինը քաղաքական է, տնտեսական է, ինչ է, ես չգիտեմ»:
«Ազատության» հարցին՝ իսկ Հայաստանի քայլերը բավարա՞ր եք համարում, Մանուկյանը պատասխանեց. «Բացարձակ անբավարար են, ոչ մի բան էլ չեն արել: Նույնիսկ իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ ոնց որ թե իրենց իշխանության ընկալումն այն էր, որ ուժեղ մարդկանցից իրենք ազատվեցին, որովհետև քաղաքական, կուսակցական պայքարների մեջ այդ մարդիկ դեր կարող է ունենային: Ռուբեն Վարդանյանի մասին է նաև, որը Ղարաբաղյան շարժման հետ ընդհանրապես կապ չուներ, իրեն ինչի են դատում, ես մինչև հիմա չեմ կարում հասկանամ»:
Ի դեպ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ն, այսօր արձագանքելով Արցախյան շարժմանն ու Հայաստանին ուղղված Բաքվի մեղադրանքներին, հայտարարել է, թե վերահաստատում են ավելի վաղ հայտնած իրենց դիրքորոշումը՝ Բաքվում ընթացող դատավարությունը կեղծ է և ծաղր արդարադատության նկատմամբ: