Մատչելիության հղումներ

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեց


Լուսանկարը՝ ադրբեջանական լրատվամիջոցներից
Լուսանկարը՝ ադրբեջանական լրատվամիջոցներից

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս յոթ հայերի մեղքն ադրբեջանցի պետական մեղադրողն այսօր ապացուցված է համարել: Դատելով հրապարակված լուսանկարից, 15 գերեվարված հայերը, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարները, ապակեպատ խցում հոտնկայս լսել են Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևի մեղադրական ճառը:

Բաքվի զինվորական դատարանում Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են 1988 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը, այսինքն` Ղարաբաղյան շարժումից մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումն ու արցախահայերի էթնիկ զտումը: Մեղադրող դատախազը պնդել է, թե մեղադրյալներն անուղղակի մասնակցություն են ունեցել Ադրբեջանի դեմ ուղղված հանցագործություններին:

«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները: Իբրև մեղադրող կողմ` մենք կարծում ենք, որ մեղադրյալների մեղքը հիմնավորված է ապացույցներով», - իր մեղադրական ճառում ասել է մեղադրող դատախազը` ընդգծելով, թե շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մոտ 100 նիստ են գումարել:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ:

Մեղադրող դատախազը նաև պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած են բազմաթիվ հանցագործություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասը՝ ակնարկելով նաև այլ մեղավորների առկայության մասին:

Բաքուն այս գործի շրջանակներում դատելով 15 հայերին՝ պարբերաբար շեշտում է, թե Ադրբեջանի դեմ պատերազմի ընթացքում կատարված բազմաթիվ հանցագործությունները իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը՝ մի քանի տասնյակ անձանց ղեկավարությամմբ և անուղղակի մասնակցությամբ: Ադրբեջանական ցանկում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարարներ Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, Հայաստանի և Արցախի Ազգային հերոս, Արցախյան ազատամարտի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանը և այլ անձինք:

«Ադրբեջանը ե՞րբ կուզի, որ հայը լավ լինի». - դատավարությանը սրտի դողով հետևող՝ գերիներից մեկի հարազատը հարց է տալիս՝ ինչպե՞ս է Ադրբեջանը ապացուցված համարում ներկայացված մեղադրանքները, ներառյալ՝ ցեղասպանության և ահաբեկչության մասով, ապա ինքն էլ տալիս է հարցի պատասխանը՝ անպաշտպան հայերին Ադրբեջանը ցանկացած մեղադրանք կարող է ներկայացնել. - «Էդ մարդկանց կյանքը ներկա պահին իրանց ձեռին ա, կուզի կդնի մարդասպան, կուզի կդնի եսիմ ինչ, ամեն ինչ, որովհետև իրանց ձեռքին ա իրանց կյանքը՝ էդ 23 հոգունը, այս պահին, դրա համար էլ մեղադրում ա ամեն ինչի, քանի որ անպաշտպան, անտեր մարդիկ են էնտեղ»:

«Հույսով են, որ մինչև Նոր տարի կգան»

Չնայած Բաքվի զինվորական դատարանի առջև կանգնած 15 հայերը մեղադրվում են տասնյակ ծանր հանցագործությունների մեջ, սակայն նրանք հույսը չեն կորցնում, որ ի վերջո հայրենիք կկարողանան վերադառնալ: Համենայն դեպս, Ադրբեջանի իշխանությունների միջնորդությամբ ու վերահսկողությամբ հարազտաների հետ կազմակերպվող հեռախոսազրույցների ընթացքում նրանք հույս են հայտնում, որ գուցե Նոր տարին ոչ թե Բաքվի բանտերում, այլ տանը՝ հարազատների հետ անցկացնեն:

«Հույս ունեն, որ շուտով կգան՝ մինչև Նոր տարին, այ տենց իրանք հույսով են, որ մինչև Նոր տարի իրանք կգան: Թե ինչի հիմա վրա, ես դա չեմ կարում հասկանամ: Ուրախ եմ, որ էդ հույսին են, տա Աստված՝ իրանց էդ մտքերում ինչ կա՝ իրականան, բայց իրանց ձեռն ա, նորից եմ ասում, կուզեն՝ բաց կթողնեն, կուզեն սրով կտան, ասեն՝ «գնացեք նստեք», - ասաց գերու հարազատը:

2023-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ու Արցախի ժողովրդի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարեց 16 հայերի, 8-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, նրանց թվում է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի դատավարությունն առանձին է ընթանում: Մյուս 8-ը ռազմական գործողությունների հետևանքով գերեվարվածներն են:

2020-ի 44-օրյա պատերազմի ու Արցախի շրջափակման ընթացքում ժամանակ գերեվարված ու արդեն տարբեր պատժաչափերով դատապարտված հայերի թիվը 7-ն է:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում հաստատված 23 հայ գերիներ են պահվում: Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Նրանց պահման պայմանների և առողջական վիճակի մասին որևէ անաչառ տեղեկություն ստանալ հարազատներին չի հաջողվում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG