ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթել են միանգամից երեք՝ Նյու Յորքի քաղաքապետի, Նյու Ջերսիի ու Վիրջինիայի նահանգապետերի պաշտոնների համար պայքարում: Սա Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո ընդդիմադիր դեմոկրատների առաջին խոշոր հաղթանակն է, որը հնարավորություն կտա ամրապնդել կուսակցության դիրքերը հաջորդ տարի կայանալիք Կոնգրեսի ընտրություններից առաջ, որտեղ մեծամասնություն են հանրապետականները։
Նյու Յորքում հաղթել է հանրությանը քիչ հայտնի 34-ամյա դեմոկրատ, սոցիալիստ Զոհրան Մամդանին՝ ստանալով ձայների մոտ 50 տոկոսը: Նա կդառնա Նյու Յորքի առաջին մահմեդական ու վերջին մեկ դարում ամենաերիտասարդ քաղաքապետը։ Նրա գլխավոր մրցակիցը դեմոկրատ նախկին նահանգապետ 67-ամյա Էնդրյու Կուոմոն էր, որը մասնակցում էր որպես անկախ թեկնածու և ստացել է մոտ 41 տոկոս, իսկ հանրապետական թեկնածու Քուրթիս Սլիվան՝ 7 տոկոս ձայն: Քվեարկությանը մասնակցել է մոտ 2 մլն մարդ կամ ընտրողների 33 տոկոսը՝ ամենաբարձր ցուցանիշը 1969-ից ի վեր:
Հաղթանակից հետո ունեցած ելույթում Մամդանին ասել է, որ այսօր տապալեցին քաղաքական դինաստիայի, ապա հավելել՝ «եթե որևէ մեկը կարող է Թրամփի դավաճանությանն արժանացած երկրին ցույց տալ, թե ինչպես կարելի է հաղթել նրան, ապա դա կարող է անել հենց նույն քաղաքը, որտեղից Թրամփն սկսել է իր վերելքը»:
«Եթե կա բռնապետին վախեցնելու որևէ միջոց, ապա պետք է վերացնել պայմանները, որ նրան թույլ են տվել իշխանություն կուտակել: Այսպես մենք կկանգնեցնենք ոչ միայն Թրամփին, այլև հաջորդին։ Այնպես որ, Դոնալդ Թրամփ, քանզի գիտեմ, որ դիտում եք ելույթս, երկու բառ ունեմ ձեզ համար՝ բարձրացրեք ձայնը», - հայտարարել է Մամդանին:
ԱՄՆ նախագահը, որն ավելի վաղ Մամդանիին «կոմունիստ» էր անվանել՝ սպառնալով նրա հաղթանակի դեպքում կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, սոցցանցում արձագանքել է. - «Եվ այսպես, ամեն ինչ սկսվում է»։ Մեկ այլ գրառմամբ էլ նշել է, թե դեմոկրատների հաղթանակի առաջին պատճառն այն է, որ քվեաթերթիկի վրա չկար իր անունը, իսկ երկրորդը՝ շաթդաունը:
Իսկ նյույորքցիները տոնում են Մամդանիի հաղթանակը և համոզված են՝ նա նոր շունչ կհաղորդի քաղաքին։
Նյու Ջերսիի նահանգապետի ընտրություններում 53-ամյա դեմոկրատ Միկի Շերիլը հաղթել է հանրապետական Ջեք Չիատարելիին։ Վիրջինիայում էլ 46-ամյա Էբիգեյլ Սփենբերգերը հաղթել է հանրապետական փոխնահանգապետ Ուինսոմ Էրլ-Սիրսին։ Սթենբերգերը խոստացել է կենտրոնանալ խնդիրների լուծման, այլ ոչ թե պառակտում հրահրելու վրա։
«Այսօր մենք ուղերձ հղեցինք ամբողջ աշխարհին, որ 2025 թվականին Վիրջինիան ընտրեց պրագմատիզմը կուսակցականության փոխարեն։ Մենք ընտրեցինք համագործակցությունը քաոսի փոխարեն», - հայտարարել է Սթենբերգերը:
Նյու Յորքում, Վիրջինայում և Նյու Ջերսիում հաղթած երեք դեմոկրատներն էլ իրենց ծրագրերում շեշտը դնում են տնտեսական հարցերի, կոնկրետ՝ կենսապայմանների մատչելիության վրա, որը մնում է ամենակարևոր հարցը ընտրողների մեծ մասի համար:
Կոնկրետ Մամդանին առաջարկում է կորպորացիաների և հարուստների համար բարձրացնել հարկերը, որպեսզի ֆինանսավորեն այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բնակվարձը բարձրացնելու արգելքը, երեխաների անվճար խնամքը, քաղաքային անվճար ավտոբուսները և այլն:
Թրամփն արդեն մեկ ամսից ավելի շարունակվող շաթդաունի ժամանակ սպառնացել է կրճատել դաշնային ծառայողներին, ինչը մեծապես կազդի Վաշինգտոնին հարևան Վիրջինիայի վրա, որտեղ ապրում են բազմաթիվ պետական ծառայողներ: Նա նաև Հուդզոն գետի տակով երկաթուղային նոր թունելի կառուցման ֆինանսավորման համար նախատեսված միլիարդավոր դոլարներ սառեցրեց: Սա կարևոր նախագիծ էր նահանգի համար, որտեղ շատերն են օգտվում տրանսպորտից:
Այս ֆոնին Կալիֆոռնիան կողմ է քվեարկել նահանգապետ Գևին Նյուսոմի ծրագրին՝ վերաձևավորելու նահանգի քարտեզը հօգուտ Դեմոկրատական կուսակցության: Նոր քարտեզով կոփոխվեն հինգ շրջանի սահմանները՝ ներառելով ավելի շատ ընտրողների, որոնք, հավանաբար, կաջակցեն դեմոկրատներին, ինչը կմեծացնի 2026-ին Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու շանսերը:
«Մենք դիմացանք այս փորձությանը և վճռական արձագանքեցինք Դոնալդ Թրամփի անխոհեմությանը։ Եվ այսօր, երբ մարտահրավեր նետեցինք այդ արջին, նա մռնչաց՝ աննախադեպ մասնակցություն ապահովելով արտահերթ ընտրություններում՝ արտակարգ արդյունքներով», - հայտարարել է Նյուսոմը: