Մատչելիության հղումներ

«Ալիևի տնային աշխատանքը ես չեմ կատարի». Սահմանադրական բարեփոխումները դեռ չեն հասել Մայր օրենքի նախաբանին


Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական դադարից հետո սկսել է պարբերական նիստեր անցկացնել, վերջինը՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս անգամ քննարկվել է միջազգային պայմանագրերը Սահմանադրական դատարանի քննությանը հանձնելու հարցը, խորհուրդն արդեն անցել է բանակին վերաբերող դրույթներին:

Նոր Սահմանադրություն ընդունել իշխանությունները պատրաստվում են հաջորդ տարի՝ Ազգային ժողովի ընտրություններից հետո՝ համոզմունք հայտնելով, որ նորից են ստանալու ժողովրդի քվեն:

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է այս նիստերը, արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար, խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը չի տեսնում իշխանությունների կամքը՝ փոխել իրենց իսկ կողմից սուպերվարչապետական որակված համակարգը.
«Հայտարարություններ չկան, որ այդ միահեծան կառավարման համակարգը մենք ուզում ենք վերանայել, օրինակ՝ 26 թվականի ընտրություններին գնանք նոր ընթացակարգերով և կայուն մեծամասնության այդ դրույթը վերացրած գնանք ընտրություններին: Այդ ամեն ինչը չի արվում, և կողքից թեմաներ են քննարկվում, որոնք կապ չունեն մեր մարտահրավերների հետ», - ասաց Մարուքյանը:

Խորհրդի մեկ այլ անդամ՝ քաղհասարակությունից Դանիել Իոաննիսյանը, հակառակը, կարծում է՝ նոր Սահմանադրությունով իշխանության թևերը կհակակշռվեն, վարչապետի լիազորությունները կնվազեն. «Օրինակ այն, որ խորհրդարանը պետք է քննարկի թեկնածությունը դիվանագետների, նախարարների, փոխվարչապետերի, սա շատ կարևոր բան է, խորհրդարանական վերահսկողության գործառույթ է, և նաև խորհրդարանը կարողանա իրենց պաշտոնանկ անել: Այս պահի դրությամբ, բավականին պառլամենտականացման գաղափարներ է գալիս արդարադատության նախարարությունից, ինչը ողջունելի է: Չեմ կարող ասել, որ բոլոր գաղափարների հետ ամբողջությամբ համաձայն եմ», - նշում է Իոաննիսյանը:

Բարեփոխումների խորհուդն արդեն հավանություն է տվել գործող Սամանադրության ամենաքննադատված դրույթներից մեկը վերացնելուն, երբ առավել քվե ստացած ուժը առանց կոալիցիայի խորհրդարանում ստանում է կայուն մեծամասնություն: Այս փոփոխությունը, սակայն, չի գործի հաջորդ տարի կայանալիք ընտրությունների ժամանակ, 2026-ի հունիսին առաջին տեղում հայտնված քաղաքական ուժը կունենա այս առավելությունը:

Սահմանադրական բարեփոխումները դեռ չեն հասել Մայր օրենքի նախաբանին

Ադրբեջանը պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին, հակառակ դեպքում չի ստորագրի խաղաղության պայմանագիրը. «Ալիևի տնային աշխատանքը գոնե ես չեմ կատարի, հուսով եմ՝ մյուսները չեն կատարի այդ տնային աշխատանքը: Բայց, մենք գիտենք, որ իշխանություններն այլևս դա որպես պարտավորություն ստանձնել են, որ պետք է անեն», - ասում է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:

Մարուքյանի համոզմամբ, եթե բանը հասնի հանրաքվեին ու այն տապալվի, Ադրբեջանը դա որակելու է ռևանշ, բայց պակաս վտանգավոր չէ, եթե իշխանություններին հաջողվի բավարար՝ 600 հազարից ավելի «այո» հավաքել. «Այսօրվա ՀՀ-ն կա և ճանաչվել է այդ իրավաքաղաքական հիմքով, և ոչ ոք չի կարող երաշխավորել՝ այդ ամենի փոփոխության արդյունքում ինչ հետևանքներ կարող են լինել: Սահմանադրություն փոխելը մի բան է, բայց Հայաստանի Անկախության հռչակագիրը որպես հիմք սահմանդարության հանելը դա այլ բան է», - ընդգծում է Էդմոն Մարուքյանը:

Սահմանադրությունում խաղաղության գաղափարն այլ ձևով կարելի է ամրագրել. Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ևս կողմ չէ Սահմանադրության նախաբանը փոխելուն. «Ես անձամբ կարծում եմ, որ Անկախության հռչակելը մեր պատմության անբաժանելի մասն է և խաղաղության գաղափարը կարելի է ամրագրել ուրիշ ձևերով Սահմանադրության մեջ: Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելը գործնականում շատ բան չի տալիս»:

Այս թեման պետք է փակվի. Սաքունց

Խորհրդի մեկ այլ անդամ՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս դեմ է արտահայտվել Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելուն. «Սահմանադրական անփոփոխ հոդվածն ինքնիշխանության սկզբունքից ակնհայտ նահանջի վկայություն կլինի»:

Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ արդեն կա Սահմանադրական դատարանի որոշումը, որը փաստում է, որ Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չի պարունակում, հետևաբար այս թեման պետք է փակվի: Այս փաստարկը բերում է նաև իշխանությունը, բայց նաև վերջին տարիներին քննադատում Անկախության հռչակագիրը, թե այն պետականության դեմ է: Վարչապետն անձամբ կարծիք է հայտնել, որ հղումը չպետք է լինի նոր սահմանադրությունում:

XS
SM
MD
LG