Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում շաթդաուն է. կառավարությունն այսօրվանից մասնակի դադարեցնում է գործունեությունը


Միացյալ Նահանգների կառավարությունն այսօրվանից մասնակի դադարեցնում է գործունեությունը, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները տևական բանավեճերից հետո այդպես էլ համաձայնության չեկան հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ:

Արդյունքում, նոր ֆինանսական տարին աշխարհի գերտերությունը սկսում է առանց հաստատված բյուջեի, ինչը հայտնի է որպես «շաթդաուն»:

1981-ից հետո 15-րդ շաթդաունը. ինչ է սպասվում

Դրա հետևանքով մոտ 750,000 դաշնային աշխատողի կուղարկեն հարկադիր չվճարվող արձակուրդի, կդանդաղեն ավիափոխադրումները, կդադարեցվեն գիտական հետազոտությունները, կուշանան ԱՄՆ զինված ուժերին վճարվող աշխատավարձերը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ևս տեղեկացրել է, որ Facebook-ի իրենց էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև կառավարության գործունեության լիարժեք վերսկսումը, իսկ չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։

Քանի դեռ ընդիդմությունն ու իշխանությունը համաձայնության չեն եկել, կշարունակեն գործել միայն առաջին անհրաժեշտության կառույցները՝ իրավապահ մարմինները, սահմանային, արտակարգ իրավիճակների և պետական պաշտպանության ծառայությունները: Սոցիալական ապահովագրության և առողջապահության ոլորտը ևս կգործի, սակայն սահմանափակումներով:

Բյուջեի շուրջ տարաձայնությունները

Իսկ բյուջեի շուրջ հիմնական տարաձայնությունը վերաբերում է առողջապահության ոլորտին: Դեմոկրատները պահանջում են չդադարեցնել ցածր եկամուտ ունեցողների համար առողջության ապահովագրության սուբսիդիաները, նաև չեղարկել Medicaid առողջապահական դաշնային ծրագրում Թրամփի վարչակազմի արած կրճատումները, որոնք միլիոնավոր մարդկանց վրա կարող են ազդել:

Հանրապետականները, սակայն, նախագահ Թրամփի առաջնորդությամբ համառորեն մերժեցին ընդդիմության առաջարկները՝ պնդելով, թե փոքրամասնությունն է պարտավոր խաղի կանոններին ենթարկվել:

«Եթե կառավարությունը դադարեցնի գործունեությունը, դա կլինի Սենատի դեմոկրատների մեղքը։ Ներկայացուցիչների պալատն արդեն միջոցներ է ձեռնարկել, նախագահը պատրաստ է ստորագրել օրինագիծը», - հայտարարեց Սենատում հանրապետականների առաջնորդ Ջոն Թունը:

Ի վերջո, 100 տեղանոց Սենատում, որտեղ հանրապետականները 53 մանդատով մեծամասնություն են, նրանց առաջարկած բյուջեի նախագիծը ստացավ 55 կողմ ձայն. դրա օգտին քվեարկեցին նաև երեք դեմոկրատներ: Իսկ դեմոկրատների օրինագիծը ստացավ՝ 47 կողմ, մինչդեռ ընդունվելու համար անհրաժեշտ էր 60-ը, ինչը կողմերից ոչ մեկը չապահովեց: Արդյունքում սկսվեց 1981-ից հետո 15-րդ շաթդաունը և առաջինը վերջին վեց տարում:

Թրամփը սպառնացել է. վարչակազմը կարող է գնալ կտրուկ քայլերի

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները դեմ են շաթդաունին: Ապա սպառնացել, որ այս ընթացքում, քանի դեռ Ամերիկայում տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը չի հաստատվել, վարչակազմը կարող է գնալ կտրուկ քայլերի՝ ծախսերը կրճատելու համար: Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ եթե շաթդաունը երկար շարունակվի, Թրամփի վարչակազմը պատրաստվում է մեծ թվով դաշնային աշխատողներ կրճատել:

«Եվ դեմոկրատները ոչինչ չեն կարող անել դրա դեմ: Օրինակ՝ մենք կարող ենք կրճատել մեծ թվով աշխատողների, ծրագրերը, որ նրանց դուր են գալիս», - ասել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ փոխնախագահն էլ դեմոկրատներին մեղադրել է տարաձայնությունները որպես քաղաքական լծակ օգտագործելու համար: Ըստ Ջեյ Դի Վենսի՝ եթե համաձայն չեն որևէ բանի, չի նշանակում, որ պետք է կաթվածահար անել կառավարության աշխատանքը և հազարավոր մարդկանց փաստի առաջ կանգնեցնել. «Տարաձայնություններ ունենք հարկային, առողջապահության քաղաքականության վերաբերյալ, բայց դրա համար չեն դադարեցնում կառավարության աշխատանքը։ Չի կարելի տարաձայնությունները որպես լծակ օգտագործել», - հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը:

Ֆինանսական շուկան զգուշավոր է արձագանքել շաթդաունին

Կանխատեսվում է, որ կառավարության գործունեության մասնակի կասեցումը տնտեսությանն օրական 400 միլիոն դոլար կարժենա։

ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունը եղել է 2018-ին՝ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ և տևել 35 օր: Անկախ վերլուծաբանների կանխատեսումներով՝ այս մեկը կարող է նախորդներից ավելի երկար շարունակվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG