Միացյալ Նահանգների կառավարությունն այսօրվանից մասնակի դադարեցրել է գործունեությունը, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները տևական բանավեճերից հետո այդպես էլ համաձայնության չեկան հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ:
Արդյունքում, նոր ֆինանսական տարին աշխարհի գերտերությունը սկսում է առանց հաստատված բյուջեի, ինչը հայտնի է որպես «շաթդաուն»:
1981-ից հետո 15-րդ շաթդաունը. ինչ է սպասվում
Դրա հետևանքով մոտ 750,000 դաշնային աշխատողի կուղարկեն հարկադիր չվճարվող արձակուրդի, չեն վճարվի զինվորականները, կդանդաղեն ավիափոխադրումները, կդադարեցվեն գիտական հետազոտությունները:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ևս տեղեկացրել է, որ չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսարանները կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։
Քանի դեռ ընդիդմությունն ու իշխանությունը համաձայնության չեն եկել, կշարունակեն գործել միայն առաջնային անհրաժեշտության կառույցները՝ իրավապահ մարմինները, սահմանային, արտակարգ իրավիճակների և պետական պաշտպանության ծառայությունները: Սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտը ևս կգործի, սակայն սահմանափակումներով:
Բյուջեի շուրջ տարաձայնությունները
Իսկ բյուջեի շուրջ հիմնական տարաձայնությունը վերաբերում է առողջապահության ոլորտին: Դեմոկրատները պահանջում են չդադարեցնել ցածր եկամուտ ունեցողների համար առողջության ապահովագրության սուբսիդիաները, նաև չեղարկել Medicaid առողջապահական դաշնային ծրագրում Թրամփի վարչակազմի արած կրճատումները, որոնք միլիոնավոր մարդկանց վրա կարող են ազդել:
Հանրապետականները, սակայն, նախագահ Թրամփի առաջնորդությամբ համառորեն մերժեցին ընդդիմության առաջարկները՝ պնդելով, թե փոքրամասնությունն է պարտավոր խաղի կանոններին ենթարկվել:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ դեմոկրատները փորձում են չեղարկել հանրապետականների բարեփոխումները և Medicaid-ում ներառել մարդկանց, որոնք ի սկզբանե չպետք է օգտվեին առողջապահական այս ծրագրից, օրինակ՝ ապօրինի ներգաղթյալները. «Մենք միլիոնավոր մարդկանց հանեցինք Medicaid-ի ցուցակներից, ինչն առողջապահությունն ավելի մատչելի դարձրեց բոլորի համար։ Դեմոկրատներն ուզում են չեղարկել դա։ Ինչո՞ւ։ Որովհետև ուզում են ապօրինի ներգաղթյալների ձայներն ստանալ» ,- ասել է Մայք Ջոնսոնը:
Ի վերջո, 100 տեղանոց Սենատում, որտեղ հանրապետականները 53 մանդատով մեծամասնություն են, նրանց առաջարկած բյուջեի նախագիծը ստացավ 55 կողմ ձայն. դրա օգտին քվեարկեցին նաև երեք դեմոկրատներ: Իսկ դեմոկրատների օրինագիծը ստացավ՝ 47 կողմ, մինչդեռ ընդունվելու համար անհրաժեշտ էր 60-ը, ինչը կողմերից ոչ մեկը չապահովեց: Արդյունքում սկսվեց 1981-ից հետո 15-րդ շաթդաունը և առաջինը վերջին վեց տարում:
Թրամփը սպառնացել է. վարչակազմը կարող է գնալ կտրուկ քայլերի
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները դեմ են շաթդաունին: Ապա սպառնացել, որ այս ընթացքում, քանի դեռ Ամերիկայում տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը չի հաստատվել, վարչակազմը կարող է գնալ կտրուկ քայլերի՝ ծախսերը կրճատելու համար: Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ եթե շաթդաունը երկար շարունակվի, Թրամփի վարչակազմը պատրաստվում է մեծ թվով դաշնային աշխատողներ կրճատել:
«Եվ դեմոկրատները ոչինչ չեն կարող անել դրա դեմ: Օրինակ՝ մենք կարող ենք կրճատել մեծ թվով աշխատողների, ծրագրերը, որ նրանց դուր են գալիս», - ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ փոխնախագահն էլ դեմոկրատներին մեղադրել է տարաձայնությունները որպես քաղաքական լծակ օգտագործելու համար: Ըստ Ջեյ Դի Վենսի՝ սկզբում նրանք ասում էին, որ շաթդաունի կգնան, քանզի Թրամփը բռնակալ է, հետո էլ միլիոններ պահանջեցին ապօրինի ներգաղթյալների առողջապահական ապահովագրության համար, հիմա էլ ցանկանում են, որ այդ ապահովագրությունը մատչելի լինի ամերիկացիների համար: Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ իրենք էլ են նույնը ցանկանում և առաջարկել բանակցել:. «Չի կարելի կառավարությանը պատանդ վերցնել, քանի որ ցանականում եք բանակցել առողջապահության ծախսերի վերաբերյալ։ Եկեք բանակցենք, բայց դա անենք այնպես, որ կառավարությունն սկսի գործել և այդ կարևոր ծառայությունները մատուցվեն ամերիկացիներին», - հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը:
Դեմոկրատներն էլ Թրամփին և հանրապետականներին են մեղադրել շաթդաունի համար: Նախկին փոխնախագահ Քամալա Հարիսն ասել է, որ հենց նրանք են ղեկավարում երկիրը, հետևաբար սա նրանց պատասխանատվությունն է. «Սա նրանց շաթդաունն է»,- սոցցանցում գրել է նա։
Սենատի հատկացումների հանձնաժողովի փոխնախագահ, դեմոկրատ սենատոր Փեթի Մյուրեյն էլ հայտարարել է՝ շաթդաունը տեղի ունեցավ, քանզի հանրապաետականները չեն ցանկանում բանակցել ու իրենց աշխատանքն անել. «Հանրապետականները որոշեցին գնալ շաթդաունի, այլ ոչ թե լուծել առողջապահության ոլորտում իրենց իսկ ստեղծած ճգնաժամը ... Պատրաստ ենք նստել, բանակցել և լուծել այս խնդիրը», - ասել է նա:
Այս շաթդաունը կարող է նախորդներից ավելի երկար շարունակվել
Կանխատեսվում է, որ կառավարության գործունեության մասնակի կասեցումը տնտեսությանն օրական 400 միլիոն դոլար կարժենա։
ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունը եղել է 2018-ին՝ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ և տևել 35 օր: Անկախ վերլուծաբանների կանխատեսումներով՝ այս մեկը կարող է նախորդներից ավելի երկար շարունակվել: