Մատչելիության հղումներ

Անհետ կորած զինծառայողների ծնողները պատասխաններ են պահանջում Պաշտպանության նախարարությունից


Անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը 7 ժամ սպասելուց հետո Պաշտպանության նախարարության շենք՝ հանդիպման մտան: Այն կարճ տևեց, որովհետև այն պաշտոնյան չէր, ում հետ ուզում էին հանդիպել.

«Ի՞նչ խոսամ ես մի մարդու հետ, որին կյանքում առաջին անգամ եմ տեսնում»:

Ծնողներն այս պահին էլ չեն հեռանում նախարարության մոտից:

«Ծնողը ուզում ա ճիշտն իմանա՝ իրա էրեխեն զոհվել ա, վիրավորվել ա ... մի խոսքով, էլի, ուզում են իմանան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննես Պողոսյանը՝ Համազասպ Պողոսյանի հայրը:

Անհետ կորած զինծառայողների ծնողները հարցեր ունեն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին, հետախուզության նախկին պետին.

«Ուզում ենք էդ մարդկանց պրյամո էրեսներին նայելով հարցնենք՝ խի՞ ա տենց էղել»:

Իսկ եղել է այն, որ 44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ 172 զինծառայողի ճակատագիր անհայտ է, 19 քաղաքացիական անձինք նույնպես ոչ զոհերի, ոչ էլ գերիների ցանկում չկան: Հինգ տարի շարունակ ծնողները տարբեր դռներ են թակում՝ որևէ տեղեկություն գտնելու հույսով: Պատերազմական դժոխքի որ հատվածում, ինչ հանգամանքներում են անհետացել իրենց որդիները՝ ծնողները սեփական հետաքննություններն են անցկացնում:

«Հինգ տարի ա անցել, հինգ տարվա մեջ ոչ մի անհայտ կորածի պատասխան չեն տվել: Բայց որ խոսցնում ես՝ սաղ գործ են անում, սաղ, ում տենաս կառույցներից՝ «մենք աշխատում ենք»: Արա, չէ, էլի, չեք աշխատում»:

Շաբաթ օրը՝ 44-օրյա պատերազմի տարելիցին, մինչ զոհվածների հարազատները Եռաբլուրում էին, սեփական զավակներին փնտրող ծնողները Պաշտպանության նախարարության շենքի առջև էին: Այստեղ նրանց խոստացան, որ կընդունեն երկուշաբթի:

«Հմի էդ ժողովուրդը էկել են, իրենց էրեխեքի պատասխանն են ուզում, իրանցից ո՛չ փող են ուզում, ո՛չ գործ են ուզում, ոչ մի բան էլ չեն ուզում: Էդ էրեխեքին տարել ես՝ պատասխանը տուր»:

Այսօր ծնողներին տեղեկացրին՝ մի քանի հոգու կարող է ընդունել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Նրան ծնողները տեսնել չեն ուզում:

«Էսօր պիտի երեսուն ծնող ընդունեին, բայց ինչպես միշտ ... խույս են տալիս, հանդիպումը խույս են տալիս, վերջ»:

«Արման Սարգսյանը վաբշե մեզ չի էլ հետաքրքրում, հասկացա՞նք, որովհետև Արման Սարգսյանին բազմիցս տեսել ենք: Մեզ հետաքրքրում ա երեք կառույցի մարդիկ, երեք պաշտոնյա մարդիկ, որ էդ մարդկանց հարցեր ունենք տալու, մենք Արման Սարգսյանին հարց չունենք տալու»:

Պաշտպանության նախարարության անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվեց, ծնողները փորձում էին մուտքը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը: Հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ:

«Էսօր երկրի ղեկավարն ասում ա՝ Արցախը դա Ադրբեջան է, դա Ադրբեջանի սուվերեն տարածքն է: Էդ դեպքում հարց՝ բա Պաշտպանության նախարարությունը, նորից իրենց, բա ինչի՞ էիք տանում մեր էրեխեքին Ադրբեջան: Դե հիմա այ սենց, հելեք սենց սաղովի, գնացեք Ադրբեջան, գնացեք դուք Ադրբեջան, մեր էրեխեքին բերեք Ադրբեջանից, դուք եք ախր տարել, ես չեմ տարել»:

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարցերով Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում: Ծնողներին այդ կառույցում բազմիցս ընդունել են: Բայց նրանք կարծում են, որ Պաշտպանության նախարարության այս երեք պաշտոնյաներն են, որ տվյալներ ունեն, որ կօգնեն բացահայտվի իրենց երեխաների ճակատագիրը:

«Էս կառույցը տարել ա մեր էրեխեքին բանակ, տարել քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը ու ինքը քաշվել ա ղրաղ: Ֆսյո՞, իրա միսիան ավարտվե՞ց»:

«Էդ հարցերը անպատասխան մեկ ա չի մնալու: Մի ամիս կլինի, մի տարի կլինի, հինգ օր կլինի, յոթ տարի կլինի՝ մեկ ա էդ հարցերի պատասխանները իրանք տալու են»:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցով, փոխանակվել տեղեկություններով.

«Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։

Օրեր առաջ Բաքվում էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ անվտանգության միջազգային ֆորումին էր մասնակցում: Արդյո՞ք անհետ կորած ու գերեվարված անձանց վերաբերյալ քննարկում եղել է, հայտնի չէ: Ծնողներն ասացին՝ սպասում են հանդիպման: Իսկ ընդհանրապես արդեն հույս չունեն, թե կիմանան՝ որտեղ են իրենց որդիները.

«Հավատ չի էղել, չկա ու չի էլ լինելու ... »:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG