«Վալոդյա Գրիգորյանը սպանվել է ոստիկանության անգործության հետևանքով»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավարի սպանությանը:
Փողոցում ապօրինի զենքով զինված հանցագործներ «են վխտում և նման հաշվերահարդար են տեսնում» անմեղ մարդկանց հետ, հավելեց Թանդիլյանը:
Ոստիկանությունն այսօր կեսգիշերն անց հաղորդել էր, որ Մերձավանում կրակոցներ են հնչել, սպանվել են համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկան Կարեն Աբրահամյանը:
«Եթե ոստիկանությունն իր տեղում լիներ, ապա փողոցային հաշվեհարդարներով հարցեր չէին լուծվի: Վալոդյա Գրիգորյանը համեստ և հայրենասեր մարդ էր, ով պայքարում էր իր համայնքը ավելի լավը դարձնելու համար, չգիտեմ՝ դրանո՞ւմ էր իր մեղավորությունը, թե՞ ինչում», - ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարը:
Մանե Թանդիլյանի խոսքով՝ եթե ոստիկանությունը զբաղվեր իր գործով, իրական հանցագործներին բռնեին և «ոչ թե ֆեյք ձերբակալություններ իրականացնեին», այս իրավիճակը չէր լինի:
Հարցին, թե արդյոք այս սպանության հետևում տեսնո՞ւմ են քաղաքական դրդապատճառների ռիսկ, Մանե Թանդիլյանն ասաց, որ չի ցանկանում այս պահին ենթադրություններ անել, բայց բոլոր վարկածները պետք է ուսումնասիրվեն և պատշաճ հիմնավորվեն:
Արդյոք սպանված Վալոդյա Գրիգորյանը վերջին շրջանում սպառնալիքներ ստացե՞լ էր, լարված իրավիճակի մասին տեղեկություններ կուսակցության ներսում ունեի՞ն, «Ապրելու երկրի» ղեկավարն ասաց, թե նման տեղեկություններ չունի:
Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթանակ էր տարել ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:
Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով:
Մերձավանում կրակոցների և սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարչապետը դատապարտել է այս միջադեպը, հայտարարելով՝ պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել, և որ այդ վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։