Մատչելիության հղումներ

Առողջության ապահովագրությունը՝ «2026-ից». ովքեր են ներառվելու առաջին փուլում

Լրացված

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 1-ը հոկտեմբերի, 2025թ.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 1-ը հոկտեմբերի, 2025թ.

Մի քանի անգամ խոստացված ու այդպես էլ կյանքի չկոչված առողջության համապարփակ ապահովագրությունը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պնդմամբ, այս անգամ հաստատ կներդրվի:

Ոլորտի ղեկավարը հայտարարում է՝ առաջին փուլը կմեկնարկի 2026-ին՝ հաջորդող երկու տարիներին նոր խմբեր ներառելով: Նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա:

Մեկնարկային տարում աշխատող քաղաքացիներն ամսական 10 հազար 800 դրամ կվճարեն ապահովագրությունից օգտվելու համար: Իսկ առաջին փուլում ո՞ր խմբերը կներառվեն.

«Մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականին կներառվեն ապահովագրության համակարգում: Հաջորդիվ՝ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները և անապահովության բալլ ունեցող քաղաքացիները՝ 28 և ավել, որը ևս փոփոխման մեջ է այս համակարգը, էստեղ էլ ուզում եմ նշել, որ գնահատման ձևաչափերը փոխվում են», - հայտարարեց նախարարը այսօր ասուլիսի ժամանակ:

Ընդ որում, 2028-ից առողջապահական փաթեթի գինը կբարձրանա՝ քաղաքացիները 129 հազար 600-ի փոխարեն տարեկան 164 հազար 400 դրամ կվճարեն, կամ՝ ամսական 13 հազար 700 դրամ:

Մեկնարկային փուլում՝ հաջորդ տարի, ըստ առաջարկվող նախագծի, ապահովագրությունից կօգտվեն նաև ամսական 200 հազար դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները: Ավանեսյանի խոսքով՝ շուրջ 190 հազար աշխատողների այս խումբը առաջին փուլում ներառվել է հենց նրանց մեծ մասի պահանջով։

Իսկ ի՞նչ ծառայություններ են լինելու փաթեթում. - «Կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանը ուղղված սքրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ: Չափազանց սկզբունքային հարց է եղել, որ մենք ոչ թե ասենք՝ ապահովագրությունը փակում է ամեն ինչ՝ բացի, բացի սրանից, բացի նրանից, այլ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու, և ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այդ ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվո՞ւմ է, թե՞ ոչ», - ասաց Ավանեսյանը:

Փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որ տարիներ շարունակ ղեկավարել է Կառավարության հատկացրած գումարը նախարարությանը փոխանցող Պետական առողջապահական գործակալությունը, ասում է՝ e-draft-ում հրապարակված օրենքի նախագիծն այս տեսքով խախտում է սոցիալական հավասարության սկզբունքը:

«Անցումային փուլը արվում է շատ կտրուկ, իրականացվելու է ապահովագրավճարների հավաք, որը նախկինում նախատեսած չէր, նախատեսած էր միայն պետպատվերը, որից հետո աստիճանաբար ավելանալու էին արդեն ապահովագրավճար վճարող շահառուների խմբերը: Նաև սոցիալական արդարության, համերաշխության առումով որոշակի ետքայլեր են արվել, ավելի քիչ եկամուտներ ունեցող քաղաքացիները հավասարեցվել են ավելի բարձր եկամուտներ ունեցողներին. սա սոցիալական անարդարության դրսևորում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Ըստ նախագծի՝ ապահովագրական փաթեթ ունեցող քաղաքացին նախ պետք է պոլիկլինիկա գնա, հետո՝ հարկ եղած դեպքում ուղեգրվի հիվանդանոց:

«Անկախ փորձագետ» հասարակական կազմակերպության նախագահ Ծաղիկ Վարդանյանն ասում է՝ Կառավարությունը հաշվի չի առնում, որ մարդիկ հիմնականում ոչ թե պոլիկլինիկա են գնում, այլ՝ ուղիղ հիվանդանոց, մյուս կողմից էլ՝ պոլիկլինիկաներն, ըստ նրա, դեռ պատրաստ չեն այդ մեծ բեռի տակ մտնել:

«Ուզենք, թե չուզենք՝ մեր քաղաքացին նախընտրում է հենց հատկապես նեղ մասնագետներին հիվանդանոցում աշխատող: Պետք էր փոխվեր՝ ընդամենը միայն հավաքագրող բժիշկները լինեին թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ՝ առանձին օֆիսներում, էս մեծ պոլիկլինիկաները մի հատ պետք է հասկանալ՝ պետք են, թե չէ՝ ընդհանրապես, իսկ նեղ մասնագիտական ներուժը պետք է օգտագործեին հիվանդանոցի: Հիմա մենք ոնց Սովետմիություն կար համարյա՝ սխեման բերում մտցնում ենք ապահովագրական ծառայություն: Ինչքանով ինքը կենսունակ կլինի՝ կյանքը ցույց կտա, բայց իմ կարծիքով՝ ռիսկային է», - ընդգծեց Վարդանյանը:

Նախարարը համաձայն չէ, ասաց՝ վերջին չորս տարիներին 20 տոկոսով աճել է պոլիկլինիկա դիմող քաղաքացիների թիվը:

«Մեր նպատակն է, որ ամբուլատորիան հագեցվի, վերանորոգվի, և մեր մյուս ծրագրերով դա մենք անում ենք: Գիտեք, որ 19 ամբուլատորիա հիմա շինարարության, մարզային, փուլում է գտնվում, պոլիկլինիկաներ մարզային շինարարության նախագծման փուլում են, քաղաքապետարանը պոլիկլինիկաները իր մասով էր վերանորոգում: Բայց այսօր էլ ,չէ՞, անձը գնում է ամբուլատորիա, նրան ընտանեկան բժիշկը ուղղորդում է նեղ մասնագետի մոտ, եթե ամբուլատորիայում չի կարող լինել նեղ մասնագետ, կա մարզային բժշկական կենտրոնում, գնում է այդ նեղ մասնագետի մոտ, իր խորհրդատվությունը անցնում է: Ապահովագրությունը սա հնարավոր է դարձնում, որ անձը դրա համար չվճարի այդ պահին», - ասաց Ավանեսյանը:

Առաջին փուլում առողջության համապարփակ ապահովագրություն նախատեսված չէ մինչև 200 հազար դրամ եկամուտ ունեցողների համար, որոնք աշխատող քաղաքացիների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսն են կազմում:

«Երեք տարվա ընթացքում են ներառվելու մեր քաղաքացիները: Մինչև 200 հազար դրամ ստացողների վրա ֆինանսական բեռ ոչ ավելանում է, ոչ էլ նրանք դեռ ներառվում են համակարգ. դա տեղի կունենա հաջորդ տարի՝ 27 թվականին», - հայտարարեց առողջապահության նախարարը:

Ապահովագրության ներդրմամբ ակնկալվում է 30-60 տոկոսով կրճատել քաղաքացիների թիվը, որոնք փող չունենալու պատճառով բժշկի չեն գնում:

Կառավարությունը նախորդ տարի առողջապահությանն ուղղված ծախսերը 3.5 տոկոսով նվազեցրել էր (166.59 մլրդ դրամ), իսկ 2026-ին ավելացրել է՝ հասցնելով 210.9 միլիարդ դրամի: Դրա կեսից ավելին ուղղվելու է հենց առողջապահական ապահովագրությանը: Նախագիծն առայժմ քննարկման է դրված էլեկտրոնային հարթակում, այն դեռ պետք է քննարկվի ու հաստատվի խորհրդարանում:







Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG