Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ»-ի՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին


ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, արխիվ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, արխիվ

Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին: Դրա ընդունմանը դեմ էին հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, հենց նրանք էլ մեծամասնություն են հանձնաժողովում:

«Կոչ եմ անում ձեզ՝ դեմ քվեարկել նշված նախագծին, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը այլ ընթացակարգով է անցնում, այլ իրավական ընթացակարգով, տիկին Մկրտչյան, իսկ այս հայտարարությունը, որը անհրաժեշտ է լսումները կազմակերպելու համար, մենք ընդունել ենք ի գիտություն», - ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Խորհրդարանի թվով ամենափոքր ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագիծը գլխադասային հանձնաժողովում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները քննարկեցին մոտ երեք ժամ: Հիմնավորումները, որոնք շարադրված են հայտարարության նախագծում, ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ, գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի հիմնական ձախողումներն են:

«Այստեղ ներկայացված են բացառապես ամենաաղաղակող, ամենաշատ ցավ և խնդիրներ մեր երկրի համար առաջացնող փաստերը», - նշեց Հայկ Մամիջանյանը:

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ խարխլված է ազգային անվտանգության համակարգը՝ Արցախը կորսված է, գերիների հարցը՝ չլուծված, Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ խաթարված, տապալված է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգը: Դաշնակիցների հետ վատթարացած հարաբերություններն ու միակողմանի զիջումներն էլ, ընդդիմադիրների գնահատմամբ, Հայաստանը դարձրել են խոցելի: Հայտարարության նախագծում նշվում է նաև ժողովրդավարության նահանջի, ծաղկող կոռուպցիայի, հովանավորչության մասին:

Փաստաթղթում տեղ գտած այս հիմնավորումները հանձնաժողովում դարձյալ թարմացրին իշխանության և ընդդիմության՝ միմյանց ուղղված մեղադրանքները:

«Ես առաջարկում եմ հայտարարությունը անվանել հետևյալ կերպ՝ «8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության ճգնաժամի և ընդդիմադիր գործունեության ձախողման մասին» նախագիծ», - հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:












Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG