«Հայրենիք» կուսակցությանն ենք աջակցում, իրա թեկնածուին, և [Էջմիածնի ՏԻՄ ընտրությունների] արդյունքներից հետո մենք քաղաքական որոշում երկուսով կկայացնենք: Հայաստանի քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը էսօր ես տեսնում Վանեցյան Արթուրին և պատրաստ եմ իրան օգնեմ, որ կայանա ինքը որպես քաղաքական գործիչ: Հայաստանի քաղաքացին ինձ հարց է տալիս անընդհատ՝ Դո՞ւք եք լինելու վարչապետի թեկնածուն, ասում եմ՝ ոչ, չէ՞, միշտ դա եմ չէ՞ ասել: Կարա և լինի Արթուր Վանեցյանը, կարա լինի և ուրիշ, բայց ես չեմ». - Civilnet-ին երեկ տված հարցազրույցում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի արած այս հայտարարությունն ինչքան կայծակնային տարածվեց, նույնքան արագ էլ դրա վերաբերյալ շտապեց պարզաբանում տալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, թե հաջորդ ընտրություններին համագործակցությունը չեն քննարկել, խոսքը բացառապես Վաղարշապատի տեղական ընտրությունների մասին է: Չնայած «Հայրենիք»-ի գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանն այսօր պնդում էր՝ ոչ մի սխալ բան Սամվել Բաբայանը չէր ասել:
Նախինում իրար հետ համագործակցության փորձ չունեցող, տարբեր քաղաքական հռետորաբանություն ունեցող այս գործիչների հնարավոր գործակցությունը շատերի զարմանքն էր հարուցել:
«Ազատության» հետ զրույցում թե՛ Սամվել Բաբայանը, թե՛ Սոս Հակոբյանը այսօր հավաստիացնում էին՝ խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու պայմանավորվածություն չկա:
«Մենք իրար հետ ճանապարհ ենք գնալու՝ Էջմիածնի ընտրությունների արդյունքներից ելնելով ենք որոշում կայացնելու, այսինքն՝ հասարակությունը էդ համագործակցությունը ընդունե՞ց, թե՞ չընդունեց», - ասաց Բաբայանը:
«Բայց Ձեր հայտարարությունից ստացվում է, որ, այնուհանդերձ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կա որոշակի քննարկում՝ միասին մասնակցելու, Վանեցյանի հետ», - այս դիտարկմանը Արցախի պաշտպանության նախկին նախարարն պատասխանեց. - «Ոչ, որևիցե նման բան չկա, կա խնդիր, որ մեր համագործակցությունը Էջմիածնում կորոշի մեր հետագա անելիքները: Բերեք սենց ձևակերպենք ու դրանով կանգ առնենք, չխորանանք»:
«Բայց եթե հետագա անելիքներից եք խոսում, ուրեմն քննարկում ունենում եք Վանեցյանի կուսակցության հետ», - սրան էլ նա արձագանքեց. - «Ես Վանեցյանի կուսակցության, Վանեցյանի հետ եմ հանդիպում, խոսում, կուսակցության անդամների հետ ես նման հարցեր չեմ քննարկել, չեմ խոսել, տեղյակ չեմ: Ես ասեցի էն, ինչ որ խոսել ենք իր հետ»:
Հարցին էլ՝ «իսկ Վանեցյանի հետ ի՞նչ եք խոսում», Բաբայանը պատասխանեց. - «Էջմիածնում համագործակցում ենք, ես օգնում եմ իրա կուսակցության այդ թեկնածուին, ու վերջ: Դրանից հետո արդյունքներով կգնանք կնստենք կխոսենք»:
Համագործակցությունը ստացվելու դեպքում, բացառո՞ւմ է արդյոք, որ այն խորհրդարանական ընտրություններում էլ կկայանա, «Հայրենիք»-ի գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանն այս առնչությամբ ասաց. - «Ես նորից չեմ պատասխանի Ձեր հարցին, ասելով՝ ես չեմ բացառում և շարունակություն, որպեսզի դա էլ չդառնա հերթական վերնագիրը և չստացվի, որ մենք որևէ ակնարկ ենք անում միասին գնալու խորհրդարանական ընտրությունների, քանի որ էդպիսի բան չկա, էդպիսի իրականություն չկա: Նույն հարցը Դուք կարող եք տալ նաև տասնյակ այլ անձանց վերաբերյալ, ում հետ մենք կա՛մ տեղական մակարդակում համագործակցել ենք, կա՛մ հենց Վաղարշապատում են մեզ աջակցում, բայց դրանք տարբեր մակարդակներ են, տարբեր քաղաքական լիգաներ են: Էս պահի դրությամբ գործում է կուսակցության նախագահ Վանեցյանի էն հայտարարությունը, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց՝ չբացառելով կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ և հասկանալու՝ որն է ամենաարդյունավետ ձևաչափը»:
Սամվել Բաբայանը 2021-ի ընտրություններում գլխավորում էր խորհրդարան չանցած Ազատական կուսակցության ցուցակը, վարչապետի թեկնածուն էր: Նա այսօր Էջմիածնի ընտրություններով պայմանավորեց 2026-ի ընտրություններին մասնակցության հնարավորությունը:
«Հայրենիք»-ը, որը նախորդ ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցության հետ դաշինքով մասնակցեց, խորհրդարանում էլ որոշ ժամանակ ամենափոքր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմեց, այժմ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժի հետ կրկին նույն ճանապարհը անցնել չի ուզում:
«ՀՀԿ-ի մասով մենք և, այդ թվում ինչու չէ՝ նաև ՀՀԿ-ն, բազմիցս ասել է, որ դաշինքը եղել է իրավիճակային և եղել է պայմանավորված հետպատերազմյան ժամանակաշրջանում անցկացվող ընտրություններին գոնե ամեն ինչ անելու, որ ամեն գնով Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի: Ցավոք, դա չստացվեց: Դա չի ենթադրել որևէ շարունակականություն քաղաքական համատեղ գործունեության, չի էլ եղել հետագայում էդ համատեղ գործունեությունը քաղաքական և ներկայում չկա: Հետևաբար, հիմքեր՝ ասելու, որ դա կրկնություն կունենա, չկա և չի կարող լինել», - հայտարարեց Հակոբյանը:
Սամվել Բաբայանն ասում էր՝ հասարակությունը համախմբում է ուզում, պատասխանելով հարցին՝ փնտրո՞ւմ է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություն: Առանց անուններ տալու չհերքեց՝ գաղափարակիցներ գտնելու ճանապարհին քննարկումներ կան տարբեր ուժերի հետ, պնդում էր՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նրանց շարքում չէ: Իսկ ահա խորհրդարանում հայտնվելու դեպքում համագործակցությունը իշխանության հետ չբացառեց:
«Իշխանության հետ ես քննարկում չեմ անում, որևիցե քննարկում չունեմ, որևիցե շփում չունեմ, շատ վաղուց իշխանական որևիցե մեկի հետ, 21 թվից էս կողմ», - վստահեցրեց Արցախի պաշտպանության նախկին նախարարը:
Վաղարշապատի արտահերթ ընտրությունները նոյեմբերի 16-ին են: «Հայրենիք»-ի քաղաքապետի թեկնածուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է: Բայց թե Բաբայան-Վանեցյան համագործակցությունն այս ընտրություններում ինչ տեսք կստանա, Բաբայանի կուսակիցները նախընտրական ցուցակում կընդգրկվեն, թե ոչ, դեռ չեն բացահայտում: