Առաջիկա օրերին կհայտարարվի քաղաքական նոր ուժի ձևավորման մասին, որը, «Ազատության» տեղեկություններով, կառաջնորդի քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած Արման Թաթոյանը:
«Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս: Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության», - հայտարարում է նախկին օմբուդսմենը:
Արման Թաթոյանն աշխատել է Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին շրջանում:
«Մարդիկ ատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ: Պետական սահմանում մարդիկ ապրում են գյուղում, եկել են ադրբեջանական զինվորականները, շոկի մեջ են մարդիկ հայտնվում, պետությունը փոխանակ գնա նրանց հետ աշխատի՝ ոչ միայն աշխատանքներ չի տանում, նաև հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է». - հատկապես 44-օրյա պատերազմից հետո Թաթոյանի ու իշխանության հարաբերությունները հարթ չէին, ներքաղաքական թեմաներով քննադատությանը գումարվեցին արտաքին հարցերը: Արման Թաթոյանն ադրբեջանական ներխուժումներից հետո հասնում էր սահմանային բնակավայրեր՝ ադրբեջանցի զինվորականների հայտնվելուց հետո վտանգները գնահատելու համար, խոսում էր բնակիչների խախտված իրավունքների և Կառավարության բացթողումների մասին: Նրան իշխանությունը հակահեղափոխական անվանեց, կողմնակալ, նրա գործունեությունը գնահատեցին ընդդիմադիր:
Նախկին ՄԻՊ-ը այս պահին ձեռնպահ է մնում պատասխանել հարցերին՝ թիմում է՞լ ովքեր են: Միայնա՞կ, թե՞ դաշինքով կմասնակցեն ընտրություններին, և գլխավորը՝ այդ ո՞ր ուժերն են, որոնց հետ համագործակցություն պատկերացնում է:
«Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է», - Ազգային ժողովի նախագահի այս գրառումից չորս ամիս է անցել, ուստի հերթական ընտրություններին ճիշտ ութ ամիս մնաց:
Այս ընթացքում քաղաքական հայտ ներկայացրեց նաև եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումը: Նոր շարժման մասին հայտարարվեց օգոստոսի վերջին, այն դեռ քաղաքական միավոր չի դարձել, բայց ընդդիմադիր որոշ գործիչներ արդեն կանխատեսում են, թե խորհրդարան անցնելու շանս ունի: Նրանց թվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ո՞վ կղեկավարի կուսակցությունը, ովքե՞ր կլինեն թիմում, ո՞վ կլինի վարչապետի թեկնածուն, եթե մասնակցեն ընտրապայքարին, չի հստակեցվել, միլիարդատիրոջ եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը մի քանի օր առաջ միայն մի հարցի է պատասխանել՝ շարժումը ե՞րբ ուժ կդառնա. - «Հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին պրոցեսները սկսել»:
Ընտրապայքարի մեջ մտնելու որոշում ունի «Ապրելու երկիր»-ը, որը նաև ՏԻՄ ընտրություններին ոչ միայն մասնակցելու, այլև հաղթանակի փորձ ունի՝ Փարաքարի սպանված համայնքապետն էր այս կուսակցությունից, նրան փոխարինած Օնիկ Ախվերդյանը ևս:
Բայց միայնա՞կ, թե՞ դաշինքով, ընթացող քննարկումներից է կախված:
«Ընդդիմադիր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնց հետ մենք որևէ համագործակցություն բացառում ենք: Խոսքը վերաբերում է նախկին նախագահների գլխավորած ուժերին, այսինքն՝ իրենց քաղաքական գնահատականը որպես նախկին իշխանություն ոչ միայն մենք, այլ ժողովուրդն էլ է տվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր»-ի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Հարցին՝ «բոլոր երեքի՞ մասին եք խոսում», Առաքելյանը պատասխանեց. - «Այս պահին քաղաքական դաշտում ակտիվ են երկու նախագահները, ովքեր նաև խորհրդարանում են ներգրավված և նաև որպես խորհրդարանական ընդդիմություն տապալել են իրենց նաև առաքելությունը խորհրդարանում, որովհետև իրենք խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին իշխանափոխության օրակարգով»:
Կուսակցության համահիմնադիրն ասաց՝ կան շփումներ տարբեր ուժերի հետ, չհերքեց՝ նրանց շարքում են առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը, քաղաքական ճանապարհ սկսող Արման Թաթոյանը, բայց հիմա համագործակցության մասին խոսելը վաղ համարեց:
«Մեր նպատակը մեր թիմը ուժեղացնելն է, ընտրությունների գնալ ավելի ուժեղ թիմով, որը կարժանանա հանրության ավելի բարձր վստահության: Հիմա, դրա շրջանակներում էդ ճանապարհին կա՞ն արդյոք ուժեր, որ մենք կհասնենք էդ ուժերի հետ մի ցուցակով գնալ, դաշինքով գնալ, ավելի արդյունավետ կլինի՞՝ դրա շուրջ են քննարկումները: Հիմա, ինչ արդյունք կլինի՝ կտեսնենք: Նաև շատ կարևոր է, որ էդ համագործակցությունը լինի բնական, ընկալելի հանրության համար, այսինքն՝ չգնաս դու դաշինք կազմես մի ուժի հետ, որ ժողովուրդն ասի՝ «էս չորս տարի է իրար ինչ ասես ասում եք, էսօր եկել եք ...», - նշեց Մեսրոպ Առաքելյանը:
Եվ, թերևս, օրվա անակնկալը դարձավ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է և ընտրական դաշինքի հիմք դառնալ։
Սամվել Բաբայանը 2021-ի արտահերթին խորհրդարան չանցած Ազատական կուսակցության վարչապետի թեկնածուն էր: Այսօր Civilnet-ի հետ զրույցում Բաբայանն անգամ չի բացառել, որ նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի հետ դաշինք կազմած «Հայրենիք» կուսակցության ղեկավարը կարող է լինել վարչապետի թեկնածուն: Բայց նախ համատեղ կփորձեն աշխատել նոյեմբերին կայանալիք Էջմիածնի ընտրություններում՝ աջակցելով Վանեցյանի կուսակցության թեկնածու` բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին:
Ի պատասխան՝ «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Ֆեյսբուքում գրել է. - «Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում Սամվել Բաբայանի կողմից մեր թեկնածուին աջակցելուն հարգանքով ենք վերաբերվում։ Դրանից դուրս որևէ քննարկում չենք ունեցել։ [...] Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այս իշխանության դեմ իրական պայքարող ցանկացած ուժի հետ պատրաստ ենք ունենալ քննարկումներ և համագործակցություն։ Յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Սամվել Բաբայանի իրավունքն է աջակցել այս կամ այն թեկնածուին, և մենք ուրախ ենք, որ Սամվել Բաբայանը Էջմիածնում աջակցում է հենց Խաչիկ Մանուկյանին»։
Միաժամանակ, Հակոբյանն ընդգծում է. - «Մենք հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք առանձին։ Մինչ այս պահը որևէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել, իսկ խորհրդակցություններ մշտապես ունեցել ենք և կշարունակենք ունենալ ընդդիմադիր մյուս ուժերի հետ»։
Այդ նույն ընթացքում Սերժ Սարգսյանը հերքում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ղեկավարած ուժի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու հեռանկարը. - «Այդպիսի գաղափար ընդհանրապես չի եղել»:
Հանրապետականի ղեկավարն այսօր էլ պնդեց՝ 26-ի ընտրություններին մասնակցելու որոշում չունեն: