Մատչելիության հղումներ

«Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի». Քոչարյանի համոզմամբ՝ երկու ընդդիմադիր ուժ միասին ավելի շատ ձայն կարող են ստանալ


«Մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը». - երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ`ութ ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերից խորհրդարան կանցնեն իր առաջնորդած «Հայաստան» դաշինքը և միլիարդատեր գործարար, այժմ անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը: Ընդ որում, Քոչարյանի համոզմամբ, այս երկու ընդդիմադիր ուժերը հավականում են միասին ավելի շատ ձայն ստանալ խորհրդարանում, քան Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը:

Այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին՝ «ձեր շանսերը Դուք ինչպե՞ս եք գնահատում մի քանի ամսից կայանալիք ընտրություններում», նախկին նախագահը հայտարարեց. - «Չեմ ուզում տոկոսների, բանի, սենց ասեմ՝ բոլոր, համենայն դեպս, սոցիոլոգիայով, մի քիչ վերև, ներքև, այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան, բավական, սենց ասեմ՝ շատ չեն զիջում ՔՊ-ին, բավական փոքր, բավական փոքր սենց մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավելի են, քան ... մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը: Կլինի՞ երրորդը, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդը»:

Երկրորդ նախագահի կարծիքով՝ այսօր Փաշինյանին պարտության մատնելու շանսերն ավելի մեծ են, քան 2021 թվականին, քանի որ նախորդ ընտրությունների համեմատ մարդկանց տրամադրությունները փոխվել են, բոլորովին այլ վիճակ է:

«Իմ տպավորությամբ և այն սոցիոլոգիայով, որը այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի, եթե սխալներ չգործենք», - պնդեց Քոչարյանը:

Փորձելով հիմնավորել պնդումը՝ Ռոբերտ Քոչարյանի նշում է, որ 2021-ի նախընտրական բոլոր խոստումները Փաշինյանը ձախողել է, և նրա նախկին կարգախոսներն այսօր այլևս չեն աշխատելու: Տվյալ դեպքում, վարչապետը խոստացել էր ժողովրդավարություն, բայց սրբազաններին ու Սամվել Կարապետյանին բանտարկելով՝ այլևս չի կարող խոսել ժողովրդավարական արժեքներից, խոստացել է սոցիալական արդարություն, սակայն աղքատության ցուցանիշները չեն փոխվել, խոստացել է Ղարաբաղը պահել , Շուշին և Հադրութն էլ դեօկուպացնել , սակայն Արցախն ամբողջությամբ հայաթափված է:

«Հիմա արդյո՞ք մեր ժողովուրդը պատրաստ է ամբողջությամբ, սենց ամբողջ փաթեթային ձախողում ունեցող մարդու ընտրել: Կարծում եմ, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է նաև տրամադրությունների մեջ: Եվ այդ տեսակյունից ես շատ ավելի լավատես եմ հիմա: 21 թվին այդպես չէր, այդ լավատեսությունը չկար», - նշեց նախկին նախագահը:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, որ, նրա խոսքով, բերել է պատերազմ և հազարավոր զոհերով ծնել է իր խաղաղության օրակարգը, 2026-ի ընտրություններում փորձելու է հաղթաթուղթ դարձնել հենց խաղաղությունը: Բայց, Քոչարյանի համոզմամբ, ընդդիմության խնդիրն է ցույց տալ հանրությանը, որ իրականում Ադրբեջանի հետ խոստացած խաղաղությունն էլ չկա, կա ընդամենը զինադադար, որը կախված է մեկ մարդու քմահաճույքից. - «Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը, որովհետև այդ փաստաթղթերում և ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվում»:

Թե ինչ ֆորմատով երկրորդ նախագահի թիմը կմասնակցի 2026-ի ընտրություններին, Ռոբերտ Քոչարյան ասում է՝ հարցը դեռ որոշված չէ, քննարկում էլ չի եղել: Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար-փետրվար ամիսներին, ավելի շուտ նախընտրական պրոցեսների մեջ մտնելը Քոչարյանը ճիշտ չի համարում:

«Ով է գլխավորելու ցուցակը, կախված է հետևյալից՝ ով կունենա առավելագույն շանսեր սոցիոլոգիայի համաձայն», - վստահեցրեց երկրորդ նախագահը:

«Ի՞նչ է ստացել Հայաստանը՝ միայն պրոբլեմներ»

2026-ի ընտրություններին առնչվող հարցերին պատասխանելուց առաջ, շուրջ երեք ժամ տևած ասուլիսը Ռոբերտ Քոչարյանը սկսեց Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի քննադատությամբ: Նա մեծ էկրանին պատկերված քարտեզի վրա փորձում էր ցույց տալ, որ «Թրամփի ուղին» ձեռնտու է միայն ԱՄՆ-ին և Ադրբեջանին, քանի որ ԱՄՆ-ը ստացել է տրանզիտային նշանակության այդ ճանապարհի, ինչպես նաև Իրանի հետ սահմանը վերահսկելու հնարավորություն, Ալիևն էլ, իր հերթին, ստացել է միջանցքի իրավունք:

«Հիմա, ի՞նչ է ստացել Հայաստանը՝ զրո, միայն պրոբլեմներ: Եվ վերջապես ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը՝ ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ և ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին», - պնդեց նախկին նախագահը:

Քոչարյանի համոզմամբ՝ TRIPP-ը կարող է շահավետ լինել Հայաստանի համար, եթե Երասխ -Ջուլֆա-Իրան երկաթուղին սկսի աշխատել, այդ դեպքում Երևանը երկաթուղային կապ կստանա Իրանի հետ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով ելք կունենա դեպի Ռուսաստան. - «Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ և վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար»:

Ըստ Քոչարյանի՝ եթե Բաքուն որոշի, որ չի ուզում երկաթգիծը կառուցել մինչև Հայաստանի սահման, որով Հայաստանի համար հնարավորություն կստեղծվի դուրս գալ դեպի Իրան ու Ռուսաստան, ապա ամերիկյան կողմը որևէ լծակ չունի ստիպելու Ադրբեջանին անել դա: Հետևաբար, շարունակեց նա, պետք էր ամեն ինչ անել, որպեսզի TRIPP-ը ներառեր ոչ թե Հայաստանի տարածքով անցնող 42-կիլոմետրանոց հատվածը, այլ շատ ավելի երկար ճանապարհ:

«Ազատություն»-ը հարց ուղղեց երկրորդ նախագահին, թե ինչո՞ւ է պնդում, որ ԱՄՆ-ն է վերահսկելու այդ ճանապարհը, քանի որ համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականության ու իրավազորության սկզբունքները: Եվ բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանը Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրելով՝ պետք է ստանա փոխադարձ առավելություններով միջազգային ու ներպետական հաղորդակցություն:

«Դուք շարունակում եք հավատալ այն ամեն ինչին, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյա՞նը: Ուղղակի ստում է: Նայեք՝ հենց այդ ստորագրած փաստաթղթով տարբերվում է, առանձնացվում է այդ ճանապարհը, սա ինչ-որ բան մեզ հուշո՞ւմ է, թե՞ չի հուշում. սա հուշում է հետևյալը, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից», - հարցին արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահը:

Նիկոլ Փաշինյանն օրերս խորհրդարանում կրկին պնդել էր՝ ԱՄՆ–ը և Հայաստանը պայմանավորվել են, որ «Թրամփի ուղի» նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG