Մատչելիության հղումներ

«Թրամփի ուղուն» մասնակցելու համար երրորդ երկրները պետք է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համաձայնությունը ստանան. վարչապետ


«Թրամփի ուղու» կառուցմանն ու գործարկմանը մասնակցելու համար երրորդ երկրները պետք է ոչ միայն Հայաստանի, այլև Միացյալ Նահանգների համաձայնությունը ստանան, այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա միաժամանակ չբացառեց, ավելին՝ ցանկալի համարեց, մասնավորապես, Եվրամիության ներգրավվածությունը՝ միաժամանակ շեշտելով, որ դրան պետք է նաև Վաշինգտոնը կանաչ լույս վառի:


«TRIPP ուղին քննարկվում է ՀՀ-ԱՄՆ երկկողմ ձևաչափով, երրորդ կարող է ներգրավվել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն: Իհարկե, մենք շահագրգռված ենք, Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է, և մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն, բայց էլի զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում», - ասաց նա:

Եվրամիությունը ողջունել էր վաշինգտոնյան համաձայնությունները՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել դրանց կայացմանը: Կառույցն օրեր առաջ վերահաստատեց Հայաստանին ևս 200 միլիոն եվրոյի աջակցությունը դիմակայունության համար:



Հայաստանյան որոշ քաղաքական ուժեր կառավարությանը կոչ են անում Միացյալ Նահանգներից բացի, նաև համաշխարհային դերակատարների ներգրավել տարածաշրջանի ապաշրջափակմանը՝ ապահովելու ուժերի հավասարակշռություն:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսում, օրինակ, համոզված են, որ առանց BRICS-ի անդամ երկրների, ապաշրջափակման փոխարեն միայն Ադրբեջանը Հայաստանի տարածքով կստանա ճանապարհ:

«Շատ միակողմանի գործարք է առաջարկվում աշխարհաքաղաքական առումով՝ անտեսելով հզորացող այնպիսի աշխարհաքաղաքական բևեռի և միավորման շահերը, ինչպիսին է BRICS-ը: Այնտեղ մենք ունենք, ըստ էության, ռազմավարական դաշնակիցներ՝ ի դեմս Ռուսաստանի և Հնդկաստանի, ռազմավարական գործընկերներ՝ ի դեմս Չինաստանի և Իրանի, և այդ մի ամբողջ աշխարհաքաղաքական մեծ խաղացողի կոմպոնենտի դերն ընդհանրապես նսեմացված է», - ասաց Զուրաբյանը:

Սա, ըստ նրա, մեծ ական է դնում խաղաղության գործընթացի տակ, որովհետև ամեն ինչ թողնված է Թրամփի հայեցողությանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով այս դիտարկմանը օրերս ասել էր, թե «Թրամփի ուղին» Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» մի մասն է:

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև, նույնօրինակ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաներն են բացվում, և ոչ միայն օրինակ՝ Ադրբեջանը կարողանալու է Հայաստանի տարածքով երրորդ երկրներ գնալ, և Հայաստանը կարողանալու է Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ գնալ, բայց նաև օրինակ՝ Իրանը Նախիջևանի և Հայաստանի միջոցով և հետո Վրաստանի միջոցով կարողանալու է երկաթգծային կապ ստանալ Սև ծովի կամ Ռուսաստանի հետ: Ռուսաստանը Հայաստանի միջոցով կարողանալու է երկաթուղային կապ ունենալ Իրանի, Թուրքիայի հետ պոտենցիալ», - նշել է նա:

Ուստի Երևանը, Ռուբեն Ռուբինյանի խոսքով, ցանկանում է, որ հնարավորինս շատ երկրներ օգտվեն Հայաստանի ճանապարհներից: Ազգային ժողովի փոխնախագահը հավաստիացրել էր, որ Ռուսաստանում և Իրանում էլ ըմբռնում կա, որ վաշինգտոնյան համաձայնությունները մեծ հնարավորություններ են բացում նաև իրենց համար: Ռուբինյանը, սակայն, չէր հստակեցրել՝ արդյո՞ք Վաշինգտոնը համաձայնություն կտա, որ դրանից օգտվեն նաև Թեհրանն ու Մոսկվան, որոնց հետ փաստացի հակամարտության մեջ է հիմա:

Ամերիկյան կողմի հետ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան



Իսկ ամերիկյան կողմի հետ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան՝ ինչպես է գործելու այդ ճանապարհը. Վաշինգտոնից եկած պատվիրակության հետ բանակցություններն այսօր ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Բայց համոզված եղեք, որ TRIPP ուղու օրակարգը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ է այն դեպքը, որ էլի մեր ընկալուն այն է, որ օգոստոսի 9-ի առավոտը նայում ենք՝ էքսկավատորը այնտե՞ղ է, թե՞ չէ, չկա էքսկավատորը, էլի ֆեյք է հերթական: Տենց չի աշխատում»,- նշեց վարչապետ Փաշինյանը:


Վաշինգտոնյան հանդիպմանը Դոնալդ Թրամփն ասել էր, որ ճանապարհը գործարկելու 99 տարվա խոստում է ստացել Նիկոլ Փաշինյանից: Երևանում, սակայն, ասում են՝ որևէ խոստում չկա, խոսքը մինչև 99 տարվա մասին է, որը տեսականորեն կարող է և շատ ավելի կարճ լինել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG