Մատչելիության հղումներ

«Թրամփի ուղիով» Ադրբեջանը զենք կանցկացնի՞. վարչապետի արձագանքը


Վարչապետն այսօր ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ Ադրբեջանը «Թրամփի ուղի» անունը ստացած Սյունիքի ճանապարհի գործարկումից հետո կկարողանա զենք ու զորք անցկացնել Ադրբեջանի հիմնական մասով դեպի Նախիջևան: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ ընդհանուր առմամբ, ճանապարհների գործարկման մանրամասները դեռ համաձայնեցված չեն, բայց կրկին վստահեցրեց՝ ցանկացած լուծում լինելու է փոխադարձության սկզբունքով:

«Եթե մի պայման գործում է Հայաստանի դեպքում, այդ պայմանը գործում է նաև Ադրբեջանի դեպքում: Մենք մեզ պիտի հարց տանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքը անցնի Նախիջևանով, այսինքն՝ մենք ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում, որովհետև մեր իրականության մեջ ընդհանրապես կա այդ պրոբլեմը, որ մենք անընդհատ խոսում ենք ուրիշների մասին, չենք խոսում մեր մասին: Երբ մենք կորոշենք, որ մենք ուզում ենք, որ մենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, որ Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանենք երկութուղով և հետ բերենք, ուրեմն կորդեգրենք համապատասխան բանաձև և այդպես շարունակ», - ասաց Փաշինյանը

Վաշինգտոնում ընդունված հռչակագրով Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն է ստանում, Հայաստանի դեպքում՝ «անխոչընդոտ» ձևակերպումը բացակայում է, փոխարենը նշված է՝ Հայաստանն էլ ստանում է միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով:

Այդ համաձայնություններից հետո անցած ավելի քան մեկ ամսում լրագրողները Սյունիքի ճանապարհով արդբեջանցիների անցման վերաբերյալ տարբեր հարցեր են ուղղել վարչապետին, բայց Նիկոլ Փաշինյանն այդպես էլ փակագծեր չի բացել՝ միայն հավաստիացնելով, որ պահպանվելու են Հայաստանի առանցքային հինգ սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն:

«Սկզբունքը նրա համար է, որ մենք չասենք՝ իսկ անձրևի հետ ի՞նչ է լինելու, իսկ կարկուտի՞ դեպքում, երաշտի՞ դեպքում, դրա համար է, որ մենք չենք կարող մի հարցի վերաբերյալ ունենալ մի քանի հատոր դեպքեր դա մեկնաբանելու համար: Դրա համար մենք ունենք 5 սկզբունք, որոնք արձանագրված են, հրապարակված են, ստորագրված են, և ամեն ինչ տեղավորվելու է այդ տրամաբանության մեջ», - ասաց նա:



XS
SM
MD
LG