Երեկվանից Բաքվում է ամերիկյան պատվիրակությունը: Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Միջին միջանցքի հարցով մասնագիտացած առաքելությանը, ըստ Բաքվի հաղորդագրության՝ ընդգծվել է վաշինգտոնյան նախագծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը:
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը Բաքվում հանդիպումների արդյունքներով ասել է, թե «Թրամփի ուղու» հետ կապված աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններ կան. - «Մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Իրանը չեն ցանկանում, որ այս միջանցքը բացվի։ Թուրքիան, ընդհակառակը, կողմ է դրա բացմանը։ Հայաստանը նույնպես հետաքրքրված է այս գործընթացով, քանի որ նրանց համար շահավետ կլինի մաքսատուրք գանձել այդ երթուղով անցնող բեռների համար։ Ես կարծում եմ, որ այս հարցը կպահանջի որոշակի անվտանգության երաշխիքներ և դիվանագիտական մոտեցում»:
Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե մասնավորապես ինչ նկատի ունի: Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Սյունիքով անցնող ճանապարհը պետք է անվտանգ լինի ադրբեջանցիների համար՝ նկատի ունենալով հայ սահմանային ու մաքսային ծառայողների հետ շփման բացառումը:
Երեկ հայտնի դարձավ, որ Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նաև Երևանում են նախատեսվում քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման համար: Հստակ չէ՝ արդյո՞ք խոսքը նույն պատվիրակության մասին է: Հայաստանի արտգործնախարարությունը մանրամասներ չի հաղորդում՝ խոստանալով ավելի ուշ տեղեկացնել ամերիկացիների այցի մասին:
Մինչ այդ, Ադրբեջանի խորհրդարանն այսօր հատուկ նիստում քննարկում էր Վաշինգտոնի համաձայնագրերը: Ելույթների առանցքում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն է, որը պաշտոնական Երևանն անընդունելի է համարում:
Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ասել է, թե վաշինգտոնյան համաձայնագրերը Ադրբեջանի վերջին տարիների ամենակարևոր քաղաքական և դիվանագիտական հաջողություններից են. - «Իլհամ Ալիևի նախաձեռնած «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը ծառայում է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»:
«Խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» խորագրով նիստում չնշելով, որ Վաշինգտոնում այդ ճանապարհին արդեն Դոնալդ Թրամփի անունն են տվել, Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովն ավելի հեռուն է գնացել՝ հույս հայտնելով, որ միջանցքը կստանա Իլհամ Ալիևի անունը. - «Վաշինգտոնի հանդիպմանը ստացվեց միջազգային երաշխիք Զանգեզուրի միջանցքի իրականացման համար։ Ադրբեջանի դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը»:
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, այսօր նորից «Զանգեզուրի միջանցքից» սպասվող օգուտների մասին է խոսել՝ չհստակեցնելով, թե ինչ սկզբունքներով է գործելու այդ ճանապարհը:
«Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», - հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նույն րոպեներին Ադրբեջանի տրանսպորտային քաղաքականության գլխավոր պատասխանատուն հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքների ավարտը Ադրբեջանի տարածքում նախատեսված է հաջորդ տարի: Պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան ևս սկսել է Կարսից 224-կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը:
Հայաստանում Իրանի դեսպանին են լրագրողներն ասել, որ վաշինգտոնյան համաձայնություններից հետո էլ Ադրբեջանում պնդում են, թե գործելու է «Զանգեզուրի միջանցքը»:
«Միջանք չկա: Խոսքը ճանապարհի մասին է: Ոչ խաղաղության պայմանագրում, ոչ էլ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա: Ոչ մի միջանցք չի լինելու», - հայտարարել է դեսպան Մեհդի Սոբհանին:
Երևանը պնդում է, որ ճանապարհը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո: Փաստաթղթերում կարգավորումները նշված չեն, մասնավորապես՝ ամերիկյան կողմը ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ երթուղում: