Մատչելիության հղումներ

Ճանապարհի շուրջ հակասող կարծիքներ․ Բաքուն խոսում է միջանցքից, ՀՀ իշխանությունը՝ փոխադարձությունից, ընդդիմությունը՝ զիջումից


Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևի պահանջը, վաշինգտոնյան հանդիպմանը նվիրված կառավարության հատուկ նիստում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

«Սա ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք է, մեր պետության քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն», - ասել է նա:

«Հաղթական, պատմական»՝ այս բառերով են այսօր Ադրբեջանի կառավարությունում բնորոշել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը, որի արդյունքով Հայաստանը համաձայնեց Սյունիքով դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, ինչպես նշված է փաստաթղթում, Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Ենթադրվում է, որ ճանապարհի բիզնես կառավարումը ստանձնելու է ամերիկյան կողմը՝ 99 տարով։ Վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնից հետո վստահեցրել է, թե ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։ Բայց մինչ այս պահը ճանապարհի գործարկման, հայկական կողմի համար Ադրբեջանում գործող պայմանների մասին ոչինչ հայտնի չէ։

Ադրբեջանի կառավարությունում էլ այսօր փոխադարձության մասին ոչինչ չեն նշել, փոխարենը անընդհատ շեշտել են «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, թե Նախիջևան անարգել տեղաշարժի ապահովումը ռազմավարական նշանակություն ունեցող նախագծի մի մասն է։

«Նոր միջանցքի բացումը կծառայի այս նպատակին։ Զանգեզուրով անցնող նոր միջանցքը, որը մեծ նշանակություն ունի Եվրոպայի և Ասիայի միջև, խթան կհաղորդի տնտեսական աճին։ Միջանցքը միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ, այն կունենա ավելի մեծ թողունակություն՝ որպես այլընտրանք գործող երթուղիներին», - ասել է նա:

Նիստին ներկա է եղել ճանապարհի անմիջական շահառուի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության ներկայացուցիչը։ Մյուս պաշտոնյաների նման Ֆուադ Նաջաֆլին էլ գովաբանել է Ալիևին, շեշտել, որ Նախիջևանի բնակիչներն անհամբեր սպասում են այն օրվան, երբ կապահովվի անարգել ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական մասի հետ։

«Մենք վստահ ենք, որ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո Նախիջևանի պատմական մեկուսացումը կվերանա, և ինքնավար հանրապետությունը առաջատար դեր կխաղա ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական վերականգնման գործում։ Նոր ճանապարհները, երկաթուղիները, էներգետիկ գծերը և թվային կապի հաստատումը Նախիջևանը կվերածեն լոգիստիկ կենտրոնի։ Զանգեզուրի միջանցքը կնպաստի Նախիջևանի հնարավորինս արագ տնտեսական զարգացմանը։ Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար նոր փուլի սկիզբն է և Նախիջևանի համար պատմական մեկուսացման ավարտը։ Զանգեզուրի միջանցքը պարզապես ճանապարհ չէ, այլ Ադրբեջանի միասնության և ուժի խորհրդանիշ», - ասել է Նաջաֆլին:

Նիստում ելույթ է ունեցել նաև արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովն էլ մի շարք մանրամասներ է հայտնել հայկական կողմի հետ բանակցային գործընթացից, մասնավորապես պնդել, թե մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը «հրաժարվում էր ընդունել» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ընդդիմանում էր ընդհանուր սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայման անթույլատրելիությանը, միջազգային ատյաններից միմյանց դեմ հայցերի հետկանչին։ Բայրամովի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո։

«ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարը և հիշեցնելով Բաքվի մյուս պահանջի մասին՝ հայտարարել, թե Ադրբեջանն ակնկալում է, որ Երևանը կփոխի Հայաստանի Սահմանադրությունը։

Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրման մյուս նախապայմանը՝ Մինսկի խմբի լուծարումը, արդեն կատարված է։ Ավելին՝ Բայրամովը կոնկրետ ամսաթիվ է նշել․ ըստ Ադրբեջանի գլխավոր դիվանագետի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված այս ձևաչափի լուծարման մասին ԵԱՀԿ-ն կհայտարարի սեպտեմբերի 1-ին։ Պաշտոնական Երևանից առայժմ չեն արձագանքել այս հայտարարությանը։


«Հստակ գրված է ճանապարհի մասին, հստակ ստորագրված է»

Ազգային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը մտահոգված չէ Ադրբեջանի հռետորաբանությամբ ու ձևակերպումներով։ Հայկական կողմի համար էական է Վաշինգտոնյան փաստաթղթում գրվածը, որտեղ չկա «միջանցք» ձևակերպում, ասում է նա. «Ինչ ուզում են՝ ասեն: Եթե անունը դնում են «Զանգեզուրի միջանցք», փաստաթղթում գրված է, որ դա TRIPP-ի մաս է, ճանապարհ է:

Միջանցք ասել, իրավազորության, ինքնիշխանության մասին հիշատակման տակ ստորագրելուց հետո, էլ չեմ ասում փոխադարձության սկզբունքը, որ գրված է, որ այն առավելությունները, որ կգործի Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով անցնելիս, նույն առավելությունները կգործեն նաև Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով անցնելիս: Սրա տակ ստորագրելուց հետո ուղղակի սեփական երկրում այլ բաներ խոսելը ես չմեկնաբանեմ՝ ինչի մասին է խոսում»:

Իշխանական պատգամավորը, հիմք ընդունելով Վաշինգտոնյան տեքստը, պնդում է՝ այդպես էլ կլինի. «Հստակ գրված է ճանապարհի մասին, հստակ ստորագրված է, որ հարգվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, և դրանից հետո խոսել միջանցքի մասին, ճանապարհը իրավազորության և ինքնիշխանության ներքո և միջանցքը հականիշներ են»:

«Ինչ պահանջել են՝ Նիկոլ Փաշինյանը հնազանդվել է»

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը չի զարմացել Բաքվի ձևակերպումներից ու հռետորաբանությունից, ասում է՝ այդպես էլ պիտի լինի, «ինչ պահանջել են՝ Նիկոլ Փաշինյանը հնազանդվել է»։ Ավելին, ըստ պատգամավորի, «միջանցք» ձևակերպումը նույնիսկ Փաշինյանն է արդարացրել՝ համեմատելով Հյուսիս-հարավ ճանապարհի հետ:

«Որևէ գործնականում ՀՀ-ին օգուտ տվող որևէ համաձայնություն, քայլ, զիջում չի արվել, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանին սեփական ժողովրդին մոլորեցնելու կեղծ օրակարգով կերակրելու և թղթի կտոր թափահարելու, խաղաղության, պայմանական ասած, վերնագրով թուղթ թափահարելու համար եղավ այս նախաստորագրման ոչինչ չասող ու չտվող գործընթացը», - ասաց Մանուկյանը:

Վերջինս շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը նախաստորագրել է ոչ թե խաղաղության տանող փաստաթուղթ, այլ զիջումների՝ Ադրբեջանի պահանջները կատարելու հռչակագիր։ Այն Հայաստանի տարածքով Ադրբեջան–Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի մասին է, որքան էլ Փաշինյանը փորձի խաղաղության ու ոչ խաղաղության նախընտրական քարոզով մոլորեցնել մարդկանց, հավելեց «Հայաստան» խմբակցության անդամը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG