Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքից», Երևանը պնդում է՝ դա չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին


Ադրբեջան - Թյուրքական պետությունների կազմակերպության նիստը Գաբալայում, 7-ը հոկտեմբերի, 2025թ.
Ադրբեջան - Թյուրքական պետությունների կազմակերպության նիստը Գաբալայում, 7-ը հոկտեմբերի, 2025թ.

«Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառման շուրջ Հայաստանի իշխանությունների հրապարակային դժգոհություններից ու տարակուսանքից օրեր անց՝ այսօր Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը ևս մեկ անգամ կրկնեցին այդ բառակապակցությունը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության նիստում։

«Անցած օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք է Զանգեզուրի միջանցքի բացումը», - հայտարարեց Իլհամ Ալիևը՝ դիմելով Գաբալայում հավաքված թյուրքալեզու երկրների ղեկավարներին։

«Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի՝ ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում», - ասաց Ադրբեջանի նախագահը:

Մոտ 10 րոպեանոց ելույթում Ալիևը մի քանի անգամ կրկնեց, որ Ադրբեջանը պատմական հաղթանակներով ետ է բերել իր նախնիների հողերը, ընդգծեց՝ «հայկական օկուպացիան» երբեք չեն մոռանա, պնդեց՝ վրեժ են լուծել դրա համար ռազմի դաշտում և իրենց հետևողական քայլերով հիմք դրել արդարության ու խաղաղության համար.

«Երկու ամիս առաջ Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։ Վաշինգտոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը համապատասխան՝ անցյալի հակամարտության այս մնացորդները նույնպես վերացվեցին ԵԱՀԿ սեպտեմբերի 1-ի որոշմամբ»։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, իր հերթին, դիմելով թյուրքական երկրների գործընկերներին՝ վերստին կրկնեց բաքվի նախապայմանը՝ խաղաղության պայմանագիրը իրականություն կդառնա Հայաստանի Սահմանադրությունը փոխելու դեպքում միայն։

Խոսելով խաղաղության մասին՝ Ադրբեջանի առաջնորդը միաժամանակ ընդգծեց՝ ռազմական կարողությունները զարգացնելու հեռանկարից չեն հրաժարվելու։

«Ներկայիս աշխարհում ռազմական հզորությունն է ցանկացած երկրի անկախության և տարածքային ամբողջականության հիմնական գործոնը», - հայտարարեց Ալիևն ու առաջարկեց մյուս տարի թյուրքական երկրների միջև համատեղ զինավարժություններ անցկացնել՝ թուրք-ադրբեջանական վարժանքների օրինակով. - «Ժամանակակից աշխարհաքաղաքական և անվտանգության մարտահրավերների ֆոնին կարևոր է, որ թյուրքալեզու պետությունները գործեն որպես միասնական ուժի կենտրոն»։

Գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահը հաստատեց՝ առաջիկայում թուրքական աշխարհն առավել մեծ դեր է ունենալու տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովման գործում։

«Այսօր կարևոր է, որ մենք ամրապնդենք ու համատեղ զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները», - հայտարարեց է Ռեջեփ Էրդողանը:

«Թուրքիան ոչ թե պարզապես հետևում է Հարավային Կովկասի զարգացումներին, այլև ցանկանում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու հարցում։ Մենք սպասում ենք օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարությունից բխող նախաձեռնություններին», - ասել է նա։

Ամերիկյան Bloomberg-ի հետազոտություններով`Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների հնարավոր կարգավորումն ու TRIPP-ի նախագիծը կարող են Թուրքիայի արտահանումը տարեկան մի քանի միլիարդով ավելացնել։ Եվ ոչ միայն Թուրքիայի․ Սյունիքով անցնող ճանապարհի գործարկման արդյունքում Կենտրոնական Ասիայի՝ դեպի ծով ելք չունեցող երկրները կարող են Կասպիցով դուրս գալ Թուրքիայի նավահանգիստներ ու խթանել առևտրաշրջանառությունը Եվրոպայի հետ։

«Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի», - այսօր ընդգծեց Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը, մանրամասնելով՝ այն էականորեն կամրապնդի թյուրքական աշխարհն ու կստեղծի հաղորդակցության նոր ուղիներ։

Գաբալայում մեկը մյուսին հաջորդող այս հայտարարություններին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետի խոսնակն այսօր «Արմենպրես»-ին ասել է. - «Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին»։

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Կոպենհագենում կայացած հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը քննարկել են այս հարցը, հավելելով՝ դրանից հետո «երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել»։

Հայաստանի կառավարության այս արձագանքից ժամեր անց Գաբալայում ընդունվեց Թյուրքական երկրների կազմակերպության այս գագաթնաժողովի հռչակագիրը, որտեղ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, «ընդգծվում է ոչ միայն Միջին, այլև Զանգեզուրի միջանցքի կարևորությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG