Մատչելիության հղումներ

Բեռնատարի հայ վարորդին տեղափոխել են Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող գյուղ, հարազատները 5 օր չեն իմացել, թե որտեղ է նա


Մհեր Քոսյանի զարմիկ Արսեն Գասպարյանը Կառավարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2025թ.
Մհեր Քոսյանի զարմիկ Արսեն Գասպարյանը Կառավարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

«Դաղստանում են արել՝ Մախաչկալա արել են դեպորտը, բայց ընդեղից տեղափոխել են դեպի Ադրբեջանի սահման, ընդեղ ինչ-որ մի հատ գյուղում տարել բաժին, ընդեղ կալանավորված ա»:

Արսեն Գասպարյանի զարմիկը բեռնատարի վարորդ Մհեր Քոսյանն է: Ռուսաստանի միգրացիոն խստացումներից հետո, ռուս իրավապահները Դաղստանում կանգնեցրել են Մհերին, ստուգել փաստաթղթերն ու տեղեկացրել՝ նոր օրենքը թույլ է տալիս մեկ տարվա ընթացքում 90 օր մնալ ՌԴ տարածքում, բայց նա 18 օրով գերազանցել է ժամկետը: Տուգանել են 5500 ռուբլի՝ մոտ 26 հազար դրամ, հետո Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի դատարանում նիստ գումարել ու 5 տարով արգելել նրա մուտքը Ռուսաստան:

Երեկ Կառավարության առջև բեռնատարների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ Արսեն Գասպարյանը նշեց՝ չնայած տեղացի փաստաբանն ասել է, որ 10-օրյա ժամկետում հնարավորություն կտան Հայաստան վերադառնալու, բայց դատական նիստից հետո զարմիկին տեղափոխել են Ադրբեջանի սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող Մագարամկենտ գյուղ:

«Ընդեղից տեղափոխել են 150 կմ՝ Ադրբեջանի սահման, Դերբենտսկի ռայոն, հեռախոս-մեռախոս վեր են կալել, ամսի 16-ից մինչ էս օրս ոչ մի կապ չունենք: Չեն բրախում և ոչ մի բանի: Օրինակ՝ դատավորին ասել են, որ «10 օր ժամանակ տվեք, որ ինքը դուրս գա», մերժել ա դատավորը՝ չի տվել, հմի տարել են իրան էդ Ադրբեջանի սահմանի վրին՝ ըտեղ ինչ-որ մի հատ գյուղում, բաժին են տարել, ընդեղ կալանավորել, ու ոչ կապ ունենք հետը, ոչ մի բան չունենք, հմի դա ո՞նց ա ըլնելու», -պատմեց Գասպարյանը՝ շարունակելով. - «Ամսի 16-ին իրան դեպորտ են արել, ամսի 16-ից մինչ այսօր հեռախոսի կապ չկա հետը, հեռախոսն էլ վեր են կալել, ոչ կարում ենք կապնվենք իմանանք, ոչ մի բան: Էդ էլ գիտեք, որովհետև ինքը մեստոպալաժենի էր ուղարկել՝ նախքան էդ ճանապարհին հեռախոսը տվել էին իրան, իրա հետ կապ ենք ունեցել ճանապարհին, որ իրան տանում են: Իսկ նրանից հետո, որ տարել են տեղ հասցրել, էլ կապ չենք կարեցել պահենք»:

Մագարամկենտը Դաղստանի հարավային բնակավայրերից է, գտնվում է Ռուսաստանի տարածքում: Մհեր Քոսյանի հորաքույրն ու զարմիկը 5 օր շարունակ նրանից լուր չունեին: Երեկ Կառավարության առջև լրագրողների հետ զրույցից հետո, 44-ամյա վարորդի հարցերով սկսել է զբաղվել միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը: Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, հարազատներն այսօր աշխատանքային օրվա ավարտին արդեն կարողացել են տեսազանգով կապվել Մհերի հետ: Հորաքույրը՝ Օֆելյա Քոսյանը, «Ազատությանը» պատմեց՝ նա վտանգավոր հիվանդություն ունի, բայց դեղերը չեն տրամադրել:

«Տիկին Բեժանյանի միջոցով կոնսուլը թույլ ա տվել, հեռախոս են տվել, ու ինքը կապ ա հաստատել եղբոր հետ՝ Ռուսաստանի Դաշնություն, Սամարա, հետո՝ կնոջ հետ, երեխաների հետ, ու ինձ ա զանգել: Վիճակը՝ շոր չկա, փոխնորդ չկա, բայց ասավ՝ «ոչինչ, լավ եմ», հեռախոս չեն տալիս, չգիտի ժամկետը, թե ինչքան ժամանակով, դեղերը չեն տալիս; Տիկին Բեժանյանը խոստացավ, որ էդ դեղերի հարցն էլ կկազմակերպի: Արսենը Գասպարյան եթե չբարձրաձայներ, եթե տիկին Բեժանյանը չիմանար, ոչ մի հեռախոսակապ էլ չէինք ունենա: Գոնե իրան տեսանք, գոնե դեղերը կհասցնեն; Ու ինքը ըտեղ որտեղ նստած ա, միակ հայն ա, «հայեր չկան, մենակ ես եմ», - ասավ», - փոխանցեց Օֆելյա Քոսյանը:

Մհեր Քոսյանը երկու անչափահաս երեխա ունի, բեռնատարը, որով ապրանք է հասցրել Դաղստան, իրենը չէ՝ ինքը պարզապես վարորդն է: Հարազատների փոխանցմամբ՝ բեռնատարը հիմա կանգնած է Մախաչկալայի անցակետում:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ լսել է բեռնատարի վարորդի զարմիկի հարցազրույցը Կառավարության առջև, տվյալները փոխանցել է Արտգործնախարարություն, և հենց ԱԳՆ-ի աջակցությամբ գտել են վարորդին. - «Կապվեցի մեր Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության հետ, տեղեկությունը երեկ երեկոյան եմ տրամադրել, այսօր արդեն մեր Դոնի Ռոստովի հյուպատոսը կազմակերպեց, և հեռախոս տրամադրեցին Մհեր Քոսյանին: Մեզ փոխանցեցին, որ դեղորայքը գտնվում է իր մեքենայի մեջ՝ Մախաչկալայում, կփորձեն կազմակերպել, որ արագ դեղորայքը հասնի: Նաև ոստիկանները խոստացել են, որ հնարավորինս արագ կկազմակերպեն, որ նա վերադառնա Հայաստանի Հանրապետություն: Նշել էին, որ շատ են իրենց մոտ անօրինական գտնվող միգրանտները՝ իրենք 90 օրը գերազանցած վարորդին ևս համարում են անօրինական գտնվող, պրոցեսուալ աշխատանքներ են տարվում, ինչի համար ձգձգվել է իր վերադարձը Հայաստան, և հիմա կփորձեն մաքսիմալ արագ կազմակերպել, որ կարողանա վերադառնալ Հայաստանի Հանրապետություն»:

Փորձագետի խոսքով՝ բեռնատարների մի շարք վարորդներ իրեն պատմել են, որ եթե արտաքսումը դատարանով է արվում, այլ ոչ թե տեղում ոստիկաններն են դա կազմում, ապա նրանց մեկ-երկու օր պահվում են անօրինական միգրանտների պահման վայրում: Բայց առաջին անգամ է, որ 5 օրից ավելի է դա տևել, առանց հարազատների հետ կապի հնարավորության, ասում է Բեժանյանը: Իսկ թե կոնկրետ երբ կվերադառնա Մհեր Քոսյանը Հայաստան, միգրացիոն փորձագետին հստակ չեն պատասխանել:


XS
SM
MD
LG