Մատչելիության հղումներ

Դաշտի ՔՊ-ական գյուղապետի հորը կալանավորել են ոստիկանին ծեծելու համար, բաժնում էլ հորն են ծեծել


Դաշտ գյուղի ղեկավար Սերոժ Գևորգյանը, սեպտեմբերի 10, 2025թ.
Դաշտ գյուղի ղեկավար Սերոժ Գևորգյանը, սեպտեմբերի 10, 2025թ.

Մի քանի օրից կլրանա երկրորդ ամիսը, որ Դաշտ գյուղի ղեկավար Սերոժ Գևորգյանի հայրը կալանավորված է: ՔՊ-ական համայնքապետի հորը ազատությունից զրկել են ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

«Նախաքննություն է գնում, նախաքննությունը կպարզի: Համոզված եմ՝ արդար է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դաշտ գյուղի ղեկավար Սերոժ Գևորգյանը:

Ոստիկաններն իրենց տուն են եկել ահազանգով: Հայրն ու հորեղբայրը հավաքույթի ժամանակ տաքացած բարձր զրուցել են, հետո վիճել: Հորեղբոր աղջիկն է ահազանգել բաժին, պատմում է Սերոժ Գևորգյանը: Բուն պատմությունը սկսվել է համազգեստավորների գալուց հետո, երբ իրենց փորձել են տանել բաժին. «Քաշքշոց ոնց ա եղել: Տանում ենք... հայրիկս ասում է՝ ինչի՞ եք ինձ տանում, ի՞նչ եմ արել, ո՞ւմ հետ եմ վիճվել: Ասում են՝ ահազանգ է եղել, վեճ: Ասում եմ՝ այ ցավդ տանեմ, հազար հատ ահազանգ կա: Եթե վերջում պիտի տանեք իմ հորը, խնդրում եմ ձեզ, թողեք ես իմ հորը գրկեմ, նստեմ մեքենան, տանենք իմ հորը», - պատմում է Սերոժ Գևորգյանը:

Վիճաբանություն ու քաշքշուկ եղել է, հաստատում է Սերոժ Գևորգյանը, բայց ծեծն է հերքում: Ոստիկանը բողոքել է, թե գյուղապետի հայրը իրեն հարվածել է ու մարմնական վնասվածքներ հասցրել. «Ոստիկանը, որը, որ բողոքում ա, ասում ա՝ Ձեր հայրը հարվածել է իմ աչքին: Ասում ենք՝ հարվածից ի՞նչ ա եղել: Ասում ա՝ քերծվածք: Ասենք՝ հարվածից քերվածք...տենց բան չի կարող լինել էլի: Ու էս տղուն երեկ առերեսման ժամանակ ես ասում եմ՝ դու սպորտսմեն տղա ես, երևում ա քո տեսքից, ինչ-որ արդյունքներ ունեցե՞լ ես: Բա՝ շատ լավ: Ասում եմ՝ բա էս 60 տարեկան պապիկին կդնես ուսիդ, մինչև Ղափան կտանես: Ասում ա՝ մեզ խփեց, պագոնները պոկեց: Ասում եմ՝ ու դուք կանգնա՞ծ էիք: Բա էդքան ինչի՞ էիք եկել, որ պիտի ձեզ ինչ ուզում ա աներ, դուք կանգնեիք», - պատմում է Գևորգյանը:

Նույն պահին երեքին էլ՝ իրեն հորն ու հորեղբորը բաժին են տարել, իրեն ու հորեղբորը ձերբակալել են, երեք օրից ազատ արձակել: Ասում է՝ հորը տարել են՝ ինչպես վտանգավոր հանցագործի. ձեռքերը ոլորած, գետնին տապալելով, կասկածներ ունի, որ արցունքաբեր գազ էլ են կիրառել. «Էլ թևերը ջարդել, ծալել, պառկացնել, էս անդուր իրավիճակով...ահավոր ձևի վատ: Մենք լսել ենք, որ հորս քաշ-քաշ տանում են, ասեց՝ էս ի՞նչ եք անում, աչքերս չի տեսնում, թողեք սիրտս կանգնում է»:

Սերոժ Գևորգյանը ժխտում է, որ ոստիկաններին միտումնավոր թիրախավորել են: Հայհոյանքն էլ, ասում է, անհասցե է եղել, բայց նույնիսկ այդ դեպքում պատրաստ է եղել ոստիկանների մայրերին անձամբ այցելել ու հոր փոխարեն ներողություն խնդրել. «Ասում եմ՝ սաղիդ թուշը պաչում եմ ոստիկանների, ասում եմ՝ եթե իմ հայրը ձեզ հայհոյել է, հազար անգամ ներողություն եմ խնդրում ձեզնից, վաղը ես որպես ծնող, մայր հասկացող տղա, կգամ ձեր բոլորի տները, ձեր բոլորի մամաներից հազար անգամ ներողություն կխնդրեմ: Իմ հայրը ձեզ չի հայհոյել: Իմ հայրն ասել է՝ իմ տուն կանչողի մերն էլ, իմ գլխի սարքողի մերն էլ», - ընդգծում է Դաշտ գյուղի ղեկավարը:

Քրեական գործը հարուցվել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով: Բայց այսքանով չի ավարտվել: Մի գործ էլ հարուցվել է հոր բողոքի հիման վրա. «Հայրիկիս վրա 27 տեղ մարմնական վնասվածք կա»: Սերոժ Գևորգյանն ասում է՝ նրան բաժնում ծեծել են խոշտանգել, տնից ողջ առողջ գնացել է ու հետո մարմնի վրա տասնյակ վնասվածքներ են հայտնվել: Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է. «Հայրիկիս ոստիկանության բաժնում շատ վատ ձևի...[ծեծել են], ահավոր ձևի»:

Հոր բողոքի հիման վրա էլ, որ ոստիկաններն իրեն ծեծել են բաժնում, քրեական գործ է հարուցվել: Բայց որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել: Գործով զարգացում չկա:

Այս պատմությունից Սերոժ Գևորգյանին ամենից շատ մտահոգում է, որ ահազանգը հորեղբոր տնից է եղել: Ասում է՝ իր ու հորեղբոր հարաբերությունները նորմալ են, շփվում են, նրա աղջկա նախաձեռնությունն է եղել: Վրդովվում է մեկնաբանություններից, թե իշխանական կուսակցությունից է, բնակավայրի ղեկավար ու պաշտոնական դիրքն է չարաշահել. «Մենք տենց պաշտոնական դիրք էլ չունենք, որ չարաշահենք: Աշխատում ենք, մենք էս գյուղի ժողովուրդ ենք, էս գյուղի ապրող մարդիկ ենք, ի՞նչ պաշտոնական դիրքի մասին է խոսքը»:

Ոստիկանների նկատմամբ ՔՊ-ականների բռնության դեպքով մի քրեական գործ էլ կա Խոյի համայնքապետի հարազատների հետ կապված: Պարեկն է բողոքել, որ իրեն ծեծել են: Իսկ նրա հարազատները ասել են, որ ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ ոստիկանը տուգանել է նրանց անչափահաս երեխային, որ մեքենա է վարել: Թե՛ Դաշտի գյուղապետը, թե՛ Խոյ խոշորացված համայնքի ղեկավարը մտահոգ են, որ նախընտրական փուլում իրենց անվան հետ այսպիսի քրեական պատմություններ կան:

Էջմիածնում նոյեմբերին ընտրություններ են: Խոյն էլ է այս համայնքի կազմում: Սերոժ Գևորգյանն այս պատմությունից անհարմար է զգում հատկապես, որ ոստիկանություն ահազանգողը տնից է՝ հորեղբոր աղջիկը:

XS
SM
MD
LG