Մատչելիության հղումներ

Եկամուտների հայտարարագրման համակարգից պարտադրանքի դրույթը հանելու հարցն ընդունվեց 1-ին ընթերցմամբ


Խորհրդարանն արտահերթ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով քննարկում է եկամուտների հայտարարագրման համակարգից պարտադրանքի դրույթը հանելու հարցը. եթե քաղաքացիները հավելյալ եկամուտների ցույց տալու հարց չունեն, համակարգն ավտոմատ կհաստատի հայտարարագիրը, որևէ գործողություն անելու պարտադիր պահանջ չի լինի:

Թեև նախորդ տարիներին և՛ ընդդիմադիրները, և՛ փորձագետներն, ըստ էության, նույնն էին պնդում՝ այդ տեղեկություններն առանց այն էլ հասանելի են պետությանը, էլ ինչո՞ւ մարդկանց ծանրաբեռնել, իշխանությունները միայն վերջին պահին որոշեցին հետ քայլ անել:
Անձամբ վարչապետի մակարդակով համակարգն ամենօրյա ռեժիմով գովազդելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Բաբկեն Թունյանը առաջարկեց արագացված կարգով ընդունել փոփոխությունները:

«Որպեսզի մինչև նոյեմբերի մեկը այս կարգավորումները հասցնեն ուժի մեջ մտնեն: Փորձում ենք պարզեցնել համակարգը՝ հաշվի առնելով արդեն փաստացի ուժի մեջ մտած ժամանակահատվածը և այս ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրներն ու վիճակագրությունը», - այսօր ԱԺ նիստին ասաց նա:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հիշեցրեց՝ իրենք ժամանակին հենց նույն էին ասում. «Ի թիվս այլ հարցերի, որոնց պատճառով դեմ ենք քվեարկել, նշվել էր նաև, որ այն տվյալները, որոնք դուք ուզում եք, հարկայինը կարող է ստանալ, և ընդամենը պետք է մի հատ պտիչկա, որ ես թույլ եմ տալիս դա ստուգել: Այն ժամանակ այդ փաստարկները չընդունեցիք»:

Նախագիծը ներկայացրած Բաբկեն Թունյանն ընդդիմության դիտարկմանը ի պատասխան՝ պնդեց, թե պարզեցման հնարավորությունները վաղուց էին քննարկում:

«Դեռևս այս տարվա սկզբին հայտարարագրել էինք, որ եկամուտների հայտարարագրման համակարգը կպարզեցվի, և մենք համապատասխան փոփոխություններով հանդես կգանք աշնանը», - նշեց նա:

«Հայաստանից» Թադևոս Ավետիսյանն ընդգծում է՝ պարբերական փոփոխությունների հետևանքով քաղաքացիների մոտ համակարգի հանդեպ հակակրանք ու թերահավատություն է ձևավորվում, կարևոր բարեփոխումն անելու համար պետք է ավելի երկար ու լավ պատրաստվել:

«Հետո բարդ է լինելու, ձեզնից հետո էլ են իշխանություններ գալու, կյանքը շարունակվելու է, այս կարևոր բարեփոխումը մինչև վերջ հասկացեք, նոր քայլեր արեք, փորձարկման դաշտ մի՛ դարձրեք», - հորդորեց նա:

Ազգային ժողովում ծավալվող քննարկումներին զուգահեռ հրավիրված ասուլիսում կատարված աշխատանքը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նա համաձայն չէ քննադատությունների հետ, պնդեց պարզեցումը հետքայլ չէ:

«Բացարձակ որևէ հետքայլ չկա, դա ընդհակառակը՝ հիմնված է ախտորոշման վրա, թե ինչ է իրականության մեջ տեղի ունեցել, բոլորդ գիտեք, որ 2 տարի է՝ համակարգն աշխատում է, և դա բավականաչափ մեծ տվյալ է, որպեսզի մենք վերլուծելով հասկանանք՝ ինչ է տեղի ունենում: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս 133 հազարի 64 տոկոսը մեր քաղաքացիներ, ըստ էության, ՊԵԿ-ն ինչ լրացնում է, դա էլ հանձնում են», - ասաց նա:

Խորհրդարանը փոփոխություններն ընդունեց առաջին ընթերցմամբ:

XS
SM
MD
LG