Մատչելիության հղումներ

ԵՄ-ը քննադատել է Թուրքիային հիմնարար ազատությունների և իրավունքների ոլորտում ոչ բավարար քայլերի համար


Եվրամիությունը քննադատել է Թուրքիային հիմնարար ազատությունների և իրավունքների ոլորտում ոչ բավարար քայլերի ու հետընթացի համար․ գնահատականն ամրագրվել է եվրոպական ընտանիքին անդամակցել ձգտող երկրների վերաբերյալ այսօր հրապարակված զեկույցում, որտեղ անդրադարձ կա նաև Թուրքիայում ապրող հայերին։

«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բախվում են ատելության և խտրականության։ Ատելության խոսքը և այդ հիմքով հանցագործությունները շարունակվել են», - փաստում է Եվրահանձնաժողովը, մանրամասնելով՝ դրանց հիմնական թիրախներն են սիրիացիները, հույները, հայերը, հրեաները և ալևիները։

Արձանագրելով, որ այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումները արգելվել են, ԵՄ զեկույցը ընդգծում է՝ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը ներգրավված պետական պաշտոնյաների դեմ դատական գործն ավարտվել է 2025-ի փետրվարին, սակայն Դինքի ընտանիքը բողոքարկել է որոշումը, պնդելով, թե հետաքննությունը թերի է անցկացվել։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Եվրահանձնաժողովն արձանագրել է՝ թեև Անկարան հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չկան, գործնականում այն առաջընթացը կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հետ։

Չնայած երկու երկրների բանագնացների հանդիպումներին ու Հայաստանի վարչապետի՝ Թուրքիա կատարած այցելությանը՝ հայ-թուրքական սահմանը մնում է փակ, Թուրքիան պահպանում է սերտ հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ բարձր մակարդակի այցելությունների ու համատեղ զորավարժությունների միջոցով։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս ասել էր՝ Հայաստան- Թուրքիա երկխոսությունը առաջիկայում շատ շոշափելի արդյունքներ կունենա՝ առանց հավելյալ մանրամասների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG