Մատչելիության հղումներ

Երևանն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը


Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթ է ունենում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ, 11-ը սեպտեմբերի, 2025թ.
Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթ է ունենում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ, 11-ը սեպտեմբերի, 2025թ.

Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը երեկ կազմակերպության Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ:

Դեսպանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ Հայաստանի հայտարարությունը, որում, ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ, մասնավորապես ասված է.

«Հայաստանը, Ադրբեջանի հետ համատեղ, նախաձեռնել է սույն Որոշման ընդունումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահին, որը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։

Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը։

Նախաստորագրմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ովքեր նաև ստորագրել են Համատեղ Հռչակագիր։

Համատեղ Հռչակագրում արձանագրվել է «անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»։ Փաստաթղթում հաստատվել է, որ ստեղծվել են պայմաններ, «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո, վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։ Հռչակագրում նաև ամրագրվել է, որ այս «իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակման համար»։

Այս իրողության համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով դրանց ստեղծման համար հիմք հանդիսացած իրավիճակի արմատական փոփոխությունների ենթարկման հանգամանքը»։

Նախարարները նաև հաստատել են իրենց «համատեղ հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին՝ շարունակելու երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացը»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG