Երևանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի առջև՝ պահանջելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում:
Բնակիչները դեմ են հենց իրենց բակում՝ խաղահրապարակի տարածքում բարձրահարկի կառուցմանը:
Ավագանու այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում նաև այս շենքի հարցն էր ընդգրկված: «Հանրապետություն» խմբակցություն անդամ Անի Խաչատրյանը քիչ առաջ հայտնեց, թե հարցն իր առաջարկով օրակարգից հանվել է:
Մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ այգու, խաղահրապարակի փոխարեն 18 հարկանի բարձրահարկի կառուցումը վրդովեցրել է Երևանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչներին։ Վերջիններս ամիսներ շարունակ պայքարում են իրենց բակում կառուցապատման դեմ։ Բազմաբնակարան շենքը շուրջ 5000 քառակուսի մետր տարածքի կենտրոնական հատվածն է զբաղեցնելու՝ 2200 քմ:
2200 քմ հողատարածքի նոր սեփականատերը, որն էլ ցանկանում է բարձրահարկը կառուցել, Սամվել Սահակյանն է։ Նրան համայնքային իշխանությունն այլ տարածքներ է առաջարկել, սակայն պնդում է, թե համարժեք տարածքներ չեն եղել։ Նպատակադրված է կառուցապատումն իրականացնել հենց իրեն պատկանող հողում, եթե քաղաքապետարանից շինթույլտվություն ստանան։