Մատչելիության հղումներ

Հավատում եմ երկխոսությանը. Շահան արքեպիսկոպոս


Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի պատվիրակմամբ Երևան եկած Շահան արքեպիսկոպոսը ոչ մի մանրամասն չի ասում, թե ինչ են խոսել երեկ ինքն ու Հայաստանի վարչապետը, ինչ է փոխանցել Արամ Առաջինը: Նա թիկունքով արձագանքեց բոլոր հարցերին, երբեմն ժպտաց:

«Ես հավատում եմ երկխոսությանը, այդքանը», - ասաց նա:

Հարցին՝ իշխանություն-Մայր Աթոռ լարվածության պիկին երկխոսության հույս դեռ կա՞, արձագանքեց. «Հույսով ապրում ենք, չէ՞, եթե ոչ, ուրեմն ուրիշ աշխարհի մեջ ենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին: Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այս լուրը կառավարաության լրատվականը տարածեց երեկ, երբ երրորդ եպիսկոպոսն էր կալանավորվել, նախօրեին տասնյակից ավելի քահանաներ՝ բերման ենթարկվել: Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցների փոխանակած մտքերի մեջ բառ չկա տիրող իրավիճակի մասին:

Այլ բան է հաղորդել Կիլիկիա կաթողիկոսությունը. «Շահան սրբազանն իր մտահոգությունը հայտնեց ներկա իրավիճակի մասով և շեշտեց եկեղեցի-պետություն գործակցության կարևորությունը։ Միաժամանակ նա արծարծեց հոգևորականների ու ձերբակալության հարցը և այդ գծով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»։

Ի վերջո Արամ Առաջինը Հայաստանի վարչապետին օրհնանքներ, թե մտահոգություններ է ուղարկել: Շատ ավելի ուշ Անթիլիասից տարածվեց Արամ Առաջինի հայտարարություն-պարզաբանումը՝ ինքը Կանադայում է, Շահան սրբազանին պարտավորեցրել է վարչապետին փոխանցել իր մտահոգությունն ու դատապարտումը: Մի խոսքով՝ Արամ Առաջինը դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները: Կիլիկիա կաթողիկոսը, սակայն, համարելով, որ Անթիլիասական արքեպիսկոպոսի ողջույններով ու օրհնանքներով հանդիպումը վարչապետի հետ կարող է քննարկումների թեմա դառնալ այս օրերին, դատապարտման մի խոսք էլ Մոնրեալի Սուրբ Հակոբ մայր եկեղեցում է ասել, և այն տարածեցին այսօր առավոտյան:

«Եկեղեցի-պետություն հարաբերության ներկա վիճակը վնասաբեր է ու անընդունելի մեր հայրենիքի ու ժողովրդի համար, ձերբակալություններով, զրպարտություններով հնարավոր չէ ներկա իրավիճակը շրջանցել», - պնդել էր նա:

«Նույնիսկ թշնամական երկրներն են երկխոսությամբ հարցեր քննարկում: Մի՞թե նույն ազգի երկու կողմերը երկխոսել չեն կարող», - հարցնում է Կիլիկիո կաթողիկոսը: Օրինակը, ըստ նրա, հենց հայ-ադրբեջանական երկխոսությունն է. «Երբ հազարավոր երիտասարդ հայորդիների ուրյուն է հոսել, Արցախը գրավված է, Արցախի պետական այրերը ապօրինի ձերբակալված են, և այսօր երկու երկրները խաղաղության ձեռք են մեկնել, խոսում են միմյանց հետ, մի՞թե նույնը չի կարելի անել նույն ազգին, նույն երկրին պատկանող երկու կողմերի միջև»:

Արամ Առաջինընայս իրավիճակը ամոթալի է համարում և տեսնում է Հայաստանի ինքնակործանման վտանգ: Կիլիկիո կաթողիկոսի հեռահար դատապարտումներին զուգահեռ, սակայն հանրային հարթակում շարունակվում են քննարկումները՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված իշխանական արշավանքի պիկին տեղին էր այս հանդիպումը: ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, թե Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռները պիտի համատեղ ջանքերով պաշտպանեն եկեղեցին:

«Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներն ու հալածանքները, ինչպես նաև հակազգային գործունեությունը ՀՅԴ Բյուրոն գնահատում է որպես բացարձակապես անընդունելի: Անթույլատրելի ենք համարում այդ բոլորի հեղինակին արժանացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչը բնականորեն առաջացրել է Սփյուռքի և Հայաստանի հայ հասարակության արդար վրդովմունքը», - հայտարարել է ՀՅԴ-ն։

Կիլիկիո կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանի սկսած հակակաթողիկոսական արշավի 5 ամիսների ընթացքում մի քանի անգամ առաջարկել է թե միջնորդների միջոցով հաշտեցմանն օգնել, թե անձնապես գալ Հայաստան: Նրա պատվիրակները ամռանը Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման էին գնացել: Հայաստանի վարչապետին ու վեհափառին կամրջելու Արամ Առաջինի մաղթանքները դեռ մաղթանքներ են:

XS
SM
MD
LG