Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը հերքում է չարաշահումների մասին Ռոմանոս Պետրոսյանի մեղադրանքները


ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը
ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

Իշխանությունների կողմից պաշտոնից հեռացված Էլեկտրական ցանցերի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքում է իր աթոռն այժմ զբաղեցնող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետրոսյանի մեղադրանքները՝ չարաշահումների, շռայլ ծախսերի մասին:

Հանրային հեռուստաընկերությունը երեկ ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել՝ պնդելով, որ կառույցում երկար տարիներ չեն արվել ներդրումներ, խոսում էին տուժած սպառողներ:

Ռոմանոս Պետրոսյանն էլ պետական հեռուստաալիքի եթերում հայտարարում էր, որ ՀԷՑ-ի ենթակառուցվածքները ծայրահեղ վատն են, մաշված, իսկ ներդրումային ծրագրերն իրականացրել են նախկին ղեկավարության հետ ուղիղ փոխկապակցված արտոնյալ ընկերություններ. «Խնամիածանոթ իրավիճակներում այդ փոխկապակցված տնտեսական կլանային տարբեր հարթությունների մեջ անտեսվել է նաև սեփականատիրոջ օրինական շահերը», - հայտարարել է Ռոմանոս Պետրոսյանը:

Դավիթ Ղազինյանը թեև չի հերքում, որ փոխկապակցված ընկերություններ են էլցացների հետ աշխատել, բայց ասաց՝ Պետրոսյանը փորձում է ապօրինությունների պատկեր ստեղծել՝ առանց հիմնավորումների. «Ժողովրդի նուրբ լարերի հետ խաղալ...եթե փոխկապակցված են, ուրեմն պետք է լինի խնդիր, պետք է լինի այլ եկամուտներ ունենալու ցանկություններ, դա հերթական սուտն է, որ հնչել է: Ես սպասում էի փաստացի կատարված գործողությունների, որ կարողանանք անդրադառնալ կոնկրետ ինչ-որ թվերի, փաստերի», - ասաց Ղազինյանը:

Ռոմանոս Պետրոսյանը նաև պարծենում էր, որ նշանակումից հետո էլեկտրական ցանցերի ղեկավարությունը զրկվել է տասնյակ միլիոնների հասնող ամսական հավելավճարներից, կրճատվել են ուռճացված ծախսերը. «Բարձրարժեք դասի մեքենաների վարձակալությունն այլ ընկերություններից, ընդ որում՝ դարձյալ փոխկապակցված ընկերություններից, որոնք սպասարկել են բարձր ղեկավարությանը ժամանակին»:

Ռոմանոս Պետրոսյանը, որ մինչև էլեկտրական ցանցեր գնալը ղեկավարում էր Պետական վերահսկողական ծառայությունը, Հանրայինի հետ զրույցում չի հայտնում հայտնաբերածի մասով իրավապահներին դիմելու մասին: Մինչդեռ ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունը մտադիր է հանցագործության մասին հաղորդում տալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դեմ: Էլցանցերում նրան մեղադրում են, որ Կառավարության հրահանգով չի կատարում միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը՝ չնայած հենց վարչապետին ենթակա Միջազգային իրավական հարցերով գրասենյակը Փաշինյանին խորհուրդ էր տվել դեմ չգնալ արբիտրաժին: Բայց, փոխարենը, վարչապետը գրասենյակի ղեկավարին ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, որ Կառավարությունում չեն կարող լինել իր դիրքորոշմանը հակառակվողներ:

Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում


XS
SM
MD
LG