Մատչելիության հղումներ

Կառավարությունը չի կատարելու ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշումը. Փաշինյանը այլ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներին հորդորեց հեռանալ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ավելին՝ Փաշինյանը, այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց՝ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։

«Չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ», - ասաց նա։

Հենց իր՝ վարչապետի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն էր մեկնաբանել՝ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:

«Ի պատասխան ՀԾԿՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ», - հայտնել էին գրասենյակից։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք կառավարությունում հաշվի են առել որոշման չկատարման հետևանքները, վարչապետը պնդեց, թե գործադիրը արբիտրաժում հաղթել է: Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի թիմը, սակայն, համոզված է, որ իրենք են հաղթել, ու արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:

«Ազատություն»-ը դիմել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ, սակայն այնտեղից դեռ չեն մեկնաբանում վարչապետի հայտարարությունները:

ՀԵՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ ասուլիսի ընթացքում հրապարակեց իր ձեռքի տակ հայտնված կառավարության ու Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի պաշտոնական գրագրությունը, որում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը հաստատել էր՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարումը հակասում է արբիտրաժային որոշմանը։

Լիպարիտ Դրմեյանը նշել է՝ որոշումը կատարելու համար բավարար է կասեցնել ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Հակառակ դեպքում, գրասենյակի ղեկավարը, ըստ այդ գրագրության, ընդգծել է՝ պետք է ներպետական դատարան դիմել:

ՀԷՑ-ը պետականացնելու գործադիրի քայլերից շատ չանցած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությունից պահանջել էր հրաժարվել ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը: Մինչդեռ կառավարությունը ոչ միայն չկատարեց արբիտրաժի պահանջները, այլև սկսեց կադրային փոփոխություններ իրականացնել ընկերությունում, ընդ որում՝ մի շարք առանցքային պաշտոններում նշանակելով իշխող ուժի ներկայացուցիչների:

Սամվել Կարապետյանի ընկերությունը արբիտրաժի հրատապ որոշումից հետո նաև հիմնական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կառավարությունից պահանջելով կես միլիարդ դոլար:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG