Մատչելիության հղումներ

ՀՀ-ն պատերազմի մեջ ներքաշելու մեղադրանքներ ու արձագանքներ. ներկա ու նախկին ղեկավարների բանավեճը


Հայաստանի Սահմանադրությունը և իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան նախկիններում ԽՍՀՄ պարտադրած օրակարգը. վարչապետ


Մինչ վարչապետը նոր Սահմանադրության ընդունումը ռեֆորմների ռեֆորմ է համարում, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության նպատակը Հայաստանի մայր օրենքը փոխելու, Ադրբեջանի պահանջը կատարելու համար անհրաժեշտ միջավայր ստեղծելն է։

«Այսօրվա Հայաստանի Սահմանադրության և իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում Խորհրդային Միության կողմից, դրանից առաջ Ռուսական կայսրության կողմից, դրանից առաջ Օսմանյան կայսրության կողմից, դրանից առաջ պարսկական կայսրության կողմից իրեն պարտադրված օրակարգը, որովհետև այն ժամանակ էլ, հիմա էլ ինքը համարում է, որ ինչ-որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը: 95 թվականից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել և Սահմանադրության օգտին չի քվեարկել», - այսօր հայտարարել է վարչապետը:

Բաքուն արդեն ամենօրյա ռեժիմով է հայտարարում՝ առանց Հայաստանի Սահմանադրություն փոխելու խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Հայաստանի իշխանությունը և՛ հերքում է, որ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունն ադրբեջանական պահանջների կատարում է, և՛ սահմանադրական հանրաքվեի անոնս է անում: Մեծամասնություն ստանալու պարագայում, Փաշինյանն ասել է, նախաձեռնելու են նոր Սահմանադրության հանրաքվե, ինքը դեռ ապրիլին է կարծիք հայտնել, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի Անկախության հռչակագրին հղումը, որի մեջ էլ Բաքուն իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

Փաշինյանն անում է անհրաժեշտ գործողություններ՝ Ադրբեջանի պահանջի կատարման ներքին միջավայր ձևավորելու համար. մեկնաբան


«Նիկոլ Փաշինյանը պարզապես անում է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ հռետորաբանության մակարդակում՝ Ադրբեջանի պահանջի կատարման ներքին միջավայր ձևավորելու համար», - ասաց Բադայանը։

Փաշինյանն այսօր մասնակցում էր «Ժողովրդավարության հայկական ֆորումի» պանելային մի քննարկման, որի ընթացքում նախկին նախագահներին հակադարձելու առիթը բաց չթողեց:

«Ասում եմ՝ եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ, ի՞նչ գործ ուներ, ո՞վ է սրա մասին, հարգելի՛ ժողովրդավարներ, ինձնից սկսած, բա ինչի՞ չեք խոսել սրա մասին, կամ ե՞րբ ենք խոսել սրա մասին։ Մարդիկ, որ Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ իրենց քաղաքական գործունեության առաջին օրից, ներքաշել են, քիչ չէ, կեսից փախել են, գնացել, իրենց տանը նստել, այսօր մեզ մեղադրում են, ասում են՝ Հայաստանը ներքաշել է պատերազմի մեջ։ 18 թվին Հայաստանը պատերազմի մեջ չի՞ եղել, ժողովո՛ւրդ, 19 թվին պատերազմի մեջ չի՞ եղել, 17 թվին պատերազմի մեջ չի՞ եղել...11-ին... 1-ին և այլն, չի՞ եղել պատերազմի մեջ։ Բա այդ ո՞նց եղավ, որ Նիկոլը կամ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ներքաշեց պատերազմի մեջ», - ասաց վարչապետը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը պարտությունից և Արցախի կորստից հետո ունի իշխանությունը պահելու խնդիր, դրա համար ամեն ինչ պետք է անի կորուստների պատասխանատվությունը նախապատերազմյան շրջան տեղափոխելու համար։ Քանի դեռ հասարակությունն արձագանքում է, ըստ մեկնաբանի, Փաշինյանը փորձում է առավելագույնը քաղել նախկինների թեմայից։

«Նիկոլ Փաշինյանը պատերազմի պարտությունից հետո 2021 թվականին մանդատ էր խնդրում հասարակությունից, ոչ թե որպեսզի հետո Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, և կամ հետո մենք ունենանք Արցախի լիակատար հայաթափում, այլ հակառակը՝ նույնիսկ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի համար։ Եվ հիմա ունենք լրիվ հակառակ վիճակ, և այստեղ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, նոր ընտրական ցիկլում իշխանությունը պահելու համար պետք է փորձի այն, ինչ տեղի է ունեցել, շրջել, այսպես ասած, գլխիվայր և Արցախի ճակատագիրն ամբողջությամբ վերագրել նախկին իշխանությանը, իսկ իրեն վերագրել Հայաստանի անկախության փրկությունը», - կարծում է Բադալյանը:

Մեղադրանքներ նախկին նախագահներին ու նրանց արձագանքը


Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու նախկին նախագահների մեղադրանքներին Փաշինյանը վերջին 24 ժամվա մեջ նաև ֆեյսբուքյան երեք գրառում է նվիրել՝ ինքն էլ նույն մեղադրանքները նրանց ուղղելով։ Այս մեկը առաջին նախագահին էր ուղղված. «ՏԼՊ-ին ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո Հայաստանի 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։

Այս հայտարարություններին նախորդել էր առաջին նախագահի երեկվա գրառումը: Տեր-Պետրոսյանը հիշեցրել էր Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, ամպագորգոռ հոխորտանք որակել, որով, ըստ Տեր-Պետրոսյանի, նա պատերազմ է հայտարարել Ադրբեջանին և կրել ջախջախիչ պարտություն։

Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքում արձագանքել է վարչապետի մեղադրանքներին, կարծիք հայտնել, թե «Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի դեմ կազմակերպված Նյուրենբերգյան ֆեյք դատավարության համար կեղծ ցուցմունքներ տալ Հայաստանի դեմ»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը Ալբերտ Էյնշտեյնի խոսքերով է պատասխանել. «Երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը, բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը News.am-ի հետ զրույցում է արձագանքել Փաշինյանի գրառումներին: «Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները՝ կամ արաղն է պետք թարգել, կամ դեղերը», - հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։


XS
SM
MD
LG