Կառավարությունը որոշել է չհամագործակցել ամերիկյան Arnold & Porter փաստաբանական ընկերության հետ: Երկու շաբաթ առաջ գործադիրը փակ դռների հետևում, առանց հանրային քննարկման որոշել էր կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործով արբիտրաժային հայցից պաշտպանվելու համար այդ ընկերությանը 3.2 միլիոն դոլար վճարել:
Այսօր դարձյալ առանց բաց քննարկման որոշել են այս ընկերության հետ չաշխատել ու նույն գումարը փոխանցել մեկ այլ ընկերության՝ Foley Hoag-ին:
Շահերի բախման խնդիր կա. ասված է հիմնավորման մեջ
Ստոկհոլմի արբիտրաժում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործով պաշտպանվելու համար գործադիրն ինչո՞ւ է որոշել փոխել փաստաբաններին, ո՞ր կողմի նախաձեռնությամբ է դադարեցվել համագործակցությունը; Դեռ երկու շաբաթ առաջ կառավարությունը հիմանավորում էր, թե ինչու է ընտրությունը կանգ առել ամերիկյան Arnold & Porter-ի վրա։ Վիճակագրություն էին ներկայացրել. պետությունների շահերի պաշտպանության արբիտրաժային վարույթներով այս ընկերությունը վերջին 60 գործերից 53-ում հաղթել է: Գուցե ամերիկացի փաստաբանները մտավախություն են ունեցել, որ «ՀԷՑ»-ի գործով հաղթանակի հասնել չի ստացվի և դրա համա՞ր են հրաժարվել Հայաստանի շահերը ներկայացնել: Այս հարցի վերաբերյալ պարզաբանում չկա, անցնող շաբաթների ընթացքում «Ազատությունը» հայաստանցի մի շարք մասնագետների հետ է զրուցել, արբիտրաժում գործադիրի հաջողության շանսերը նրանք ցածր են գնահատում:
Փաստաբանական ընկերությունը փոխելու հիմնավորման տեքստում միայն գրել են, թե երկու շաբաթվա ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, շահերի բախման խնդիր կա , որն էլ խոչընդոտում է Arnold & Porter-ի հետ համագործակցությունը: Ում շահերն են բախվում ու ինչպես. գործադիրը հավելյալ մեկնաբանություն չի տվել: Միայն հայտնում են , որ նոր ընկերության առաջարկը որակապես չի զիջում նախորդին և որ այժմ էլ Foley Hoag LLP-ն Հայաստանի շահերի պաշտպանության համար մի շարք այլ գործերում է ներգրավված: Բացի այդ, ըստ կառավարության, ընկերությունը համաձայնել է աշխատել նույն գնով, ինչ Arnold & Porter-ը:
Հրապարակված ամփոփաթերթից էլ պարզ է դառնում՝ ոչ մի գերատեսչություն փաստաբանական ընկերության փոփոխության մասին որևէ հարց, դիտողություն կամ մեկնաբանություն չի ունեցել: Կառավարության նիստից հետո որոշման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չմոտենալով լրագրողներին մյուս կողմով հեռացավ: «Ազատությունը» դիմել է նախարարություն՝ հարցնելով, թե որն է որոշման պատճառը, ասացին՝ հարցն իրենց տիրույթում չէ:
Ո՞վ է որոշել դադարեցնել համագործակցությունը և ինչու. այս հարցերն ուղարկել ենք նաև Arnold & Porter ընկերությանը:
Foley Hoag-ը նույնպես ամերիկյան ընկերություն է, գլխամասային գրասենյակը Բոստոնում է: Կայքի գլխավոր էջում ընկերությունը տեղեկացնում է՝ պաշտպանել են Գամբիային, Լիխտեյնշտեյին և մի շարք այլ երկրների: Հայաստանի կառավարության հետ համագործակցության փորձ ունի. արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ գործերով Հայաստանի շահերն է ներկայացրել:
Փաստաբանական ընկերության փոփոխությունը հաջորդում է Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի աղմկահարույց պաշտոնանկությանը: Մեկնաբանելով «ՀԷՑ»-ի բռնագանձման քայլերն արգելող նույն արբիտրաժի հուլիսին կայացրած հրատապ որոշումը Դրմեյանը կարծիք էր հայտնել, թե այն ենթակա է պարտադիր կատարման: Անցած շաբաթ, երբ «Ազատությունը» վարչապետի դիրքորոշումը հարցրեց այս մասին՝ Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց զայրույթը. «Կառավարությունը ես եմ ... չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես, եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ», - հայտարարել էր Փաշինյանը:
Փաշինյանի այս խոսքերից 24 ժամ էլ չանցած Լիպարիտ Դրմեյանը հեռացվեց աշխատանքից:
Մինչ արբիտրաժային գործերում մասնագիտացած փորձագետները պնդում են՝ վճիռները չկատարելը կարող է ծանր հետևանքների, այդ թվում՝ Հայաստանի այլ երկրներում գտնվող ակտիվների բռնագանձմանը հանգեցնել, գործադիրն ու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հետքայլ անելու որևէ նշան ցույց չեն տալիս:
Նախօրեին էլ ոչ պակաս աղմկահարույց հայտարարություն արեց Արդարադատության նախարարը՝ արբիտրաժային որոշումը ներպետական օրենսդրությանը հակասող որակելով.
«Հարկադրաբար կատարելը պետք է տեղի ունենա կրկին ներպետական մարմինների կողմից, որովհետև որևէ վերպետական մարմին կամ միջազգային ատյան չի կարող պարտադրել պետությանը կատարել որևէ բան, այն էլ այնպիսի բան, որը պոտենցիալ ունի հակասելու տվյալ երկրի հանրային կարգին։ Քանի որ գործ ունենք օրենքի հետ և օրենքի կատարման հետ ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է դատարանը, ցանկացած այլ մարմին ասել՝ գիտեք ինչ, մի կատարեք մեր երկրի օրենքների պահանջները», - հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Իշխանությունները «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին հայտարարեցին Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ: Հաշված օրերի ընթացքում օրենքներ փոխեցին, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց: «Կառավարությունը ես եմ» վարչապետի ամղկահարույց հայտարարությամբ Ռոմանոս Պետրոսյանն էլ էր կիսվել՝ գրառմանն ավելացնելով Հայաստանի դրոշն ու կայծակի էմոջին: