Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիշատակած հարցումները համընկնում են «Լուսավոր Հայաստանի»՝ անցած ամիս անցկացված հարցումների արդյունքների հետ. Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն ու անազատության մեջ գտնվող միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի ուժը միասին ավելի շատ ձայն են հավաքում, քան Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»:
«Մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը: Կլինի՞ երրորդը, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդը», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Մարուքյանն ընդդիմադիրներին հորդորում է ոչ թե առանձին, այլ միավորված գնալ ընտրություններին
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջին երկու տեղերում հայտնված ընդդիմադիր ուժերը, բնականաբար, հիմա ես չեմ ուզում կենտրոնանալ, թե որն է առաջինը՝ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը, բայց երկու խոշոր ընդդիմադիր բևեռները միասին կարողանում են հավաքել այնքան ձայն, որն անցնում է Փաշինյանի ստացած ձայներին: Ուզում եմ ասել, որ Փաշինյանն էլ ունի այդ ուսումնասիրությունները, ինքն էլ գիտի, որ այդպես է լինելու»:
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը նույնպես տեղյակ է, որ երկու ընդդիմադիր ուժերը միասին կարող են իրենից ավելի շատ ձայն հավաքել և Գյումրիի ընտրությունների օրինակով իշխանություն վերցնել, ապա հնարավոր է, որ իշխանական լծակները գործի դնելով՝ պարզապես թույլ չտա այս ուժերին մասնակցել ընտրություններին՝ ԿԸՀ-ում չգրանցելով նրանց: Այս առումով, Մարուքյանը բերում է Մոլդովայի օրինակը, երբ իշխանությունը քվեարկության նախաշեմին արգելեց ընդդիմադիր երկու կուսակցությունների մասնակցությունը՝ նրանց մեղադրելով Կրեմլի հետ կապերի մեջ։
«Այսինքն կեղծիքը ոչ թե տեղի է ունենում ընտրական փուլում, այլ կեղծիքը տեղի է ունենում մինչև այդ փուլը», - ասում է Մարուքյանը: «Ազատության» հարցին, թե մտավախություն ունեք, որ Սամվել Կարապետյանի ուժին կարող է չգրանցե՞ն, Մարուքյանն արձագանքեց. «Քոչարյանի ուժին էլ կարող են չգրանցել: Առանձին գնացող ցանկացած խոշոր բևեռի կարող են չգրանցել: Եթե նայեք ՀԿ սեկտորի որոշ ներկայացուցիչների հարցազրույցներ, ՔՊ պատգամավորի, այդ թվում՝ Սփյուռքի մեր հանձնակատարն է հարցազրույց տվել, որ Մոլդովայի փորձը պետք է իրենք կիրառեն: Մի դեպքում նրանք պնդում են, որ ապօրինի գույքի գործով անցնող ցանկացածին չպետք է թույլ տալ, որ ընտրական գործընթացին մասնակցի, մյուս դեպքով նրանք պնդում են, որ այն մարդիկ, ովքեր, ըստ իրենց, կարող են համարվել մարիոնետային ուժ, այլ երկրի քաղաքացիություն ունեցող առաջնորդ ունեն.... այսինքն իշխանությունը ժողովրդին տրամադրում է, որ իրենք ինչ-որ մի իքս փուլում ընդդիմադիր ուժերին չեն գրանցելու», - «Ազատության» հետ զրույցում ընդգծում է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը հորդորում է ընդդիմադիրներին ոչ թե առանձին, այլ միավորված գնալ ընտրություններին, քանի որ մեկ խոշոր ընդդիմադիր ուժին չգրանցելը շատ ավելի բարդ է լինելու և կարող է հանգեցնել բողոքի մեծ ալիքի:
«Մեծ բևեռին չգրանցելը կարող է բերել արդեն հեղափոխության, իսկ ուղղակի քսան մասնակցող ուժեղերից մեկին չգրանցելը կարող է այդ էֆկետը չունենա: Եվ պետք է ընդդիմադիր բոլոր ուժերը իրենց ամբիցիաները դնեն մի կողմ և խոշորանան եղած բևեռների շրջանակում», - շեշտում է Մարուքյանը: Հարցին, թե ճիշտ է, որ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը միասի՞ն մասնակցեն, Մարուքյանն արձագանքեց. «Դա իրենց գործն է, իրենք թող այդ մասին քննարկումներ անեն: Ես կարծում եմ, որ Քոչարյանն իր դեմքով չմասնակցի, և ինքը հայտարարի, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին»:
Մինչ ընդդիմադիրները հղում անելով հարցումներին, պնդում են, թե ընտրություններից հետո միավորվելով ավելի շատ ձայն կունենան, իշխող ՔՊ-ն առավել քան վստահ է, որ 2026-ի ամռանը բացարձակ մեծամասնություն է ստանալու: