Լեհաստանն այս գիշեր իր տարածքում կործանել է ռուսական մի քանի անօդաչուներ, բանակը սա որակել է ագրեսիայի ակտ, որը իրական վտանգ է պարունակում ժողովրդի համար:
Մայրաքաղաք Վարշավայի և մի քանի այլ օդանավակայաններ մի քանի ժամով փակվել են: Վարչապետ Դոնալդ Տուսկը Կառավարության հրատապ խորհրդակցություն է հրավիրել՝ հայտնելով, որ մոտ երկու տասնյակ անօդաչուները Լեհաստան են մտել Բելառուսից:
Մինսկը, մինչդեռ, պնդում է, որ Վարշավային տեղեկացրել են մոլորված անօդաչուների մասին: Ավելին, Բելառուսը հավաստիացնում է, դրանց մի մասն էլ հենց իրենց օդային ուժերն են խոցել:
Պատերազմի երեք տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ փաստացի ռազմական գործողություն է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրում՝ ներգրավելով ռազմական դաշինքի օդային ներուժը: Վարշավան արդեն դիմել է Հյուսիսաատլանտյան դաշինքին՝ չորրորդ հոդվածը գործարկելու խնդրանքով: Այն ենթադրում է դաշինքի ներսում խորհրդակցությունների մեկնարկ՝ նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկին անմիջական սպառնալիք է ուղղված. «Ռուսական անօդաչուների մուտքը Լեհաստանի տարածք փոխում է քաղաքական իրավիճակը: Սա պարզապես պատերազմ չէ ուկրաինացիների դեմ։ Սա հակամարտություն է, որը Ռուսաստանը հայտարարել է ամբողջ ազատ աշխարհին»:
ՆԱՏՕ-ում, սակայն, միանշանակ մոտեցում, կարծես, չկա: Դաշինքի ղեկավարությունից Reuters-ին անանուն ասել են, որ թեև տեղի ունեցածը չեն համարում պատահականություն, սակայն այն չեն էլ դիտարկում որպես հարձակում: ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի անմիջական հարևան Լիտվան առհասարակ սա չի համարում միտումնավոր գրոհ: Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը միայն ասել է, որ ազդանշաններ կան պնդելու, թե Լեհաստանի տարածք անօդաչուների մուտքը պատահական չէր:
Լեհաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի վրա գիշերային լայնամասշտաբ հարձակման ժամանակ Ռուսաստանի դրոնները մի քանի անգամ են անցել Լեհաստանի օդային տարածք: Օդ են բարձրացել F16 և F35 կործանիչներ, իտալական հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ: Reuters-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի զինանոցի առանցքային՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը գործի չեն դրվել:
Լեհաստանն արդեն հայտնաբերել է 7 դրոն և մեկ անհայտ ծագման հրթիռի բեկորներ: Անօդաչուներից մեկն ընկել է Բելառուսի սահմանին լեհական գյուղերից մեկի տան վրա, վնասվել է տանիքը:
Մոսկվան մինչև այժմ չի մեկնաբանել իրավիճակը, միայն Լեհաստանում Ռուսաստանի դեսպանն է ասել՝ Վարշավան որևէ ապացույց չի ներկայացրել, որ անօդաչուները ռուսական են՝ օդային տարածքը խախտելու մեղադրանքները որակելով անհիմն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել է, թե այս իրադարձությունները հերթական վկայությունն են՝ ինչ նկատի ունի Ռուսաստանը դիվանագիտական լուծում ասելով. «Պուտինի ուղերձները հստակ են, մեր պատասխանն էլ պետք է հստակ լինի: Անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում՝ ստիպելու Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Անհրաժեշտ են նոր պատժամիջոցներ»: