Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան ճանաչեցին Պաղեստինի պետությունը. Նեթանյահուն դատապարտել է

Լրացված

Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան երեկ ճանաչեցին Պաղեստինի պետությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի անդադար ռմբակոծումը, վերջին շաբաթների հարձակումները, սովն ու ավերածություններն անտանելի են և պետք է դադարեցվեն:

Քիր Սթարմերը շեշտել է՝ Մերձավոր Արևելքում աճող անկայունության ֆոնին Միացյալ Թագավորությունը հիմա անցել է քայլերի, որպեսզի կենդանի պահի խաղաղություն հաստատելու և երկու պետության սկզբունքի հիման վրա հակամարտությունը կարգավորելու հույսը:

«Դա նշանակում է անվտանգ և պաշտպանված Իսրայել՝ պաղեստինյան կենսունակ պետության կողքին։ Այս պահին մենք չունենք ոչ մեկը, ոչ էլ մյուսը», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Միաժամանակ, «Համաս» խմբավորումը, որին Արևմուտքն ահաբեկչական է ճանաչում, չի կարող ապագա ունենալ Պաղեստինի պետության ո՛չ կառավարման, ո՛չ անվտանգությունն ապահովելու հարցում, հավելել է Սթարմերը:

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է՝ Իսրայելն ամեն ինչ անում է, որ պաղեստինյան պետություն չստեղծվի: Ավստրալիայի վարչապետն էլ ասել է՝ ցանկանում են, որ Գազայում սպանությունները դադարեցվեն, Պաղեստինում և Իսրայելում իսկապես խաղաղություն հաստատվի: Ըստ Էնթոնի Ալբանեզեի՝ Պաղեստինի ճանաչումը նաև լավ հնարավորություն է՝ վերադարձնելու 2023-ին պատանդառված իսրայելցիներին:

«Սա տասնամյակների ընթացքում աշխարհի ունեցած լավագույն հնարավորությունն է՝ զինաթափելու և մեկուսացնելու «Համաս»-ին, ինչպես նաև ապահովելու Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - Ավստրալիայի վարչապետը։

Պաղեստինի ճանաչումը դեռ չի նշանակում, որ բոլոր հարցերը կարգավորվում են, հայտարարել է Պորտուգալիայի արտգործնախարարը: Ըստ Պաուլո Ռանժելի՝ պետք է անհապաղ վերջ դրվի Գազայում մարդասիրական ճգնաժամին. «Կոչ ենք անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հնարավորություն տալ՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումը, լույսի մի շող բացելու խաղաղության համար»։

Իսրայելի վարչապետը դատապարտել է Պաղեստինի ճանաչումը՝ պնդելով, որ դրանով «խրախուսում են ահաբեկչությունը»: Բենյամին Նեթանյահուն կրկնել է՝ ոչ մի պարագայում թույլ չի տա, որ Պաղեստինի պետություն ստեղծվի:

«Դա տեղի չի ունենա, պաղեստինյան պետություն չի ստեղծվի Հորդանան գետից արևմուտք: Տարիներ շարունակ ես կանխել եմ այս ահաբեկչական պետության ստեղծումը՝ չնայած ներքին և միջազգային հսկայական ճնշմանը», - նշել է նա:

Միացյալ Թագավորությունում Պաղեստինի առաքելության ղեկավարն ասել է, որ ճանաչումը նպատակ ունի դադարեցնել պաղեստինի ժողովրդի գոյության, նրա ինքնորոշման իրավունքի ժխտումը. «Սա պատմական օր է։ Իհարկե, ոչ միայն մեզ, այլ նաև բրիտանացի ժողովրդի համար... քանզի այն սկսում է շտկել պատմական անարդարությունը, տառապանքները, որ պատճառվել են պաղեստինցի ժողովրդին»:

Ավելի ուշ առաքելությունում միջոցառում է անցկացվել, որի ժամանակ Հուսամ Զոմլոտը ցուցադրել է Պաղեստինի դեսպանատան ցուցանակը:

Մերց. ճանաչման համար հիմա ամենահարմար պահը չէ

Գերմանիան կհետաձգի Պաղեստինի ճանաչումը մինչև համաձայնեցվի երկու պետության սկզբունքի հիմա վրա խնդրի լուծումը: Կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է՝ ճանաչման համար հիմա ամենահարմար պահը չէ:

«Մենք շարունակում ենք նման ճանաչումը համարել երկու պետությունների լուծման ճանապարհին վերջին քայլերից մեկը, այլ ոչ թե առաջինը», - ընդգծել է նա:

Ակնկալվում է, որ Ֆրանսիան ևս կճանաչի Պաղեստինի պետությունը

Այս ֆոնին այսօր Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան Պաղեստինին, Գազայի ճգնաժամին նվիրված գագաթնաժողով են նախաձեռնել ՄԱԿ-ում: Ակնկալվում է, որ Ֆրանսիան ևս կճանաչի Պաղեստինի պետությունը։

Նախագահ Էմանյուել Մակրոնը ավելի վաղ ասել էր, որ ճանաչումը նպատակ ունի խաղաղ ապագա առաջարկել պաղեստինցիներին և մեկուսացնել «Համաս»-ին։ Երեկ էլ է կրկնել նույնը, շեշտել՝ Ֆրանսիան ցանկանում է, որ անհապաղ հրադադար հաստատվի, վերականգնվի մարդասիրական օգնությունը Գազա:

«Ֆրանսիան ուզում է, որ լինի երկու պետություն, որոնք խաղաղ կապրեն կողք կողքի։ Իսրայել պետություն, որը կճանաչի Պաղեստինի պետությունը, Պաղեստին պետություն, որը կճանաչի Իսրայելի պետությունը», - ընդգծել է Մակրոնը:

Գազայի բնակիչները ողջունում են Պաղեստինի ճանաչումը, սակայն թերահավատ են

Գազայի բնակիչները ողջունում են Պաղեստինի ճանաչումը, սակայն թերահավատ են, որ դա կազդի Իսրայելի գործողությունների վրա:

«Նույնիսկ եթե Պաղեստինի ճանաչումը նախաձեռնողների շարքում են Ավստրալիայի, Կանադայի և Ֆրանսիայի նման երկրներ, կարծում եմ՝ Իսրայելի վրա դեռ լուրջ ճնշում չի գործադրվի՝ պաղեստինցիների իրավունքներն ապահովելու համար», - ասաց տեղահանված պաղեստինցի Նաբիլ Ջաբերը:

«Ցանկանում ենք հասնել արդար խաղաղության, այլ ոչ թե դատարկ խոսքերի... Ցանկանում ենք, որ Գազայում և Արևմտյան ափում պաղեստինցի ժողովրդի համար ապահովվի անվտանգություն և կայունություն», - նշեց մեկ այլ տեղահանված պաղեստինցի Զուհայր Ալ-Ղուլը։

Վերջին մեկ օրում 61 պաղեստինցի է սպանվել

Հոկտեմբերի 23-ին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից հետո Գազայում իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով ավելի քան 65 000 պաղեստինցի է սպանվել, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել ավելի քան 166 000-ը։ Իսրայելական կողմն ունի 1200 զոհ:

Այս պահին մոտ 650 000 մարդ դեռ Գազայում է, որտեղ Իսրայելն անցած շաբաթ ցամաքային գործողություն է սկսել: Վերջին մեկ օրում 61 պաղեստինցի է սպանվել: Շատերը ստիպված են լքել Գազան:

ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովն անցած շաբաթ զեկույց էր հրապարակել, ըստ որի՝ 2023-ի հոկտեմբերից հետո Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել: Պաղեստինն առ այսօր ճանաչել է ՄԱԿ-ի 151 անդամ:


XS
SM
MD
LG