Արդեն չորս ամիս ճաղերից այն կողմ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա համախոհները շարունակում են պնդել՝ իրենց մեկուսացրեցին, որ հեռու պահեն քաղաքական գործընթացներից:
«Առնվազն գոյություն ունի նենգափոխում՝ իրադրությունների, դեպքերի, խոսքերի, սա հստակ արձանագրված փաստ է», - հայտարարեց Գալստանյանը:
Անցած տարի փողոցային ակցիաներով վարչապետի հրաժարականը պահանջող Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու նրա համախոհները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար: Մեղքը չընդունող հոգևորականն այսօր էլ դատարանում անդրադարձավ մեղադրանքին, իրավապահների ներկայացրած ապացույցներից գաղտնալսումներին, որտեղ լսվում է նաև իր ձայնը, որ ենթադրաբար խոսում էր «գյուլլելու, սպանելու մասին»: Նորից պնդեց՝ դրանք մոնտաժված են, խեղաթյուրված, ու այս մասին իրենց բազմաթիվ պնդումներից հետո իրավապահները որևէ գործ չհարուցեցին՝ պարզելու, թե ով կամ ովքեր են մոնտաժել, կեղծել:
«Մենք, այո, պաշտպանները մեր, հանցագործության մասին հաղորդում են տվել, և հիմա ես հրապարակային նորից եմ կրկնում դա», - ասաց արքեպիսկոպոսը:
Գալստանյանը ստախոս անվանեց գլխավոր դատախազին ու Քննչականի ղեկավարին, որոնք իրենց հարցազրույցներում խոսել էին այս ձայնագրություններից: Նորից պնդեց՝ իր այս խոսքը թող համարեն հաղորդում հանցագործության մասին:
«Այս հրապարակային արձանագրումներին բացարձակապես ոչ մի իրավական հետապնդում, հետաքրքրություն՝ լինի դա մեղադրողների կողմից, լինի դա իրավապահ համակարգի այլ իրավասու մարմինների կողմից, տեղի չի ունեցել երկու ամսից ավելի: Փաստացի, հանցագործության մասին այստեղ հաղորդում է տրվել», - նշեց արքեպիսկոպոսը:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը, որ պարբերաբար հորդորում է արտահայտվել առանց վիրավորանքների, այսօր էլ ըստ էության չքննեց մեղադրյալների ներկայացրած միջնորդությունը: Նրանք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը, պնդում են, որ այդ, ըստ իրենց, կեղծ ձայնագրությունների հիման վրա գործ չպետք է քննվի: Մինչդեռ դատավորը հակադարձեց՝ քանի դեռ ինքը չի հետազոտել այդ ապացույցները, չի կարող տեսակետ հայտնել:
«Եթե դռնբաց դատական քննության ընթացքում, հիմնական դատալսումների ընթացքում դատարանը որևէ ապացույց չի հետազոտել, ընդամենը կողմի կարծիքը լսելով դատարանը չի կարող որևէ եզրահանգում կատարել և որոշում կայացնել, որովհետև դա կդիտվի արդեն կողմնապահություն», - հայտարարեց Ֆարխոյանը:
Այսօր դատարան չէր եկել ուղիղ երկու շաբաթ առաջ այս գործով նիստից հետո ձերբակալված, ապա կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նա օրերս է ազատ արձակվել գլխավոր դատախազի որոշմամբ՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով: Այս գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Կոչուբաևը մեղադրվում է ֆեյսբուքյան գրառման համար. հոգևորականների կալանավորումից հետո նա կոշտ, վիրավորական բառապաշարով քննադատել էր քննիչներին, դատախազներին: Կոչուբաևի փոխարեն մեղադրյալին կպաշտպանի նրա գործընկերը:
Դատական նիստի երկրորդ մասն այսօր անցավ փակ դռների հետևում. դատարանը քննեց ու որոշեց վերացնել գլխուղեղի քաղցկեղ հաղթահարած մեղադրյալ Աղվան Արշակյանի տնային կալանքը, որ նա կարողանա բուժհաստատություններում հետազոտություններ անցնել: