Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. TRIPP-ը բացում է նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

«Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով այսօր Դուշանբեում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում:

Պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստում իր ելույթում Հայաստանի վարչապետն ասել է. - «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովից հետո, նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր, որում արձանագրվում է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»։

Մեջբերում կատարելով Վաշինգտոնի հռչակագրից, Փաշինյանն այնուհետև շարունակել է.

«Հռչակագրում մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներս, վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Նաև արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։

Սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։
TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար»։

Ապա, Կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն, վարչապետը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի՝ այս տարվա մարտին համաձայնեցման և Վաշինգտոնում դրա նախաստորագրման մասին:

«Այս փաստաթուղթը ևս հղվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։
Այս համատեքստում, կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններին։ Համապատասխանաբար, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, և այդ տարածքները ներառող սահմաններն անձեռնմխելի են»։

«Հուսով եմ և համոզված եմ, որ մենք մոտ ապագայում կստորագրենք և կվավերացնենք նաև այս համաձայնագիրը», - հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ հատկանշական համարելով, որ 2024-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են իրենց առաջին երկկողմ փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը. - «Այս կանոնակարգում ևս Համագործակցության հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, ամրագրված է որպես երկու երկրների միջև միջպետական սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք։ Այս սկզբունքի հիման վրա 2024 թվականին սահմանազատվել է մեր երկրների միջև պետական սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը»։

«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները, և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության հաստատման կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ էլ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար, և այն տեղի ունեցավ։ Խաղաղությունն այլևս իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար», - իր ելույթը եզրափակել է Հայաստանի վարչապետը:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG