Մատչելիության հղումներ

Գյումրիի համայնքապետարանից ձերբակալված կանանցից մեկը ՔՊ-ական պատգամավորի զոքանչն է


Երեկ Գյումրիի համայնքապետարանից ձերբակալված երեք կանանցից մեկը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է: Ըստ քննչականի, կրթության բաժնի 3 աշխատակիցները, աշխատանքից ազատելու սպառնալիքով, մյուսներին ցուցում են տվել, որպեսզի հրահանգեն իրենց ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին՝ երեխաներին տուն ուղարկել ու անձնակազմի հետ անմիջապես մեկնել Գյումրու քաղաքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:

Հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալում էին Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին, իսկ քաղաքապետարանի դիմաց նրա աջակիցների հավաքն էր, տեղի ՔՊ-ականները տեսանյութեր էին հրապարակում փակ մանկապարտեզներից:

Պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր նախ զարմացավ, թե որտեղից մեզ նման տեղեկություն, որ ձերբակալվածը իր զոքանչն է, ապա հաստատեց. «Ես չգիտեմ՝ նման տեղեկատվություն ձեզ որտեղից, ես էլ եմ իմացել, այս պահին հստակ տվյալներ չունեմ: Վարդուհի Փիլոյանն իմ զոքանչն է, բայց թե ինչ կարգավիճակ ու ինչի հետևանքով է... իմ զոքանչն է, այո, աշխատում է Գյումրու համայնքապետարանում, առաջատար մասնագետ է, մնացած մանրամասներին այս պահին չեմ տիրապետում»:

Սարուխանյանը հավելեց՝ կապ չունի՝ ով է ձերբակալվածը, եթե կա օրենքի խախտում, պետք է պատասխանատվություն կրեն: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Վարդան Ղուկասյանի ամենակոշտ քննադատի զոքանչն աջակցել է Վարդան Ղուկասյանին: Արդյոք տարբեր հայացքներ ունե՞ն. «Իմ զոքանչը հարում է մեր քաղաքական հայացքները, միանշանակ ՔՊ-ի»:

Սարուխանյանը պնդում է, թե զոքանչին պարտադրել են. «Իմ ունեցած տեղեկություններով՝ համայնքապետարանի աշխատակիցներին, անկախ իրենց հայացքներից, պաշտոնյաներ, ոչ պաշտոնյաներ, պարտադրել են, ստիպել են, որպեսզի իրենք հեռախոսազանգեր կատարեն, մնացածն արդեն կպարզեն համապատասխան մարմինները, դա արդեն մեր տիրույթի հարց չէ: Այն, որ պարտադրանքներ եղել են, ես իմացել եմ, որ ստիպել են այդ խառը իրավիճակում»:

Ավելի վաղ էլ քաղաքապետի խորհրդականն ու բաժիններից մեկի ղեկավարն էին ձերբակալվել: Վաղը կլրանա 72 ժամը, նրանց կա՛մ մեղադրանք է առաջադրվելու, կա՛մ ազատ են արձակվելու:

Թե ընդհանուր քանի ձերբակալված կա հոկտեմբերի 20-ին հարուցված քրեական վարույթի շրջանակներում, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել ու խափանման միջոց ընտրվել, դեռ այնքան էլ հստակ չէ: Քննչականից խոստացել են՝ ավելի ուշ տեղեկություն կտրամադրեն:

Ի մի բերելով այս օրերին իրավապահների հայտնած տեղեկությունները, ստացվում է՝ Գյումրիում հոկտեմբերի 20-ի իրադարձությունների հետևանքով ավելի քան չորս տասնյակ մարդ է ձերբակալվել շաբաթասկզբից: Գործը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով, 15 հոգի արդեն կալանքի տակ է:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձավ հարցին, թե Վարդան Ղուկասյանի ձերբակալության ժամանակ ինչո՞ւ էին այդքան շատ ոստիկաններ բերվել Գյումրի. «Քաղաքապետարանի շենք են գնացել խուզարկություն կատարող քննիչները, նրանց աջակցող օպերլիազորները ու ոստիկանության որոշակի աշխատակիցներ, բայց ոչ մեծաթիվ: Հետագայում, երբ որ պրոցեսն ընթացքի մեջ էր, ականատես եղանք, որ համայնքի ղեկավարի տեղակալների, այլ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարություններ կատարվեցին, որով քաղաքացիներին կոչ էր արվում հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի օրինական գործողություններին և արգելել, որպեսզի վարույթ իրականացնող քննիչն ի կատար ածի անձին ձերբակալելու մասին որոշումը: Տվյալ պահից սկսած, բնականաբար, նոր ուժեր ներգրավվեցին, որպեսզի հնարավոր լիներ օրինական գործողությունների կատարումը ապահովել»:

Իսկ թե ինչո՞ւ չէին ծանուցել, որ իրավապահներին ներկայանա, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանեց. «Առաջին գործողությունը, որ անում ենք, ոչ միայն այս դեպքում, այլ նաև բազմաթիվ այլ վարույթներով, խուզարկություններն են, այսինքն միաժամանակյա խուզարկություններ են կատարվում: Սույն դեպքով ևս միաժամանակյա, եթե չեմ սխալվում 10 և ավելի հասցեներում, կատարվել են խուզարկություններ: Խուզարկությունը, բնականաբար, ինքն իրենից ենթադրում է անակնկալ գործողություն, այլապես այն կհամարվեր ինքնանպատակ: Անակնկալ գործողությունների դեպքում մենք չենք կարող վարույթի մասնակիցներին ծանուցել, որ այսինչ օրը, այսինչ ժամին գալու ենք ձեր մոտ խուզարկության կամ դուք ձերբակալվելու եք»:

Ինչո՞ւ էին իրավապահները վազում ու վազեցնում նաև Վարդան Ղուկասյանին, Արթուր Նահապետյանն արձագանքեց. «Հավանաբար նպատակն այն էր, որպեսզի էդ հավաքված բազմությունը հնարավորություն չունենար հասանելիություն ունենար»:

Կաշառք ստանալու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանի փաստաբաններից Զարուհի Փոստանջյանն այսօր ահազանգել է, թե Գյումրիի քաղաքապետին ևս մեկ մեղադրանք են պատրաստվում առաջադրել: Իրավապահներն առայժմ այս մասին տեղեկություն չեն հայտնել:

XS
SM
MD
LG