Ո՞ւմ գրպանն են գնացել Վանաձորում փողոցային առևտուր անողներից գանձված գումարները: Կասկածներ կան, որ համայնքի բյուջեի փոխարեն քաղաքապետարանի աշխատակիցների անձնական հաշիվներին են փոխանցվել:
Վանաձորում իրավապահները դեռ երկու տարի առաջ նման կասկածով քրեական վարույթ են հարուցել: Բայց երկու տարի անց՝ առաջընթաց չկա, մեղադրյալներ՝ նույնպես։ Քննչական կոմիտեն հաստատում է՝ գործը կա, հոդվածը լուրջ է՝ իշխանական լիազորություններն օգտագործելով գույք հափշտակելը։ Բայց թե ինչու է քննությունը տեղում դոփում, Քննչականից չեն պարզաբանում։ «Ազատությանը» հայտնի է, որ գումար գանձողները քաղաքապետարանի աշխատակիցներ են, որոնք դեռ իրենց պաշտոնին են։
«Ո՞ւր ա գնացել էդ գումարները, եթե համայնքապետարանի բյուջե չի գնացել, եթե պետության բյուջե չի գնացել, ո՞ւմ գրպանն ա գնացել, ո՞րտեղ ա գնացել, ո՞վ կամ ովքե՞ր են հավաքել: Դա ես գիտեմ, իրանք ինձանից լավ գիտեն». - հարցը վերջերս բարձրաձայնել է վանաձորցի Ռոբերտ Աղազարյանը, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, Ֆեյսբուքում վարչապետին գովերգում է, բայց Վանաձորի իշխանություններին՝ անողոք քննադատում։
«Ի լուր աշխարհի ասում եմ ձեզ բոլորիդ, որ «Լաչինի միջանցքի» ապօրինի, Վանաձորի՛ «Լաչինի միջանցքի», ապօրինի առևտրի, շրջանառության, տեղերի հատկացման, սակայն գումարները թե ուր են գնում, ոնց են գնում ... մարզպետը տեղյակ ա նորանշանակ», - հայտարարում է Աղազարյանը:
Շուկայի առևտրականների համար սա արգելված թեմա է, որևէ մեկը չհամաձայնեց խոսել տեսախցիկի առաջ: Ոմանք անգամ այնքան ագրեսիվ էին, որ նախ արգելում էին տարածքում նկարահանումներ անել, հետո ձեռնամարտի բռնվեցին մի քաղաքացու հետ, որ փորձեց ասել, թե ոչինչ էլ չի լինի, եթե տարածքում պարզապես նկարահանումներ արվեն:
Ենթադրյալ ապօրինությունները տեղի են ունեցել համայնքի գործող ղեկավար Արկադի Փելեշյանի օրոք։ Նրան Փաշինյանը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 2022-ին՝ նախորդ համայնքապետի կալանավորումից հետո։ Իրավապահների տվյալներով՝ շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում յուրաքանչյուր առևտրականից օրական 350 դրամ են ստացել։ Քննչականից չեն ասում՝ ընդհանուր որքա՞ն գումար է հափշտակվել, միայն նշում են, որ խոշոր չափերի չի հասնում։ Ընդ որում, ըստ իրավապահների, ապօրինի գանձումները կարճ ժամանակահատվածում են տեղի ունեցել: Մինչդեռ ՔՊ-ական Աղազարյանը պնդում է՝ գումարները մինչ օրս էլ գանձվում են՝ ոչ թե համայնքապետարանի, այլ աշխատակիցների անձնական բանկային հաշիվներին. - «Ինձ մի պաշտոնյա ղեկավար ասաց, որ գտնվել են ևս, հիմա ինքն էլ ա լսում, ինքն էլ ա լսում, ևս նոր հաշվեհամարներ»:
«Կրկնում եմ՝ քաղաքապետարանի կողմից նման բան չի արվում». - քաղաքապետարանից հերքում են։ Փողոցային առևտուրն անօրինական է՝ ոչ նախկինում, ոչ էլ այժմ վարձավճար չեն գանձել։ Մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանն ասում է՝ ապօրինի առևտուրը հանդուրժում են, առևտրականներին չեն հեռացնում փողոցից զուտ սոցիալական նկատառումներով՝ բարի կամքով. -«Ինչ-որ ճնշումներ չեն արվում, էլի, շուկան հանելու և այլնի առումով, որովհետև մեր քաղաքացիներն էլ են սովոր, ընդ որում՝ մարդիկ իրենց տների և սեփական խանութների դիմաց են իրականացնում առևտուրը, այս մասով, այսպես ասած, համաձայնություն կա ներքին, որ դեռևս շարունակվի, մինչև որ քաղաքը կկարողանա, համայնքը կկարողանա այնպիսի սեփական հատված տրամադրել, որ հենց շուկա որպես ծառայի»:
Ավետիքյանն ասում է՝ քաղաքապետարանի աշխատակիցները հաճախ երևում են շուկայում ոչ թե գումար հավաքելու, այլ վերահսկելու համար. - «Պարբերաբար մեր առևտրի բաժնի աշխատողները, տեսուչները հսկողությունը ամենօրյա են անցկացնում, բայց պարբերաբար, երբ որ տեսնում ենք արդեն շատ են փորձում ընդլայնվել, որոշակի խիստ մոտեցում են ցուցաբերում, որպեսզի դա, ամեն դեպքում, լինի հնարավորինս վերահսկելի»:
Մինչդեռ այս հարցում սուր պայքար սկսած Աղազարյանը հակադարձում է՝ եթե համայնքապետարանը թույլատրում է այստեղ ապօրինի առևտուրը, ուրեմն` շահեր ունի. - «Արել ե՞ք, հաշվեհամարները գտել ե՞ք: Խոստացել եք, որ գոնե վերջին տարիների՝ երկու-երեք, ինչպես որ բերանով նշել են, գումարները հետ պիտի գանձեն: Հա լավ, ո՞վ չգիտի, ամբողջ օրը ընգած էդ առևտրականների մոտ ո՞վ ա գնում-գալի, գնում-գալի, սրան, նրան, ընդեղ, ընդեղ, էն ծաղիկ ծախողին, էն ձուկ ծախողին, էն միս ծախողին, ձմերուկ-եմիշ ծախողի մոտ ո՞վ ա գնում համայնքապետարանից, ով ա՞ գնում: Բոլորը, ովքեր կապ ունեն մարզպետարանի և համայնքապետարանի հետ»:
Իրավիճակն արտառոց է՝ ՔՊ-ականը քննադատում է իր կուսակցական առաջնորդի՝ վարչապետի նշանակած պաշտոնակատարին, քաղաքապետարանը հերքում է, թե գանձումներ է արել երբևէ, իրավապահներն էլ քրեական գործ ունեն, բայց առաջ չեն գնում, իսկ առևտրականները լռում են՝ արդյո՞ք ամենօրյա վճարումներ են անում անհատական հաշվեհամարներին: Քաղաքապետարանի մամուլի խոսնակը մեղադրողներին հորդորում է դիմել իրավապահներին։
Մինչդեռ համայնքային իշխանության քննադատներից մեկը՝ Ռոբերտ Աղազարյանն անգամ հեռուն է գնացել ու հայտարարել, թե տեղեկություններ ունի, որ իրավապահներին քրեական գործը փակելու պահանջներ են հասել. - «Ծիտիկները եկան և ասեցին, որ ոստիկանության պետին՝ բաժնի պետին այստեղի, ասվել ա, որ «այդ գործը փագեք»: Ո՞վ ա ասել, կամ ո՞վ կարող ա ասած լինի. դրա մասին կիմանանք հետո, եթե գործը փակվի»:
Թե ումից են պահանջները, «Քաղաքացիական պայմանագրի» անդամը չի մանրամասնում։ Բայց խոստանում է գնալ մինչև վերջ՝ քաղաքապետարանի ապօրինությունները բացահայտելու համար։
«Ապօրինություններն ու անօրինականությունները պիտի վե-րա-նա՛ն», - ընդգծում է Աղազարյանը: