Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մի քանիսը, որոնց գործունեությունը խաթարվել էր ավիաընկերությունների վրա կիբերհարձակման հետևանքով, դեռ չեն վերականգնել բնականոն աշխատանքը:
Բրյուսելն ավելի վաղ դիմել էր ավիաընկերություններին՝ խնդրելով երկուշաբթի օրը նախատեսված թռիչքների կեսը չեղարկել շարունակվող խնդիրների պատճառով։
Ուրբաթ օրը հաքերները հարձակվել էին գրանցման և տոմսերի վերահսկման համակարգեր մատակարարող Collins Aerospace ընկերության վրա՝ խափանելով Լոնդոնի «Հիթրոու» (Եվրոպայի ամենաբեռնված օդանավակայանը), Բեռլինի և Բրյուսելի օդանավակայանների աշխատանքը։
Չնայած կիրակի օրը, ըստ օդանավակայանների պաշտոնյաների և տվյալների, Բեռլինում և Հիթրոուում իրավիճակը զգալիորեն թեթևացել էր, ուշացումները և չեղարկումները դեռ շարունակվում էին։